Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ին հայտնած մոտեցումները ճի՞շտ էին, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով. քաղաքագետի գնահատական

Նոյեմբեր 14,2020 23:36

«Այո, իմ ասածը հենց դա է նշանակում: Անխոս, անկասկած»,-Aravot.am-ի  հիշեցմանը՝ հարցազրույցներից մեկում կարծիք էիք հայտնել՝ փաստը, որ մենք պատերազմ ենք տանուլ տվել, չի կարող չանդրադառնալ մեր բանակցային հավակնությունների վրա և հարցին՝ արդյոք սա վկայո՞ւմ է այն մասին, որ ըստ նրա՝ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, որ 1996-ին ասում էր՝  եկեք հիմա գանք համաձայնության, երբ մեր դիրքերն ամուր են, այսպես պատասխանեց  քաղաքագետ, ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը (լուսանկարում ձախից):

Հետաքրքրվեցինք՝ այս պահին առաջնահերթ մեր քայլերը որո՞նք պիտի լինեն և Մինսկի խմբի ձևաչափը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրից հետո ո՞ւր է մնում, քաղաքագետը պատասխանեց. «Իմ պատասխանը կապ չունի՝ Մինսկի խմբի ձևաչափը կմնա, ինչ ձևաչափ  կլինի, դիվանագիտական ուրիշ ինչ ձևաչափեր կգտնեն: Ես ավելի ընդհանրական պատասխան տամ: Մեր հնարավորությունների սահմանում մենք պիտի ամրացնենք Արցախը: Դա առաջին հերթին նշանակում է՝ մարդկանց համոզենք, որ վերադառնան իրենց տները: Վերադառնան Արցախ. տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել այնտեղից: Եթե այնտեղ բնակչություն չմնա, մնացած ամեն ինչ իզուր է, ոչ մի բանի մասին այլևս խոսել իմաստ չունի»:

Արման Գրիգորյանը կարևորեց՝ առաջին հերթին պետք է այդ մարդկանց անվտանգությունը և բարեկեցություն երաշխավորվի, ու նկատեց. «Հայաստանը պետք է դա անի, նաև միջազգային օգնություն կլինի Արցախը վերականգնելու կապակցությամբ: Այսօր անվտանգության հարցն է առաջնայինը: Իսկ թե հետո բանակցություններում ում, ինչի կհաջողվի հասնել, ինչ հնարավոր կլինի անել, դրա մասին դեռ շուտ է խոսելը, քանի որ առաջին հերթին այդ հարցը պիտի լուծվի»:

Ըստ Արման Գրիգորյանի՝ մենք պետք է ավելի քիչ ֆորմալիստական  ձևով մոտենանք Արցախի անկախության հարցին և ավելի շատ կենտրոնանանք բովանդակության վրա. «Այսինքն՝ մեզ համար արդեն շատ երկար ժամանակ այդ ֆորմալիստական սահմանումը Արցախի դե յուրե անկախությունը, եղել է հիմնական պահանջ, հիմնական մեր մինիմումը, որ մենք պատրաստ ենք եղել ընդունելու: Նախ դա այն ժամանակ էլ իրատեսական չէր՝ ելնելով այն բանից, որ մենք այդ հարցում դաշնակիցներ երբեք չենք ունեցել և դա չէինք կարող պարտադրել: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է. կա′մ դա պիտի լինի, կա′մ ոչինչ: Իրավիճակն այդպես չէ: Պետք է այնպես անել, որ Ղարաբաղում ժողովրդի կենսագործունեության ապահովության, հայկական մշակույթի բարգավաճման, զարգացման համար լինեն բոլոր հնարավորությունները: Պետք է այնպես անել, որ դե ֆակտո Արցախը կարողանա ունենալ պետության բոլոր ֆունկցիաները: Թե հիմա անունը ինչ կդնեն, այս պահին դրա վրա կենտրոնանալ այդքան կարևոր չէ, ինչքան այդ երկիրը, մեր հայրենիքի այդ հատվածը այդ ֆունկցիաներով ու այդ ուժով ապահովելը: Ես հույս ունեմ, որ և′ մեր դիվանագիտությունը, և′ մեր քաղաքական վերնախավն ի վերջո կհասկանան, որ դա ավելի կարևոր է, քան դե յուրե անկախության մասին խոսակցությունները, քանի որ նախ դա իսկապես ավելի կարևոր է և երկրորդ ավելի իրատեսական է դրա վրա կենտրոնանալը»:

Մեր փաստմանը՝ այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը բոլորից շատ ավելի լավ գիտեր Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ նա չգնաց այդ ճանապարհով, քանի որ այդ տարբերակը կար՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունից էլ դա պարզ էր, Արման Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցով խնդրում եմ դիմեք Նիկոլ Փաշինյանին: Ես չեմ ուզում մեկնաբանել, թե Նիկոլ Փաշինյանի գլխի մեջ ինչ է կատարվել, որ ինքը այդ գծով չի գնացել: Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարել էր, որ ժողովրդի մոտ այդ տեսակետը որևէ աջակցություն չուներ, և իր ասածից հետևում էր, որ չնայած ինքը գիտեր, թե ինչքան վտանգավոր էր կամ ինչքան անիրատեսական էր այդ քաղաքականությունը շարունակելը, բայց քանի որ դա բավարար աջակցություն չուներ ժողովրդի մոտ, ինքը չգնաց այդ քայլին, որը ես համարում եմ ահավոր պատասխան: Եթե ուրիշ պատճառներ կան… պատճառների մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով (1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած,- Տ.Հ.) պետք է իրեն հարցնել: Մենք կարող ենք հազար բան ասել, իր ելույթներից կամ քայլերից հետևություն անել, այդ հարցի ուղիղ, ուղղակի, հստակ պատասխան միայն կարելի է ստանալ պարոն Փաշինյանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Նույնիսկ այս աղետալի պատերազմի օրերին “ցավագին զիջումներ” արտահայտությունը հասարակության մեջ զայրույթ առաձացրեց, իսկ “Լևոնի աշակերտ” պիտակը ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին առաջին իսկ օրվանից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30