Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ է մնացել, երբ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը կզիջի Նիկոլ Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան

Նոյեմբեր 15,2020 13:50

«Դատարանից որեւէ սպասելիք չունեմ, ցավոք կարծում եմ, որ դատարանը Աշոտ Մինասյանի կալանքը կհաստատի: Սա Հայաստանում սկսված քաղաքական բռնաճնշումների, ռեպրեսիայի շղթայի մի օղակ է: Աշոտ Մինասյանն այն անձնավորությունն է, որը ողջ կյանքով ապացուցել է, որ ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, պատերազմի առաջին օրվանից նա գտնվում էր առաջնագծում՝ իր ջոկատով, որն 90-ականների պատերազմից հայտնի ջոկատներից մեկն է եղել: Եվ դա եղել է միակ դիրքը, որը մնացել է անառիկ, եւ որը ադրբեջանական բանակը չի գրավել:

Սա դասական քաղաքական հետապնդում է, եւ այսօրվա դեռեւս իշխող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր ողջ այսպես կոչված քաղաքական թիմը, մեկ միլիոներորդականը չեն արել այն ամենի, ինչ արել է Արցախի համար Աշոտ Մինասյանը, որն իմ մարտական ընկերն է եւ մեր ժողովրդի պարծանքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյան

Նա եւս դատարանի մոտ էր, որը քննում է Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Միանսյանի ձերբակալման իրավաչափության հարցը:

Դավիթ Շահնազարյանը հավելեց. «Ավելի քան վստահ եմ, որ քիչ ժամանակ է մնացել, երբ Աշոտ Մինասյանն իր բանտախուցը կզիջի Նիկոլ Փաշինյանին»:

ԱԱԾ նախկին տնօրենի ձեւակերպմամբ, այսօր Հայաստանը, Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը ունեն մեկ խնդիր՝ օր առաջ պաշտոնից հեռացնել պետական դավաճանություն գործած Նիկոլ Փաշինյանին: «Ես դեռ մայիս ամսին հրապարակայնորեն պահանջել եմ, որպեսզի գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստի եւ մեղադրանք հարուցի Նիկոլ Փաշինյանի հանդեպ՝ պետական դավաճանություն հոդվածով: Ես շատ եմ ցավում, որ մեր հասարակության մի զգալի հատված դեռեւս չի հասկանում, չի ընկալում աղետի այն մասշտաբները, որում այսօր գտնվում ենք: 1915 թ ցեղասպանությունից հետո սա ամենամեծ աղետն է հայ ժողովրդի համար, որը իրականացնում է հետեւողականորեն Նիկոլ Փաշինյանն արդեն 2,5 տարի…

Այսօր ոչ միայն կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի անունից, այլեւ ստորացված ենք, որ հանդուրժում ենք այսպիսի իշխանություն: Պատմության մեջ դեռեւս այնպիսի դեպք չի եղել, որ նման դավաճանությունից հետո որեւէ իշխանություն մտածի մնալ: Իսկ այսօր նա ասում է՝ կամ Հայաստան չի լինի, կամ ես պետք է լինեմ Հայաստանի ղեկավարը: Եվ միաժամանակ միջազգային հանրությունը պետք է հստակ տարանջատի Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանից: Նիկոլ Փաշինյանը ոչ իրավական, ոչ քաղաքական հիմք չունի խոսելու Հայաստանի Հանրապետության անունից: Եվ փորձում է այսպիսի բռնաճնշումներով, քաղաքացիական պատերազմի սպառնալիքներով քարշ տալ իր դավաճանական իշխանությունը»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30