Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերոս Ալեքսանդրը տան միակ զավակն էր, ունի 3 անչափահաս երեխա. նրա հայրը զոհվել էր 1993 թ. պատերազմում

Նոյեմբեր 15,2020 15:41

Արցախա-ադրբեջանական պատերազմը վերստին ապացուցեց, որ հայ ժողովրդի արժանի զավակների համար հայրենասիրությունն ամեն ինչից վեր ու իրականությունից անդին հյուսված ոգեղենություն է: Այդ ոգու կրողները հանուն հայրենիքի գործեցին աներևակայելի սխրանքներ, որոնցով ոգեշնչվեցինք ու փշաքաղվելու աստիճան հպարտացանք, և որոնցով դեռ պիտի սերունդներ դաստիարակվեն…

Ալեքսանդր Համլետի Սարգսյան. հերոսի անուն, որը դարձավ հայրենասիրության, արժանի զավակի անմահ խորհրդանիշ: 1993 թվականին Ալիկը (ընկերները Ալեքսանդրին Ալիկ էին անվանում) 5 տարեկան էր, երբ հայրը` Համլետ Սարգսյանը, Արցախյան պատերազմում զոհվեց: Նրա հորը ընկերներն Արցախ էին կոչում` բացառիկ հայրենասիրության ու ոգու համար:

Մայրը` տիկին Արևիկը, Երևանում որդուն միայնակ մեծացրել է, նրան սնել է հայրենասիրությամբ ու դաստիարակել որպես հերոսի արժանի զավակ:

Ալիկը երազել է գեղեցիկ ընտանիք ունենալ, բազմազավակ հայր լինել: Երազանքը կատարվել է: Սիրած աղջկա` գեղեցկուհի Լիլիթի հետ նա ամուր ընտանիք է ստեղծել ու երեք զավակ ունեցել: Դեռ 10 ամիս առաջ է նրանց երազանքի որդին ծնվել: Երկու դուստր ունենալուց հետո Ալիկն ասել էր․ «Երազում եմ տղա ունենալ, նրան անվանել հերոս հորս` Համլետի անունով ու մեծացնել հայրենիքի զինվորի ոգով»:

Նվիրական երազանքը կատարվել է, նա փոքրիկ Համլետին գրկած այցելել է Եռաբլուր` հոր շիրիմին ու պատմել նրան, որ երկար սպասված փոքրիկ հերոսը ծնվել է, որն արժանի է լինելու խիզախ պապիկի անվանը:

Ալիկը նոր էր սկսել վայելել իր Համլետին, երբ պատերազմի բոթն առավ… Որքա՜ն երազանքներ մնացին անավարտ:
Պատերազմը սկսվելուն պես` սեպտեմբերի 27-ին, նա որպես կամավոր շտապել է առաջնագիծ: Ալիկը երիտասարդ հմուտ զինվորական էր, նա զարմանալի անվախ էր, մի քանի տարի աշխատել էր խաղաղապահ զորքերում, վերապատրաստվել էր Աֆղանստանում: Մեկնեց ռազմաճակատ` վայրկյան անգամ չհապաղելով, հոր վրեժը լուծելու, հայրենիքը պաշտպանելու անհագ մղումով:

Կինը` Լիլիթ Սարգսյանը, պատմում է. «Նոր էինք լսել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի լուրը, երբ Ալիկն ասաց, որ շտապ գնում է: Խնդրեցի, աղաչեցի, որ մի քիչ սպասի, որ 3 զավակների, մոր մասին մտածի, բայց նա անդրդվելի էր և ասաց.
«Եթե բոլորն այդպես մտածեն, ապա ո՞վ պետք է պաշտպանի հայրենիքը, մեր հողը, որի համար մեր հայրերը ու լիքը հերոս տղաներ կյանք են տվել»:

Նրա համար Արցախն ուրիշ աշխարհ էր, այն զուգորդվում էր հոր հետ: Նա ընկերների հետ հաճախ էր գնում Արցախ, այնտեղ արտակարգ հպարտություն էր զգում և ինչպես ասում էր․ «Արցախը մեր հայրերի, եղբայրների շնորհիվ է ազատ ու կանգուն»: Ալիկս գնաց իր հոր մոտ, այն հոր, որին չէր էլ հասցրել լավ ճանաչել, որին հրաժեշտ էր տվել 5 տարեկան հասակում, բայց որի կերպարն իր հոգում փայփայել էր և պաշտում էր: Երևի անդիմանալի կարոտել էր…»:

Ալիկն ապրեց 32 գարուն, իսկ մնացածը նվիրեց մեզ` իր ժողովրդին, իր հայրենիքին ու իր հրաշք զավակներին: Հավերժ փառք ու պատիվ, անմա′հ հերոս, խոնարհվում ենք կերպարիդ առջև:

Հ.Գ. Իսկ մենք պետք է այնպես ապրենք, որ արժանի լինենք նրան ու քաջաբար զոհված հայրենիքի սուրբ զավակներին…

Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30