Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյային չհասցրեց մեկնել, իսկ այս պատերազմում անմահացավ․ Հարություն Վարդանյան

Նոյեմբեր 15,2020 11:36

Ուղիղ մեկ ամիս է, ինչ կապանցի կամավոր 38-ամյա Հարություն Վարդանյանի (մտերիմների համար պարզապես Հարութ–հեղ․) 15-ամյա դուստր Մարիանան ու 13-ամյա որդին` Սամվելը հոր հետ կապված հուշերով են ապրում։ Հարութի մարտական ընկերներն են շատ բան պատմում ու անմահացած հերոսի զավակները փորձում են թշնամու դեմ անողոք կռված հոր կյանքի վերջին օրերի եւ ոչ մի դրվագ բաց չթողնել ։

Ադրբեջանի կողմից սանձազերծած սեպտեմբերյան պատերազմի հենց առաջին օրն էր ուզում կամավորագրել։ Կինը՝ Ռուզաննան, երեխաները համոզում էին, որ չգնա, առողջական խնդիրներ ուներ։ Զինկոմիսարիատում չասաց խնդիրների մասին, եկավ տուն եւ ի լոր բոլորի հայտարարեց՝ գնում եմ կռվելու։

Ռուզաննան արմատներով Հադրութից է։ Նրա հայրը 90-ական թվականների հայ–ադրբեջանական հակամարտության տարիներին կռվում էր եւ մինչեւ օրս ոչ մի տեղեկություն չկա։ Անհետ կորած ազատամարտիկ է համարվում։ «Ասաց՝ Ռուզան, գնում եմ, հորդ վրեժն էլ եմ հանելու ու հաղթանակած գալու եմ։ Թուրքը պիտի լավ օր չտեսնի»,–պատմում է կինը։

Սովորել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում։ Ծառայել է պաշտպանության նախարարությունում։ 22 տարեկանում է ամուսնացել, ասում էր՝ տղամարդը ինչքան շուտ ընտանիք կազմի, էնքան լավ։ Անհատ ձեռներեց էր, հոր հետ քարի մշակման արտադրամաս էին բացել։

«Ընկերասեր, բոլորին հասնող, բոլորի դարդուցավով ապրող տղա էր Հարութը։ Դուխով էր, անվախ, ոչ մի բանի առաջ չէր կանգնում։ Պետք էր՝ ուրեմն պիտի գնար, իմանար ինչով օգներ»,-պատմում է մանկության ընկերը՝ Վարշամը։ Հիշում է՝ ապրիլյան քառօրյային Հարութը զինկոմիսարիատ գնաց, ասացին՝ սպասի, պետք լինի, կկանչենք, կգնաս ռազմաճակատ։

«Բայց էդ անգամ պատերազմը կարճ տեւեց, չհասցրեց մեկնել։ Ինքն իրեն կարծես մեղավոր էր զգում, ասում էր՝ չթողեցին, գնամ մի քանի թուրք սպանեմ»,–պատմում է Վարշամը՝ ավելացնելով, որ սեպտեմբերյան պատերազմում երբ կամավորագրեցին, հպարտությամբ եկավ, ասաց՝ տղերք, գնում եմ։

«Ասում էր՝ հնգեր ջան, էս կռիվը կազինոյի նման ա, մեկին որ կրակեցիր՝ ընկավ, մնացածին կչրթենք»,–հիշում է մարտական ընկերը՝ Էրիկ Գաբրիելյանը։

Չնայած Հարութն ու Էրիկը Կապանից էին, բայց իրար հետ մտերմացան առաջնագծում։ «Գորիսի հավաքակայանում պարզվեց, որ մի ջոկատում ենք լինելու, ու առաջնագծում էլ, երբ բաժանեցին խմբերի, Հարութի հետ միասին նույն դիրքն էինք հսկում»,–պատմում է Էրիկը։

Վերջինիս խոսքով՝ Հարութը իրենց հրահանգում էր՝ խրամատից դուրս չգալ, մինչեւ ինքը չհետախուզի։ «Ասում էր՝ էս տարածքներին ես ծանոթ եմ, մի հատ տենամ ոնց ա վիճակը, նոր դուրս եկեք»: Մարտական ընկերոջ խոսքով, հենց մի քիչ հանգիստ վիճակ էր լինում՝ առաջարկում էր բլոտ խաղալ։

«Հարութը ասում էր՝ տղերք, թուրքին պիտի չվստահենք, էս հանգստությունը վտանգավոր է, հեռախոսով չենք կարա զբաղվենք, գոնե բլոտ խաղանք, որ հոգնածությունից չքնենք»,– վերհիշում է Էրիկը։

Ամեն օր, առավոտյան ժամը 7.30–ին զանգում էր՝ հարցուփորձ անում տնեցիներից, հորդորում ուժեղ մնալ ու սպասել իրան։ Վերջին անգամ հոկտեմբերի 12-ին զանգեց։ Ասաց, որ ինքը լավ է, իր համար չանհանգստանան ու չվախենան, քիչ մնաց՝ կվերադառնա։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին զոհվեց Ջաբրայիլում։

Հարութ Վարդանյանը անկոտրում բնավորություն ուներ, ոչ մի պարագայում ու ոչ մի բանից չէր հուսահատվում, չէր ընկճվում։ Այսօր էլ նրա հարազատներն ու ընկերները Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում էին, ուր իր նման շատ հերոսների հետ ամփոփված է Հարություն Վարդանյանը։ Ցավը հոգում ամբարած, արցունքը կոկորդում սեղմած՝ Հարութի մտերիմները չեն արտասվում․գիտեն՝ Հարութը լացել չէր սիրում։ Միայն հպարտանում են հանուն հայրենիքի անմահացած հերոսով եւ ասում՝ ներիր Հարութ, որ այսպես ստացվեց․․․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30