Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի դպրոցները մինչև պատերազմական դրության ավարտը կշարունակեն ուսուցումը հեռավար տարբերակով։
Այս մասին Aravot.am-ի հետ զռույցում վստահեցրեց ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Սաֆարյանը։
«Քանի որ դեռ ռազմական դրությունը դեռ չի ավարտվել, սահմանամերձ գյուղերը կշարունակեն իրենց դասընթացները հեռավար ռեժիմով։ Մարզում իհարկե կան մասամբ առկա, մասամբ հեռավար ուսուցում իրականացնող, իՆչպես նաև ամբողջությամբ առկա ուսուցման անցած դպրոցներ»,- նշեց Ռուզաննա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով բացի սահմանամերձ գյուղերից հեռակա ուսուցման են անցել նաև այն դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շատ են.
«Հիմնականում առկա ուսուցման են անցել այն դպրոցները, որտեղ աշակերտները չունեն քաղաքային տրանսպորտից օգտվելու կարիք, ինչպես նաև հնարավոր է մեկ մետր հեռավորություն պահպանել աշակերտների միջև»։
Կարդացեք նաև
Խոսելով Տավուշի մարզում ժամանակավորապես ապաստանած արցախցի երեխաների ուսուցման կազմակերպմանը, Սաֆարյանը վստահեցրեց, որ նրանք գտնվում են մարզպետարանի ուշադրության կենտրոնում և ամեն ինչ արվում է աշակերտների ուսումը պատշաճ կերպով ապահովելու համար։
«Արցախցիների մի մասը փոխել է իր բնակավայրը` հիմնականում գնալով դեպի Կոտայքի մարզ և Երևան։ Այս պահին մարզում կա մոտ 180 աշակերտ, որոնք ինտեգրված են Տավուշի մարզի դրոցներում։ Աշակերտները գտնվում են քաղաքապետարանների ուշադրության կենտրոնում և ապահովվում են տրանսպորտային միջոցներով, գրենական պիտույքներով, իսկ ԿԳՄՍ նախարարությունը շուտով կապահովի նաև տեխնիկական միջոցներ այն աշակերտներին, որոնք շարունակելու են հեռավար ուսուցումը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ