Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական պարեր են թնդացրել առաջնագծում․ պարուսույց Վահե Մելքումյանը դիրքերում էր

Նոյեմբեր 15,2020 00:04

Պարուսույց, ծնունդով երեւանցի Վահե Մելքումյանը 2002-2004 թվականներին Գորիսում է ծառայել։ Ծառայությունը ավարտելուց հետո որոշեց մնալ Գորիսում՝ սկսեց երեխաներին պար ուսուցանել։

Ամուսնացավ գորիսեցի Սոնա Մկրտչյանի հետ։ Իր իսկ խոսքով՝ «երեւանցուց դարձավ կիսով չափ գորիսեցի ու արդեն երեք դուստր ունեն»։ Նախ ստեղծեց «Սյունիք» պարային համույթը։ Հիմա արդեն գործում է «Վահե Մելքումյան» պարային դպրոցը, որտեղ պարի գաղտնիքներին է ծանոթանում մոտ 250 երեխա։ Ի դեպ, ժամանակին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի (պարային դպրոցի մասին՝ առաջիկայում–հեղ․):

Սեպտեմբերյան պատերազմի սկսվելու հենց առաջին օրվանից կամավորագրվեց։ Համապատասխան զինպատրաստություն անցավ։ «N հրամանատարական կորպուսի գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը իմ ընկերն է։ Վիրավորվեց, ու երբ տեսակցության գնացի, պատմեց, որ երիտասարդ զինվորներին բարոյական աջակցություն է պետք։ Դուխ տալ է պետք»,- պատմեց Վահեն։

Ընկերների հետ կամավորագրվեց եւ կցագրվեցին Խնձորեսկի զորամասին։ «Երիտասարդները կարծես չվստահեին ոչ մեկին, ընկճված էին, նեղված մի տեսակ։ Փորձեցի նրանց ոգեշնչել։ Ինձ թվում է՝ հաջողվեց ու այդ տղաների հետ դիրքեր բարձրացանք»,-մեզ հետ զրույցում նշեց Վահեն։

Դժվար ու բարդ էր, բայց կռվեցին։ «Չպիտի ընկճվեիր, չպիտի կոտրվեիր, որովհետեւ քեզ հետ կողք-կողքի՝ 18-20 տարեկան տղերք էին պայքարում։ Նրանց քաջալերել էր պետք»,-ասում է 41-ամյա պարուսույցը։


Իհարկե, առաջնագծում նաեւ պարել են։ «Երգել ենք, պարել ենք, հայկական մարտական պարեր ենք թնդացրել դիրքերում, ով չգիտեր՝ հնարավորինս սովորեցրել եմ։ Չնայած ազատ ժամանակը քիչ էր, բայց դե մտածեցի՝ թող պարել իմանան, սովորեցրի, ինչքան կարողացա»,-տպավորություններն է կիսում Վահեն։

Հիմա նրանց ջոկատը դեռ մարտական դիրքում է։ Հերթափոխով դիրքը պահում են։ Նույնիսկ փորձում են ճշտել, եթե հնարավոր է՝ Քարվաճառ գնան։


«Էս օրերի միտինգներին ընդհանրապես դեմ եմ։ Կարծում եմ նաեւ՝ դավաճաններ փնտրելու ժամանակը չէ։ Ավելի լուրջ մարտահրավերներ կան։ Իհարկե, կողմնակից եմ, որ ազգը ճանաչի իր դավաճաններին։ Բայց դա հետո»,–ասաց Վահեն՝ ավելացնելով, որ «ստեղծված իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր, քանի որ ինչպես պետք էր, այդպես չկարողացանք մեր երկիրը պահել»։

Արմենակ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30