Ի հիշատակ պատերազմում զոհված մեր հերոսների՝ այսօր Վանաձոր քաղաքի մի քանի հատվածներում, տարբեր անձանց կողմից միաժամանակ կազմակերպվել էր մոմավառություն:
«Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբի անդամները Հայքի հրապարակից քայլերթով շարժվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, որտեղ էլ տեղի ունեցավ մոմավառություն. «Մենք որոշեցինք ոչ մեկին չմիանալ եւ մեր խմբի անդամներով կազմակերպել մոմավառություն՝ ի հիշատակ եւ հարգանք մեր զոհված տղաներին: Հաղթանակը հայ զինվորինն է, անկախ ամեն ինչից ես վստահում եմ մեր զինվորներին եւ գլուխ եմ խոնարհում բոլոր նահատակների առաջ, ովքեր զոհվեցին հանուն մեր կյանքի, մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հանուն իրենց ապրեք եւ ունենանք բարեկեցիկ երկիր»,- ասում է խմբի հիմնադիր Աննա Հովհաննիսյանը:
Նույն ժամանակ մոմավառություն էր կազմակերպվել նաեւ Վանաձորի Արցախ պուրակում: Կազմակերպիչներից համայնքի ավագանու անդամ Վահե Դոխոյանն ասում է, որ իրենք էլ փորձում են այս կերպ իրենց պարտքը կատարել զոհված տղաների առջեւ. «Սգում ենք մեր զոհվածների հիշատակը, երանի տալիս նրանց, որ մահացան, որովհետեւ մենք այսուհետ ապրելու ենք մեռած»:
Իսկ Հայքի հրապարակում, որտեղ փակցված էր նաեւ զոհված զինվորներից մի քանիսի լուսանկարները, կազմակերպվել էր երիտասարդների կողմից, որոնց ընկերները եւս զոհվածների թվում են:
Կարդացեք նաև
Մոմավառության եկած վանաձորցիները նշում են, որ այս կերպ փորձում են իրենց պարտքը կատարել հերոսների առաջ. «Սրանից ավելի կարեւոր օր չկա մեզ համար: Ցավում եմ բոլոր նահատակների համար եւ խոնարհվում նրանց ծնողների առջեւ: Այս մոմավառությունն էլ չի ցավը թեթեւացնում, ուղղակի ինչ-որ մի պահ ուզում ես քեզ ավելի կարեւոր զգալ»,- ասում է Ժաննան:
Նշված 3 վայրերում էլ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր անմահ հերոսների հիշատակը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ