Փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտնել էր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը ձերբակալվել է առանց իրավական եւ փաստական հիմքի տրամադրման:
Այժմ դատարանը քննում է Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցը:
Լրագրողների հետ զրույցում Աշոտ Մինասյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Արամ Վարդեւանյանը նշեց. «Տեսնենք դատական պրոցեսն ինչպես կգնա, դրանից շատ բան պարզ կլինի: Ես ուղղակի մի բան պարզաբանեմ՝ ես պետք է 11:30 այստեղ լինեի, բայց եղա 12-ին, որովհետեւ ԱԱԾ-ում էի գտնվում, պարոն Մինասյանին մեղադրանք էին առաջադրում: Ակնհայտ էր, որ ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվել: Ես ուղղակի վերկացել եմ ու գնացել ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից»:
Նրա խոսքով, փորձել են ամեն ինչ անել, որ ձերբակալման հետ զուգահեռ քննվի կալանավորման հարցը. «Այդպես էր եղել Արսեն Բաբայանի գործով, բազմաթիվ այլ գործերով: Սա ինձ համար բավականին տհաճ էր, որ նման կերպ կարելի էր վարվել, որովհետեւ երբ ինձ հետ ԱԱԾ-ից կապ հաստատեցին եւ խնդրեցին ներկայանալ, ես ուղղակի հարց տվեցի՝ արդյոք սա վերաբերվում է մեղադրանք առաջադրելուն կալանավորման միջնորդությանը: Ինձ բառացի ասացին՝ ոչ: Եվ գնում ներկայանում ես, ու այսպիսի գործողություններ են կատարվում»:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով, երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման հնարքների դիմել, դա խոսում է միայն քաղաքական գործընթացների մասին. «Ես վստահ եմ, որ լինելու է կալանավորման միջնորդություն, գործողություններն այդպիսին են, ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր»:
Արամ Վարդեւանյանը համոզված է, որ նույնը կլինի նաեւ գործով անցնող մյուս անձանց պարագայում: Նա կարծում է, որ ազգովի ավելի լուրջ հարցեր ունենք եւ դրանցով պետք է զբաղվենք. «Ունենք հերոսներ, որոնք այս ընթացքում մարտիրոսվել են, իրենց հիշատակը պետք է հարգենք, ոչ թե նման գործերով ծանրաբեռնենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ