Լրահոս
Օրվա լրահոսը

Armenian Military portal-ի հրապարակած փաստաթղթերի վերծանումը եւ ՊՆ-ի պարզաբանումը

Նոյեմբեր 15,2020 16:46

Armenian Military portal տելեգրամյան ալիքը հրապարակել է մի քանի փաստաթղթերի լուսանկարներ՝ գրելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ նրա տեղակալ Մակար Համբարյանը, ինչպես նաեւ Դավիթ Տոնոյանի վաղեմի ընկեր Դավիթ Գալստյանը՝ զենքի վաճառքով զբաղվողների շրջանում հայտնի որպես «Патрон Давид», զբաղվել են Թուրքիային զենքի վաճառքով՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար: Աղբյուրի տվյալներով՝ Դավիթ Գալստյանի համար մի քանի երկրներ մուտքն արգելված է, այդ թվում՝ Ռուսաստան եւ Ուկրաինա:

Aravot.am-ը փորձել է հնարավորինս ճշգրիտ վերծանել փաստաթղթերի բովանդակությունը:

1․ Այսպես, «ամենահինը» 2016թ.-ի դեկտեմբերի 19-ով թվագրված փաստաթուղթ է (ռուսալեզու նամակ), որում ի պատասխան Անկարայում գրանցված ընկերության ներկայացուցիչ ոմն պրոֆեսորի ցուցաբերած հետաքրքրության՝ «MOSSTON ENGINEERING» ընկերության տրամադրության տակ գտնվող չկառավարվող ավիացիոն հրռիթների վերաբերյալ, հայտնում են հետեւյալը. «Տվյալ հրթիռները՝ 4232 հատ, գտնվում են իրենց տրամադրության տակ պահեստներում՝ համապատասխան պայմաններում: Յուրաքաչյուրի գինը 1400 դոլար է՝ այդ թվում բեռնումը ինքնաթիռ (FCA аэропорт Ереван): Ապրանքը հանդիսանում է ընկերության սեփականությունը, դրանց լուսանկարները (պահեստից) կցված են նամակին»:

Նշվում է, որ ապրանքի զննությունը կարող է կազմակերպվել նամակի հասցեատիրոջ համար հարմար ժամանակի՝ Երեւանում. «Ուղարկեք ձեր ընկերության ներկայացուցիչների անձնագրերի պատճեները, ովքեր պետք է անցկացնեն զննումը, եւ մենք կապահովենք նրանց ընդունելությունն ու ուղեկցումը: Հայտնեք մեզ նաեւ, թե որ երկրի քաղաքացի են հանդիսանում մասնագետները, որոնք պետք է գան ապրանքը տեսնելու: Լրացուցիչ խնդրում ենք հայտնել, թե որ երկիրն է հանդիսանում ապրանքի վերջնական օգտագործողը: Շնորհակալ ենք համագործակցության համար: Հարգանքով՝ տնօրեն Դավիթ Գալստյան»:

2․ Մեկ այլ՝ 2018թ. հունիսի 14-ին կնքված փոխառության պայմանագրի համաձայն՝ ՀՀ ՊՆ-ն, ի դեմս նախարար Դավիթ Տոնոյանի, տրամադրում է 3,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն «MOSSTON ENGINEERING» ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Գալստյանի: Փոխառությունը տրամադրվում է անտոկոս՝ մինչեւ նույն թվականի հուլիսի 15-ը… (հաջորդիվ նշվում են փոխառության պայմանագրի կետերը): Վերջում առկա են Դավիթ Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի ստորագրությունները, ինչպես նաեւ՝ «MOSSTON ENGINEERING» ընկերության հայաստանյան բանկի դոլարային հաշվեհամարը:

 

3․ Մյուս՝ անգլալեզու փաստաթղթում, որը «MOSSTON ENGINEERING»-ը հղել է պարոն Сenk Tarhun-ին («Ignis»-ի meneging partner), երկու ապրանքատեսակի՝ 4 միլիոն եւ մոտ 10 միլիոն 560 հազար քանակի 7,62 մմ տրամաչափի երկու տեսակի ապրանքի (փամփուշտների) գնառաջարկ է արվում եւ նշվում, որ առաջարկն ուժի մեջ է՝ պայմանով, որ մինչեւ 2018թ. օգոստոսի 25-ը հասցեատիրոջ կողմից պետք է ներկայացվի վերջնական օգտագործողի հավաստագիր, հակառակ դեպքում ապրանքը կվաճառվի այլ գնորդի՝ Սաուդյան Արաբիայի իրենց գործընկերներին, երբ վերջիններս ներկայացվեն վերջնական օգտագործողի հավաստագիրը:

4 Հաջորդ անգլալեզու փաստաթուղթը հանդիսանում է վերը նշված փաստաթղթում հիշատակված՝ վերջնական օգտագործողի հավաստագիրը: Ձախ անկյունում նշմամբ՝ այն մակագրված է «Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության» անունով: Փաստաթղթում նշված են հետեւյալ կողմերը. որպես դիմող է հանդիսանում Ստամբուլում գրանցված ընկերություն, իսկ արտահանող (որից գնում է կատարելու Ստամբուլում գրանցված ընկերությունը)՝ Ղազախստանի Հանրապետությունում գրանցված «ԿազԹեքնոլոջի» ՓԲԸ-ն եւ «MOSSTON ENGINEERING»-ը:

Վերջնական օգտագործող է հանդիսանում Թուրքիայի ՊՆ-ն: Փաստաթղթում նշված է, որ Թուրքիայի ՊՆ-ն կատարում է գնման պատվեր՝ նախորդ փաստաթղթի կետերից մեկում նշված ապրանքի՝ 10 միլիոն 560 հազար քանակի 7.62×54 մմ տրամաչափի փամփուշտ, որն օգտագործվելու է իրավապահ մարմինների կողմից: Փաստաթուղթը ստորագրողներն են Ստամբուլում գրանցված «Օրիոն Մուհիմմադ» ընկերության ներկայացուցիչը, Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչը եւ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը:

5․ Հաջորդ փաստաթղթով՝ 2018թ. օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը Ռուսաստանի ФСВТС փոխտնօրեն Վ. Ն. Դրոժժովին ուղղված փաստաթղթում գրում է. «Հարգելի Վլադիմիր Նիկոլայեվիչ Դրոժժով, «РосОборонЭкспорт» բաժնետիրական ընկերության կողմից հուլիսի 31-ին ձեզ հասցեագրված նամակի հիման վրա, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ կողմից լիազորված «Ռոյալսիս Էնջիներինգ»-ի հուլիսի 6-ին դիմումով՝ խնդրում են տեղեկացնել «РосОборонЭкспорт»-ին»… որ իրենք պատրաստ են ստանալ X քանակի սպառազինություն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2013թ.-ին ստորգրված ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագրի:

6․ Մյուս փաստաթուղթը Դավիթ Փախչանյանի հրապարակած՝ կրկին 2018թ.-ով թվագրվող նամակը նույն նպատակն ունի: Այս եւ վերոնշյալ փաստաթուղթը չենք վերահրապարակում՝ նկատի ունենալով դրանցում նշված՝ սպառազինության տեսակի եւ քանակի մասին տվյալները: Նկատենք, որ Դավիթ Փախչանյանի նշյալ երկու նամակում գրված է, որ Դավիթ Գալստյանի ղեկավարած «Royalsys Engineering» ընկերությունը ՊՆ-ի կողմից լիազորված է բանակցություններ վարել, ռազմական նշանակության ապրանքների գնման պայմանագրեր ստորագրել, վճարել դրանց համար, ինչպես նաեւ՝ կազմակերպել դրանց տեղափոխումը Հայաստանի տարածք՝ ՀՀ ՊՆ կարիքների համար:

7․ Մյուս փաստաթուղթն էլ ապրանքի արտահանման արտոնագրի ստացման դիմում է, որով դիմողը Ղազախստանում գրանցված «ԿազՏեխնոլոգիա» ընկերությունն է, գնորդը՝ «MOSSTON ENGINEERING»-ը, իսկ վերջնական օգտագործողը՝ Թուրքիայի ՊՆ:

Շեշտենք, որ տելեգրամյան նշյալ ալիքի հրապարակած փաստաթղթերին այսօր անդրադարձել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ «ֆեյսբուքյան» էջում գրելով. «Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»:

Ավելի ուշ ՊՆ-ն մանրամասն պարզաբանում հրապարակեց.

Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։ Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի ընտրության մեջ և դա թողնելով իրավապահ մարմինների գործառույթներից բխող գործողություններին, հարկ ենք համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների.

Ներկայացվում է, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։

Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է շրջանառվող ապատեղեկատվությունը։

Ներկայացվում է, թե իբր անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարն ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Բացահայտ և լկտի սուտ է. պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիկ ավելին էր, քան նշված փոխառության չափը։

Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել պետական այլ կառույցի կողմից։

Նշվում է, թե իբր պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։

Բացահայտ և լկտի սուտ է. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակը, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, քան պետականորեն առաջարկվողը։

Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ կատարելու նպատակով։ Դրանք, թե՛ իրենց որակական և թե՛ գնային առումներով էապես տարբերվում են համազորային զրահաբաճկոններից ու զրահասաղավարտներից։Ավելին. դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՀՀ ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը, մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ակնհայտ ուղղորդում ունեցող այս և նմանատիպ այլ կեղծիքների ու տեղեկատվական մանիպուլյացիաների տարածումը, դա գնահատում որպես երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն միտված հանցավոր գործունեություն և դրանք տարածող լրատվամիջոցներից պահանջում իրենց ԶԼՄ-ներում տեղադրել հերքումներ, իսկ համախատասխան իրավապահ մարմիններից ակնկալում օպերատիվ արձագանք՝ փաստաթղթերի արտահոսքի հեղինակներին, տեղեկատվական արշավի կազմակերպիչներին ու տարածողներին բացահայտելու, նրանց նպատակները պարզելու և համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում։

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30