«Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի, աթոռի ու անվտանգության համար պետական համակարգը դադարել է լինել պետական համակարգ ու դարձել է նիկոլական համակարգ, չկա ոչ մի իրավաչափություն, օրինականություն, անգամ արդարության նշույլ:
Այսօր այստեղ Աշոտ Մինասյանի ու Արթուր Դանիելյանի խափանման միջոցը ճակատագիրը չի որոշվում, այսօր այստեղից գյոռբագյոռ են անում մեր արժանապապատվությունը»,- դատարանի մոտ, որը քննում էր Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Միանսյանի ձերբակալման իրավաչափության հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:
Նրա խոսքով, երկիրը աղետի հասցրած քաղաքական իշխանությունը ոչ միայն չի հեռանում, այլ կապիտուլյացիա ստորագրողները փորձում են դատել այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են դրել զոհասեղանին, որպեսզի այդ կապիտուլյացիան չլիներ: «Մենք այստեղ ենք արժանապատվության համար, մենք այլեւս կորցնելու բան չունենք ու հիմա մեզ փորձում են վախեցնել մեր ազատությունը կորցնելու վտանգով: Ինձ սպառնում են, որ ես, իմ ավագ ընկերները կարող ենք հայտնվել բանտում, զրկվել կյանքից: Ավելի լավ է հայտնվեմ բանտում ու զրկվեմ կյանքից, քան շնչեմ նույն օդը դրանց հետ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հարցին, եթե միջնորդությունը բավարարվի, եւ Աշոտ Մինասյանը ձերբակալվի, ի՞նչ են անելու, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց, որ ըստ իրավիճակի կիրականացնեն իրենց գործողությունները: Ինչ վերաբերվում է ԱԱԾ տարածած տեսանյութին, նրա խոսքով, դա շինծու, սպիտակ թելերով կարված, Արծրուն Հովհաննիսյանի ոգով համեմված էժանագին ծաղրանք է. «Մտեք ցանկացած շենքի բակ, տեսեք թե ինչ պատիժ են ուզում հասարակ մարդիկ դավաճանների համար, եթե պատրաստ են տանսյակ հազարավոր մարդկանց ձերբակալել, այդքան տեղ ունե՞ն բերդերում… Հասարակության գլխի տակ փափուկ բարձ են դնում, թե Քելբաջարը պահելու ենք ու այդ պատրվակով մարդկանց չեն իջեցնում այնտեղից, որովհետեւ այդ մարդիկ էլ որ գան, տեսել են այդ ամեն ինչը, հստակ գիտեն հասցեատերերին:
Ստեղծված իրավիճակի համար ամենքը կրում են իրենց պատասխանատվությունը, այդ թվում նախկին իշխանությունը, բայց կապիտուլյացիայի թուղթ ստորագրել է Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ, կապիտուլյացիայի հասցրել է Նիկոլ Փաշինյանը՝ դիտավորությամբ եւ ապաշնորհությամբ ու այն մարդիկ, որոնք ողջ մնացին այդ մսաղացում, այդ ամենը տեսել են: Հիմա եկել են մեզ հեքիաթներ են պատմում Գորիսի խրամատներից, Լուսակերտի ուչեբկայից, մեզ փորձում ահաբեկել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ