Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք դատապարտում ենք այդ համաձայնությունը եւ Նիկոլ Փաշինյանի քայլերը. հանրահավաք Գլենդելում

Նոյեմբեր 15,2020 10:45

ՀՅԴ Ամերիկայի կառույցի երիտասարդական թեւի նախաձեռնությամբ Գլենդելի հայությունը բողոքի հանրահավաք անցկացրեց նոյեմբերի 14-ի երեկոյան: Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհված հայ հերոս զինվորների հիշատակը:

ՀՅԴ Ամերիկայի կառույցի ներկայացուցիչը հայտարարեց. «Արցախյան պատերազմից 44 օր հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պարտվողական եռակողմ մի համաձայնագիր, որի արդյունքում հող ստեղծվեց Արցախի Հանրապետության տարածքների մեծամասնության զիջումի եւ կորստի համար: Մենք դատապարտում ենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված այդ համաձայնագիրը եւ պահանջում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ուզում եմ հիշել Գարեգին Նժդեհի՝ մի առիթով ասված խոսքը. «Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն»:

Սեպտեմբերի 27-ից սկսած, մեր ժողովուրդն Արցախում թիրախ դարձավ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հրահրված պատերազմի արդյունքում: Թշնամու նպատակն էր՝ Արցախի հարցը լուծել՝ բնաջնջելով եւ տեղահանելով Արցախի բնակչությանը: Այն իր նպատակին հասնելու համար որեւէ արգելքի դեմ կանգ չառավ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, արգելված հրթիռներ, ֆոսֆորային եւ կասետային ռումբեր, Սիրիայից բերված ահաբեկիչ վարձկաններ՝ ունենալով մեկ նպատակ. բնաջնջել հայ ժողովուրդը՝ իրականացնելով նոր ցեղասպանական արշավ:

Ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց միմիայն հիմնվելով իր սեփական ուժերի վրա՝ դիմագրավելու թշնամուն: Հազարավոր հայորդիներ կամավորագրվեցին եւ մեկնեցին ռազմաճակատ՝ զենքով դիմակայելու թուրքական ցեղասպան ծրագրին: Թիկունքում Հայաստանի քաղաքացիները ջանք ու եռանդ չխնայեցին ռազմաճակատին օգնելու եւ աջակցելու համար եւ նաեւ իրենց դռները բացեցին պատերազմի պատճառով բնակավայրերից տեղահանված իրենց արցախցի քույրերի ու եղբայրների առջեւ: Մեր Հայրենիքին աջակցելու համար հայկական սփյուռքը ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, համախմբվելով, կարճ ժամանակահատվածում նյութական աջակցություն ցուցաբերեց Արցախին եւ Հայաստանին, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծածավալ օգնություն ուղարկեց մեր հայրենակիցներին: Հազարավոր սփյուռքահայեր բողոքի ցույցեր եւ հանրահավաքներ կազմակերպեցին՝ բողոքելով Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմական հանցագործությունների դեմ, ինչպես նաեւ խաղաղության կոչեր անելով եւ պահանջելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Քաղաքական, դիվանագիտական մեծ աշխատանք տարվեց ամբողջ աշխարհով մեկ, որի մեջ իրենց մեծ տեղն ունեցան Հայ Դատի գրասենյակները: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակները ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում կարողացան ժամանակին ճիշտ տեղեկություն հասցնել տեղական, նահանգային եւ ֆեդերալ մարմիններին եւ ճիշտ դիվանագիտական պայքարի արդյունքում ունեցան ԱՄՆ պաշտոնյաների կողմից բազմաթիվ հայամետ հայտարարություններ:

Ամիսուկես յուրաքանչյուր հայ ջանք ու եռանդ չխնայեց զորակցելու Հայաստանին եւ Արցախին, պայքարելու ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ…

Մենք հավատացինք մեր հաղթանակին, մեր ժողովրդին եւ ղեկավարությանը: Սակայն այսօր մենք հուսախաբված ենք: Այդ նվիրումն ու զոհաբերությունը, որ մեր ժողովուրդը ցուցաբերեց, մեկ գրչով չեզոքացվեց, եւ Նիկոլ Փաշինյանը առանց օգտագործելու հայկական ամբողջ ռազմական ներուժը մի ազգադավ փաստաթուղթ ստորագրեց, որը անժամանակ սպառնալիք է Արցախի ժողովրդի ապահովության առումով եւ վտանգ է ՀՀ ապահովությանն ու ինքնիշխանությանը: Մենք ամբողջությամբ եւ միաձայնորեն մերժում ենք այսպիսի վտանգավոր եւ պարտվողական փաստաթուղթը: Մենք դատապարտում ենք այդ համաձայնությունը եւ Նիկոլ Փաշինյանի քայլերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30