Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները վարկաբեկում են պատերազմի բովով անցած բոլոր գեներալներին, գնդապետներին». Սամվել Թադեւոսյան

Նոյեմբեր 15,2020 14:30

Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին դատարանի մոտ սատարող մարդկանց թվում է Արցախյան գոյամարտի հերոսական դրվագները պատկերող «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

«Իմ կադրերում, որոնք վավերագրեր են պատերազմի, բազում հերոսներ են ամրագրված, որոնց սխրանքով, զոհաբերությամբ կարողացանք պահել Արցախի ազատությունն ու Հայաստանը… Գնդապետ Աշոտ Մինասյանն ունի բացառիկ կենսագրություն, բայց հանկարծ ինչ-որ բանսարկության, անհասկանալի պատմությունների բերումով հայտնվել է դատարանում, եւ բոլորիս հայտնի է, թե ինչ մեղադրանքով: Դժբախտաբար մենք չենք կարողանում փայփայել մեր հերոսներին»,-ասաց ռեժիսորը:

«Բոլորս այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք մեր գնդապետին, մեր զինվորին, մեր նվիրյալի պատիվը, եւ ոչ միայն Աշոտ Մինասյանի, այլեւ բոլոր նրանց, որոնք հայտնվել են այս վիճակում: Այս երեք պատերազմներին Աշոտ Մինասյանը մասնակցել է… Ես ուղղակի ֆրոնտում, խրամատում նյութ եմ պատրաստել 2016 թվականին այն մասին, թե ինչպես էր Աշոտ Մինասյանն իր երկու որդիների հետ ամենավտանգավոր հատվածում պաշտպանում Արցախի ու Հայաստանի փառքն ու պատիվը:

Այս պատերազմում եւս Աշոտ Մինասյանը առաջանագծում էր: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ Աշոտ Մինասյանը ոչ մի դիրք, ոչ մի սանտիմետր իր «Սիսական» ջոկատի հետ, որի հրամանատարն էր, չի նահանջել: Եվ այսօր հայտնվել է այսպիսի անհասկանալի վիճակում: Դրա համար զայրույթը, վիրավորվածությունը բոլորիս բերել է այստեղ՝ պարզելու իշխանություններից, թե որքա՞ն պետք է հետապնդեն, վարկաբեկեն մեր հերոներին: Ուղղակի ցավ եմ ապրում, որ գտնվում ենք այսպիսի վիճակում»,-հավելեց Սամվել Թադեւոսյանը:

Ռեժիսորի խոսքով. «Երկրի իշխանությունները պատերազմի բովով անցած բոլոր նշանավոր գեներալներին, գնդապետներին վարկաբեկում են, անպատվում, փորձում են իրենց ներկայացրած պատմությունները վերագրել այդ մարդկանց, ինչն ուղղակի բանսարկություն է եւ հարիր չէ իշխանությանը, հատկապես այն դեպքում, երբ գտնվում ենք պատերազմի մեջ, եւ օրհասը հասել է Հայաստանի սահմաններին»:

Սամվել Թադեւոսյանն ընդգծում է. «Մեր գերկենտրոնացումը պետք է միտված լինի նրան, որ կարողանանք համախմբել մեր ուժերը, վերացնել բոլոր բացթողումները, որ կատարվել են նախորդ իշխանությունների օրոք եւ զբաղվել ներկա խնդիրներով: 80000-ից ավելի փախստականներ կան Հայաստանում, ո՞վ է հոգ տանելու այդ մարդկանց համար, երբ շուտով ձմեռը վրա է տալու… Ես անհույս լավատես եմ, վստահ եմ, որ թույլ չենք տա ոչ մի ագրեսիա հետայսու: Պետք է լրջագույն ձեւով զբաղվենք մեր բանակաշինությամբ, կերտենք նոր տեսակի հայ, որն այլեւս չի զբաղվելու թալանով, չի մսխելու պետության ունեցվածքը, ընդերքը, պետք է մեր ամբողջ հայացքը կենտրոնացնենք մեր երկիրը շենացնելուն:

Հատկապես որ մոտակա վտանգի առջեւ ենք կանգնած՝ Մեղրի հատվածում մեզ պարտադրում են ճանապարհ տալ Նախիջեւանից դեպի Ադրբեջան: Դա այն հետահար, փուլային ծրագրերից մեկն է, որը Թուրքիան քանի դար է մտածում էր՝ Մեծ Թուրանը կազմավորի, բարձրանա վերեւ: Ցավոք, այդ մասին ամբողջ աշխարհը լռեց: Պահեստային խոսակցությունները, հորդորները դավաճանություն էին, աշխարհը դավաճանեց մեզ, թողեց մենակ բորենիների առաջ, մինչդեռ մեր թանկագին զոհերի շնորհիվ կարողանում էինք պահել այդ սահմանը: Ես ուզում եմ հասկանանք, որ մեր միակ դաշնակիցը մենք ենք, իսկ մեր ազգային ներուժը, գիտական պոտենցյալը բավարարում են, որ մեր եռանդը կենտրոնացնենք մեր հայրենիքը պաշտպանելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30