Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից ստանձնել եմ Արցախյան ԵՐԵՔ պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը։
Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ և երրորդ պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ օրը իր երկու տղաների և ջոկատի հետ մեկնելով առաջնագիծ։ Իհարկե իմ ներկայությամբ նշված անձանցից ոչ մեկ չկարողացավ նայել պարոն Մինասյանի աչքերի մեջ։ Գործը, բնականաբար, քաղաքական է։
Նորություն չեմ ասի, որ պարոն Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ։ Որպես պաշտպան ներգրավվելս այսօր տևել է շուրջ 5 ժամ՝ ինչը մեղմ ասած աբսուրդ է։ Ձերբակալման իրավաչափության հարցն արդեն դատարանում է։ Նիստը նշանակված է նոյեմեբերի 15-ին ժամը 12։00-ին՝ Շենգավիթ նստավայրում»։
Կարդացեք նաև
Ավելացնենք, որ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասել է, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։
Նա արձանագրել է, որ չի կարող լուրջ վերաբերել կասկածանքին, դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, հույս հայտնել առ այն, որ նշվածը կասկածանքով կսահմանափակվեն, քանի որ իշխանության յուրացումը կոնկրետ հանցակազմ է, որի նախապատրաստությունն ինքնին զավեշտ է, որովհետև իշխանության յուրացման նախապատրաստում որպես այդպիսին հնարավոր չէ պատկերացնել։
Փաստաբանը հայտնել է, որ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։
Փաստաբանի խոսքով՝ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, նույնիսկ՝ բանավոր հարցմամբ, մինչդեռ, անձին արգելանքի վերցնելու պահից պետք է վկայակոչվեն ոչ միայն իրավական հիմքերը, այլև՝ փաստական որոշակի տվյալներ և նույնիսկ փաստաբանի բանավոր խնդրանքի դեպքում որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ավելին՝ ձերբակալման հիմքում ընկած է անձի փախուստի կանխելը, մինչդեռ, Մինասյանը 40 օր` իր որդիների հետ եղել է առաջնագծում։