Լրահոս
Օրվա լրահոսը

«Սառեցված հակամարտությունից՝ սառեցված և նվաղ խաղաղություն». «Կարնեգի»

Նոյեմբեր 14,2020 18:55

Երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող պարբերաբար բախումներից հետո նախկին խորհրդային միության տարածքում սառեցված հնամյա հակամարտությունը, թվում է, ավարտվել է, համենայն դեպս՝ հիմա: Սա պետք է որ ուրախալի պահ լինի, բայց տոնելու շատ բան չկա: Ռուսաստանի կողմից բանակցված կրակի դադարեցումը խոստանում է դառնալ ո՛չ վերջ, ո՛չ էլ նոր սկիզբ: Փոխարենը դա միայն դադար է Կովկասում տարիներ շարունակ ծավալվող դիմակայության և կրոնական ու էթնիկ հակամարտությունների մեջ, Կարնեգի Եվրոպա հիմնադրամի կայքում գրում է հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին:

Վեց եզրահանգում խաղաղությունից և հակամարտությունից

Առաջին, խաղաղությունը, եթե այն իսկապես խաղաղություն է, գալիս է ոչ թե բանակցությունների, այլ վեց շաբաթ տևած արյունալի պատերազմից հետո, որը հանգեցրել է երկու կողմերում հազարավոր զոհերի (այդ թվում զինծառայողներ և քաղաքացիներ)՝ թողնելով  բազմաթիվ տեղահանվածներ: Հայաստանը ավերիչ կորուստներ է կրել մարտի դաշտում: Նրա խորհրդային ժամանակների զենքերը և ռազմավարությունը համեմատելի չէին արագաշարժ, բարձր տեխնոլոգիաներով զինված և 21-րդ դարի պատերազմին պատրաստ Ադրբեջանի հետ, որը վայելում էր Թուրքիայի աջակցությունը: Երևանն այլ ընտրություն չուներ, քան ընդունել այն ստորացուցիչ պայմանները, որոնք Հայաստանում և սփյուռքում դիտարկում են որպես իրենց ազգային ողբերգության նոր գլուխ, պարտություն իրենց պատմական թշնամի Թուրքիայից: Հաշտության տեղ այլևս չկա, փոխարենը, Հայաստանը պայքարը կշարունակվի:

Երկրորդ, Հայաստանի ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությանը կործանիչ հարված է հասցվել: Շատերը այս կորստից հետո կհասկանան, որ ժողովրդավարությունն ու ազգային անվտանգությունը անհամատեղելի են: Զայրացած ամբոխը, որը դուրս էր եկել Երևանի փողոցներ և դաժանորեն ծեծի ենթարկել խորհրդարանի խոսնակին, երկրի ժողովրդավարական առողջության նշան չէր, այլ չարագուշակ հիշեցում երկրի՝ քաղաքական բռնությունների ողբերգական ժառանգության մասին: Այնպիսի պայմաններում, երբ ընդդիմությունը, որում կան կոշտ, կոռումպացած և ոչ ժողովրդավար տարրեր, փորձում է հեռացնել Հայաստանի վարչապետին, երկրի Թավշյա հեղափոխության խոստումները առավել քան երբևէ անորոշ են:

Երրորդ, Հայաստանը պարտություն է կրել Ադրբեջանի ավտորիտար ժառանգական ռեժիմից, որին դիվանագիտական և ռազմական առումով զգալիորեն աջակցում է ավտորիտար Թուրքիայի առաջնորդը: Ադրբեջանի՝ նախկինում ոչ այնքան ժողովրդականություն վայելող առաջնորդը, որն իր կառավարության ներսում պառակտումների էր բախվել, այժմ ազգային հերոս է: Ոմանք եզրակացրել են, թե պատերազմը լավ բան է, ուժն է ծնում ճշմարտություն: Նրանց համար ավտորիտարիզմը հաղթում է, երբ ժողովրդավարությունը պարտվում է:

Չորրորդ, Մոսկվայի կողմից հորինված այսպես կոչված զինադադարը կամ համաձայնագիրը ավելի նշանակալի է նրանով, ինչ չունի, քան նրանով, ինչ ունի: Վիճելի տարածքի կարգավիճակը հստակ չէ, անորոշ է նաև փախստականների և ներքին տեղահանվածների ճակատագիրը: Չկա վերակառուցման, կայունացման կամ հաշտեցման որևէ իրական ծրագիր: Թուրքիայի դերակատարությունը, որը ստորագրող կողմ չէ, պաշտոնապես հիշատակված չէ, արդյունքում անհասկանալի է որն էլ լինելու այդ դերը: Նոր այսպես կոչված խաղաղությունը ավելի փխրուն է, քան դրան նախորդած սառեցված հակամարտությունը: Միակ բանը, որ հստակ է, այն է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և հնարավոր է նաև Թուրքիան՝ Ադրբեջանի պահանջով: Հաշվի առնելով՝ ինչպես են Անկարան ու Մոսկվան հակամարտում աշխարհի տարբեր կետերում, սա ավելի շատ նոր լարվածության բաղադրատոմս է:

Հինգերորդ, հիշողությունները անկախության երեք, երբեմն, հուսադրող հետխորհրդային տասնամյակների մասին արագորեն հեռանում են: Կովկասը կրկին ոտնահարում են հարևան ծանրաքաշները՝ կառչած իրենց կայսերական նկրտումներից: Պուտինը պարտադրում է այն, ինչ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մի անգամ անվանեց «Ռուսաստանի արտոնյալ շահերի գոտի»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը կարծես թե տարված է նեոօսմանյան գաղափարներով, փորձում է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում: Սա հազիվ թե հանգեցնի ուրախ համատիրապետության երկուսի միջև, և տարածաշրջանում սպառնում է նոր բարդություններով: Միաժամանակ Իրանը, Իսրայելը և Կասպից ծոցի երկրները, որոնցից գրեթե բոլորը վերջին տարիներին ընդլայնել էին իրենց ներգրավվածությունը տարածաշրջանում,  նյարդային հետևում են՝ ինչպես է փոխվում աշխարհաքաղաքական լանդշաֆտը:

Վերջապես, աշխարհի կարծես պետքն էլ չէ: Եվրոպան և ԱՄՆ-ը զբաղված են իրենց ներքին խնդիրներով,  և հայերի ճակատագիրը նրանց քիչ է հետաքրքրում: Գրեթե երեք տասնամյակ Վաշինգտոնը և Փարիզը իրենց սատարումն են հայտնել հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը, բայց վերջում ոչ մեկ ի վիճակի չեղավ օգնել: Ռուսաստանը, բանակցությունների ևս մեկ կողմ, հեռվից հետևում էր, թե ինչպես է իր դաշնակիցը ջախջախվում մարտի դաշտում, իսկ հետո ցինիկորեն օգտագործեց նրա պարտությունը՝ առաջ տանելու տարածաշրջանային առաջնորդի իր նկրտումները: Առաջ շարժվելով՝ Վաշինգտոնը և Մոսկվան կարող են դեռ օգտակար դեր խաղաղ տարածաշրջանի վերակառուցման և հաշտեցման գործում, մի բան, որտեղ Արևմուտքն ավելի շատ փորձ ունի, քան Մոսկվան ու Անկարան: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարակազմը այդպիսի մեծ ցանկություն չի ցուցաբերում, իսկ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արդեն հունվարին սահմանափակ լծակներ կունենա:

Ինչպիսին կլինի ապագան

Ի՞նչ է լինելու: Հեռանկարը մռայլ է: Ադրբեջանում հաղթանակի տոնակատարությունները շատ չեն օգնի վերականգնելու տնտեսությունը, որը տուժել է նավթի գների նվազումից, համատարած կոռուպցիայից և կորոնավիրուսի հետևանքներից: Հայատանը, զգալիորեն վիրավորվելով ռազմաճակատում, պետք է առերեսվի իր վերքի հետ, Ռուսաստանի դավաճանության հետ, անորոշ ներքաղաքական ճակատագրի հետ, և նույնպիսի արագությամբ (մասամբ տեղահանվածների շրջանում) աճող կորոնավիրուսի ճգնաժամի հետ:

Տարածաշրջանում գերակայության ձգտող երկրներից ոչ մեկ՝ ոչ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը, շատ բան չեն անի տարածաշրջանի տարիների խնդիրները լուծելու համար: Նրանց պայքարը գերակայության համար, որը տարածվում է նաև Սիրիայի և Լիբիայի վրա, հազիվ թե կայունության և խաղաղության նախապայման դառնա Կովկասում, որը նրանք վերածել են իրենց աշխարհաքաղաքական շախմատի մեկ այլ մաս: Նրանք կարող են մշակել մի քիչ ավելի ամուր համաձայնագրի նմանվող մի բան, բայց դրանից բխող ցանկացած խաղաղություն կմնա փխրուն: Խոշոր տերություններից ոչ մեկ կարծես թե շահագրգռված չէ իրական տնտեսական և քաղաքական կայունացման ջանքերում: Լեռնային Ղարաբաղի շուրջ սառեցված հակամարտությունը վերածվում է սառեցված և նվաղ խաղաղության:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30