Ընդդիմադիր գործիչների ձերբակալություններն իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անընդունելի է համարում։ Նրա կարծիքով, ընդդիմության բողոքի ցույցերն ընդդեմ իշխանության՝ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո, շատ տրամաբանական են եւ չէին կարող չլինեին։ Սակայն, իրավապաշտպանը գտնում է, որ իշխանությունների արձագանքը դրան՝ արդարացված չէ, ձերբակալությունները՝ նույնպես։
«Չի կարելի քաղաքական օպոնենտներին ձերբակալել՝ անկախ նրանից, թե ինչ կարգի քաղաքական ընդդիմախոսներ են, ովքեր են նրանք։ Ես չեմ կարծում, որ այսօր հրապարակում երեւացող ընդդիմությունն ու հրապարակում երեւացող իշխանությունն իրական քաղաքական դաշտն է Հայաստանում։ Հայաստանում կան շատ ավելի լուրջ եւ շատ ավելի ծանրակշիռ քաղաքական հոսանքներ, քաղաքական դեմքեր եւ խմբեր, որոնք այսօր չեն երեւում ո՛չ իշխանության մեջ եւ ո՛չ էլ ընդդիմության մեջ։ Այսօրվա ընդդիմությունն եւ այսօրվա իշխանությունը համարժեք են։ Բայց անկախ այդ համարժեքությունից, իհարկե, ինձ համար՝ որպես մարդու, իրավապաշտպանի, քաղաքացու, ընդունելի չեն քաղաքական ձերբակալությունները։ Իշխանություններն ընդդիմության հետ պետք է խոսեն ոչ թե ուժի դիրքերից, ոչ թե ձերբակալությունների միջոցով, այլ՝ այո ասելով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Նրա կարծիքով՝ մենք անցել ենք այն ռուբիկոնը, երբ քաղաքական ձերբակալություններով եւ հետապնդումներով հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել․ «Մեր ժողովուրդն ապացուցել է, որ խոսքի հետեւից գնացող ժողովուրդ է, մեր հասարակությունն այս սարսափելի պարտությունից եւ այդ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո ուշքի կգա եւ կարծում եմ՝ մենք կունենանք մեր ժողովրդին արժանի իշխանություն եւ ընդդիմություն»։
Մեր ճշտող հարցին՝ իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդի հետ այլ լեզվով է խոսում, ո՞րն է այդ «չերեւացող» այլընտրանքային ուժը, պարոն Հարությունյանը պատասխանեց․«Մենք դեռ սարսափի մեջ ենք, դեռ զգացմունքները չեն հանդարտվել, այսպես ասած՝ փոշին չի նստել։ Այսօր դաշում չեն կարող լինել սթափ դատողության տեր մարդիկ, բայց որ նրանք կան, ես կասկած չունեմ։ Ես անձամբ ճանաչում եմ, բոլորս ճանաչում ենք նրանց։ Իրավիճակը շուտով կխաղաղվի, սա երկար չի տեւի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուղղակի չլինի այնպես, որ մենք բռնություններով, հայոհոյանքներով, չարության խոսքով անցնենք մի սահման, որից այն կողմ վերադարձն արդեն հնարավոր չի լինի։ Ես կարծում եմ կհաղթահարենք այս իրավիճակը։ Մեր հանրությունն ունի ներուժ դիմակայելու այս արհավիրքին եւ ունի ներուժ ապագային միտված քայլեր անելու՝ առանց այս ընդդիմության եւ առանց այս իշխանության։ Ես վստահ եմ»։
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին էլ՝ արդյոք վարչապետ Նիկլո Փաշինյանն այս ձերբակալումներով փորձում է բռնապետության գնալ, իրավապաշտպանը պատասխանեց․ «Չէի ցանկանա այդպես մտածել։ Երկրում կայունություն մտցնելու երկու ճանապարհ կա՝ մեկը ժողովրդավարական ճանապարհով զարգացումներն ապահովելն է, մյուսը՝ բռնապետությունը, որը երկար կյանք չի կարող ունենալ, հատկապես Հայաստանում՝ հաշվի առնելով մեր պատմությունը։ Մենք երկար չենք հանդուրժում բռնապետներին։ Չեմ կարծում, որ Փաշինյանը կգնա այդ ճանապարհով։ Իհարկե, նրա դերակատարումը վերջին շրջանում բացասական էր եւ կարծում եմ, որ պատերազմի հասունացման, սկսման, ընթացքի եւ ավարտի հետ կապված նրան ուղղվելիք շատ հարցեր կան, բայց նա նաեւ 2018 թվականի ճարտարապետներից մեկն է։ Եվ չպետք է մոռանանք, որ նա ՀՀ քաղաքացի է, որը պետք է, որ մտահոգված լինի Հայաստանի ճակատագրով»։
Պարոն Հարությունյանը հույս հայտնեց, որ Փաշինյանը կկարողանա իր մեջ ուժ գտնել եւ գնահատել իրականությունն ու դրանից բխող քայլեր կանի։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր խոսք ու քայլ պետք է ուղղված լինի պետության օգտին․ Վիրավորանք, մեծամտություն, պարտությունը չընդունելու մոլուցքը, ուրիշ տեղ մեղավոր փնտրելու ցանկությունը, սրանք պետք է դադարեցնի, ու իրավիճակը ճիշտ գնահատի։ Նույնը վերաբերում է ընդդիմությանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ