COVID-19-ի դեմ պայքարի այս ընթացքում մասնագետներն առանձնապես կարևորեցին վիտամին D-ի դերը, որը թեև անմիջական ազդեցություն չունի վիրուսի դեմ, սակայն ամրացնում է իմունային համակարգը, ինչն էլ թույլ է տալիս օրգանիզմին ավելի արդյունավետ պայքար մղել վիրուսի դեմ։
Կան հետազոտություններ, որոնք հաստատում են վիտամին D-ի ցածր մակարդակի և վիրուսային վարակների նկատմամբ ավելի ընկալունակ լինելու միջև կապը։ Կարծիք կա, որ գրիպի սեզոնայնությունը պայմանավորվում է այն հանգամանքով, որ մարդկանց մեծամասնության մոտ վիտամին D-ի մակարդակը ձմռանն ավելի ցածր է, քան ամռանը։
Սակայն վիտամին D-ի հավելումներ ընդունելիս պետք է հաշվի առնել մի քանի առանձնահատկություն․ օրինակ՝ թե օրգանիզմում ինչպիսի փոխազդեցություն կարող է լինել վիտամինների ու հանքանյութերի միջև․ դրանք կարող են լինել սիներգիկ կամ անտագոնիստական, պատկերավոր ասած՝ բարեկամական՝ փոխլրացնող կամ մրցակցային, երբեմն էլ՝ երկուսը միասին՝ կախված չափաբաժիններից։
Վիտամինների ու հանքանյութերի փոքր չափաբաժինները բացասական փոխազդեցություն չեն հարուցում, սակայն եթե անհրաժեշտ է ընդունել բարձր չափաբաժիններով, ապա անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, վիտամին D-ն հիմնականում արտադրվում է օրգանիզմում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների բացօթյա ներգործության ու վիտամին D-ի՝ ակտիվ ձևի փոխակերպման բարդությունների բացակայության պայմաններում։ Ակտիվ ձևի փոխակերպումը 3 փուլով է տեղի ունենում՝ մաշկում, լյարդում, այնուհետև երիկամներում։
Ժամանակակից կյանքի ռիթմով և այլ գործոններով պայմանավորված ամբողջ աշխարհում մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք վիտամին D-ի հավելումներ ընդունելու կարիք են զգում, բավականին հաճախ են նաև նշանակվում օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներ, օրինակ՝ ձկան յուղի տեսքով, մագնեզիում, կալցիում, վիտամին C, B, պրոբիոտիկներ և այլն։
Ինչպիսի փոխազդեցություն ունի վիտամին D-ն կալցիումի, մագնեզիումի, A, K վիտամինների հետ։
Վիտամին Դ-ի գործառույթը կալցիումի հոմեոստազում՝ վիտամին K-ի օժանդակությամբ
Վիտամին D-ն կարևոր գործառույթ ունի կալցիումի ու ոսկրային համակարգի հոմեոստազում (կայունության, հարաբերական հաստատունության պահպանման)։ Ահա թե ինչու է կալցիումի հավելումներում ավելացվում վիտամին D-ն։
Վիտամին D- ն և պարաթիրոիդ հորմոնը (PTH) համատեղ աշխատում են կալցիումի և ֆոսֆատի հոմեոստազի համար: Պարաթիրոիդ հորմոնն ակտիվացնում է վիտամին D-ի արտադրությունը երիկամներում, իսկ վիտամին D-ն բացասաբար է անդրադառնում պարաթիրոիդ հորմոնի սեկրեցիայի վրա, ուժեղացնում է աղիքի մեջ կալցիումի ներծծումը:
PTH-ը կարգավորում է արյան շիճուկում կալցիումի ցուցանիշը, իսկ այս հանքանյութի անբավարարության դեպքում մեծացնում է արյան շիճուկում կալցիումի խտությունը՝ վերցնելով այն ոսկորներից և ավելացնելով դրա կլանումն աղիքներում և վերակլանումը երիկամներում։
Այդ պատճառով էլ որոշակի փոխազդեցություն կա վիտամին D-ի և կալցիում հանքանյութի միջև, և վիտամին D-ն կալցիումի ցուցանիշների բարելավման հարցում ավելի կարևոր նշանակություն ունի, քան պարզապես կալցիումի ընդունումը։
«Վիտամին D+կալցիում» համադրությունը բարենպաստ է ոչ միայն ոսկորների համար։ Այս զույգը բարելավում է դիաբետ ունեցող մարդկանց գլիկեմիկ կարգավիճակն ու ճարպային՝ լիպիդային ֆոնը։ Այն նաև դրական ազդեցություն ունի ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության հարցում։
Վիտամին D-ի ու կալցիումի սիներգիկ կապն ուժեղացնող բաղադրամասերից մեկն էլ վիտամին K-ն է։ Այս 2 վիտամիններն էլ որոշիչ դեր ունեն կալցիումի հոմեոստազի, անոթների, ոսկրերի վիճակի համար։
K և D վիտամինների ցուցանիշների նվազումը մեծացնում է տարեց մարդկանց մոտ կոտրվածքների առաջացումն ու անոթային կոշտության և հիպերտոնիայի զարգացումը։
Վիտամին К-ն դրական է անդրադառնում ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ ունեցող կանանց առողջության վրա՝ բարելավելով եռգլիցերիդների, հորմոնների մարկերները, ինսուլինի նյութափոխանակությունը և այլն։
Մագնեզիում և վիտամին D
Օրգանիզմում վիտամին D-ի բավարար քանակը բարելավում է Са, Mg, Zn, Cu, Fe հանքանյութերի յուրացումը։
Մագնեզիումն աշխատում է որպես վիտամին D-ի կոֆակտոր՝ վերջինիս սինթեզի, տեղափոխման ու կատիվացման փուլերում։ Ուստի վիտամին D-ի օպտիմալ պարունակության համար կարևոր է մագնեզիումի բավարար քանակությունը։
Մագնեզիումը փոխազդում է նաև կալցիումի հետ։ Այդ երկուսի հարաբերակցությունը սովորաբար հավասարակշռված չէ, կալցիումի օգտագործումը գերազանցում է մագնեզիումի օգտագործմանը։
Վիտամին А և վիտամին D
Այս երկու վիտամինների փոխազդեցությունն անտագոնիստական՝ մրցակցային է։
Վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց մոտ կմեծանա կոտրվածքների հավանականությունը, եթե նրանք մեծ չափաբաժնով վիտամին А (ռետինոլ) ընդունեն։ Հատկապես այդ վտանգն առկա է հետդաշտանադադարային տարիքի կանանց շրջանում։ Սակայն մյուս կողմից վիտամին A-ն, մագնեզիումն ու ցինկը կարևոր են վիտամին D-ի գործառույթների իրականացման հարցում։ Ակտիվացված վիտամին D-ի ընկալիչը՝ կալցիտրիոլն իր հերթին ակտիվանում է ռետինաթթվի միջոցով։ Ինչն էլ ակտիվացնում է բորբոքային ու աուտոիմունային գործընթացներում աշխատող գեները։
Ահա թե ինչու է վիտամին А-ն կարևորվում վիտամին D-ի հակաբորբոքային գործառույթների իրականացման համար։ D վիտամինը ճարպալույծ վիտամին է և այստեղ էլ դրսևորվում է A-ի՝ նույնպես ճարպալույծ վիտամինի հետ հակասությունը, վիտամին A-ի ավելցուկը կարող է խոչընդոտել D-ի ներծծմանն ու յուրացմանը։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ