Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գոտու երկայնքով լարվածություն կարող է առաջացնել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 15,2020 09:43

Ռուսական խաղաղապահ ուժերը մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ՝ զորքեր տեղակայելով ԼՂ տարբեր հատվածներում և հակամարտող կողմերի միջև շփման գծում: Նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության իրականացման գործընթացը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում:

Կրեմլի հաղորդման համաձայն՝ գոհունակությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում հաստատված անդորրը: Կրեմլը տեղեկացրել է նաև, որ նախագահ Ալիևի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջինիս ուշադրություն է հրավիրել համաձայնագրով Ադրբեջանին հանձնվող տարածքներում քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի առկայության փաստի վրա՝ ընդգծելով այդ սրբատեղիների պահպանման և դրանց բնականոն կյանքի ապահովման կարևորությունը:

Բաքուն, ըստ Կրեմլի, ցուցաբերել է խնդրի ընկալում՝ խոստանալով գործել այդ տրամաբանությամբ:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյցը ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը որակում է Մոսկվայի կարճաժամկետ հաղթանակ, որը սակայն իր մեջ պարունակում է Բաքվի և Մոսկվայի միջև որոշակի լարվածության առաջացման վտանգ երկարաժամկետում:

«Այս քայլը խթանում է Ռուսաստանի ազդեցությունը կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետում առկա են երկու զգուշավոր գործոններ: Առաջինը՝ ռուսական կողմի ուժերն այնտեղ են տեղակայվել առնվազն հինգ տարով, սակայն դուրս բերման դեպքում զինված ընդհարումները կարող են վերսկսվել: Բացի այդ, ռուսական ուժերի տեղակայումը շփման գոտու երկայնքով լարվածություն կարող է առաջացնել Ադրբեջանի հետ, քանի որ դրանց տեղեկայումը բխում է հիմնականում հայկական կողմի շահերից: Այսպիսով կարճաժամկետում դա Ռուսաստանի ձեռքբերումն է, որը ապահովում է խաղաղություն, սակայն երկարաժամկետում կարող են լինել բարդություններ, որոնք ամբողջությամբ դժվար է կանխատեսել»,- ասում է Վեյցը:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման կարևորությունը Ռուսաստանի համար նաև արտացոլված է ԼՂ հարցի շուրջ Ռուսաստանում միջգերատեսչական կենտրոնի ստեղծման նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացրել է Պուտինը ուժային կառույցների, արտգործնախարարության և այլ գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում:

«Տարածաշրջանի բնակիչների առավել հրատապ խնդիրների լուծմանը օգնելու համար անհրաժեշտ է ստեղծել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Դրա աշխատանքը կներառի Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Անվանգության Դաշնային ծառայության և Դաշնության այլ գերատեսչությունների ռեսուրսները», – նշել է Ռուսաստանի նախագահը:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով տեղի ունեցած վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մոսկվան ամենաազդեցիկ խաղացողն է այս տարածաշրջանում: Նա, սակայն, ընդգծում է, որ շատ հայերի մոտ առաջացել է հիասթափություն, թե ինչու Ռուսաստանն ավելի շուտ չի դադարեցրել ադրբեջանական հարձակումը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30