Շարունակվում են ընդդիմադիր գործիչների ձերբակալություններն ու խուզարկությունները:
Մասնավորապես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ խուզարկել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը:
ԱԱԾ-ն բերման է ենթարկել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին: Բերման է ենթարկվել նաեւ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր անդամ Արթուր Դանիելյանը (լուսանկարում):
«Հենց նոր Դանիելյան Արթուրին տարան ԱԱԾ: Դավաճան եք Դուք, սաղդ դավաճան: Ծառայեք, այ տենց հայրենիքը ծախողին, ծառայեք: Ձեզնից ոչ մեկ սպայի արժանապատվություն չունի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը: Նա ուղիղ եթերում ցույց էր տալիս, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:
Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է. «Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ և երրորդ պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ օրը իր երկու տղաների և ջոկատի հետ մեկնելով առաջնագիծ։ Իհարկե իմ ներկայությամբ նշված անձանցից ոչ մեկ չկարողացավ նայել պարոն Մինասյանի աչքերի մեջ։ Գործը, բնականաբար, քաղաքական է։ Նորություն չեմ ասի, որ պարոն Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ»:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ