Քիչ առաջ Ազատության հրապարակում միջադեպ գրանցվեց ոստիկանների և մոմավառության ակցիային մասնակցող քաղաքացիների միջև։ Ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին արգելել քաղաքացիներին Օպերայի և բալետի թատրոնի աստիճանների վրա վառած մոմեր դնել՝ ասելով, որ անթույլատրելի է այստեղ մոմեր դնելը։ Ոստիկանները քաղաքացիներին խորհուրդ էին տալիս մոմերը եկեղեցում վառել։ Քաղաքացիներն էլ ընդդիմանում էին։
Կարդացեք նաև
Ավելի ուշ, ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում ԲՀԿ֊ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիներին հորդորեց մոմերն Ազատության հրապարակում չտեղադրել. Մոմերը վառել և երթով շարժվել դեպի մատենադարան, որտեղ էլ տեղի կունենա սեպտեմբեր֊հոկտեմբերյան պատերազմում զոհվածների հիշատակի արարողությունը։
Տեղեկացնենք, որ Օպերայի տարածքում բավականին մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությանը դեմ արտահայտվող 17 կուսակցությունները և քաղաքացիներն Ազատության հրապարակում բողոքի ցույցեր են իրականացնում։ Այսօր նախատեսված է մոմավառության ակցիա։
Նելլի Գրիգորյան