Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյան․ Նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում․ «Փաստինֆո»

Նոյեմբեր 14,2020 15:40

Հանրապետությունում աննախադեպ հուզումների ալիք բարձրացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կրակի դադարեցման հայտարարության իրավաչափության առնչությամբ օրեր առաջ «Փաստինֆո»-ն խնդրել էր պարզաբանումներ ներկայացնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից, վերջինս նկատել էր, որ այս հայտարարության իրավաչափությանը անհապաղ արձագանքելը դեռ նպատակահարմար չէ, և արդեն այսօր պատրաստակամություն հայտնեց համալիր անդրադառնալ այդ փաստաթղթին։

– Պարոն Դանիելյան, «հայտարարություն» անվանումով փաստաթուղթը ինչո՞ւ է մեկնաբանվում որպես միջազգային պայմանագիր, սա պարզապես մտադրություններ ամրագրող փաստաթո՞ւղթ չէ։

– Փաստաթղթի անվանումը այս դեպքում չպետք է շփոթ առաջացնի, անվանումը զուտ պայմանականություն է։ Ընդ որում, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, միջազգային պայմանագիր է միջազգային հանրային իրավունքով կարգավորվող ցանկացած համաձայնություն՝ «անկախ դրա անվանումից»։ Հետևաբար, նշված հայտարարությունը դասական իմաստով միջազգային պայմանագիր է։

– Ինչևէ, դատելով վերտառությունից, այդ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, սակայն այն առավելապես բովանդակում է տարածքների զիջման, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողությամբ Հայաստանի արևմտյան շրջաններում՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող տրանսպորտային կապը ապաարգելափակելու դրույթներ։

– Ամբողջ խնդիրն էլ այն է, որ այդ միջազգային պայմանագիրը բովանդակում է դրույթներ, որոնք պարզապես կարելի էր արտաքին գործերի նախարարների մակարդակով ամրագրել մի առանձին փաստաթղթով և ստորագրման պահից իրավական ուժ տալ՝ որպես հաստատման ենթակա միջազգային պայմանագիր։ Սակայն այն միաժամանակ բովանդակում է դրույթներ, որոնք չեն կարող իրավական ուժ ձեռք բերել ցանկացած պաշտոնյայի կողմից ստորագրվելու դեպքում։ Այսպես, դրանով արտացոլված որոշ պարտավորություններ անվերապահորեն համարվում են քաղաքական և ռազմական բնույթ կրող։ Իսկ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, պարտադիր վավերացման ենթակա են այն միջազգային պայմանագրերը. «որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Այս պայմանագիրը պետք է վավերացում անցնի նաև այն հիմքով, որ այն առաջացնում է գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

Այսպիսով, նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում։ Ընդ որում, եթե միջազգային պայմանագրում առկա է անգամ մեկ կետ, որը ենթակա է վավերացման խորհրդարանի կողմից, ապա վավերացման է ներկայացվում պայմանագիրն ամբողջությամբ։ Այսպիսի դեպքերում՝ Կառավարությունը Սահմանադրությամբ ամրագրված կարգով դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով, և միայն վերջինիս դրական որոշման դեպքում այն կարող է վավերացման ասպեկտով քննարկվել խորհրդարանում։

– Այսպիսով, Ձեր կարծիքով, հայտարարությունը չէ՞ր կարող զուտ ստորագրման հիմքով ուժի մեջ մտնել։ Ասացեք, խնդրեմ՝ այս վավերապայմանը հավասարապես վերաբերում է նաև ՌԴ-ին և Ադրբեջանին։

– Յուրաքանչյուր պետություն ունի միջազգային պայմանագրերի վավերացման հիմքերի իր շրջանակը, որոնք միասնական չեն։ Տվյալ դեպքում, եթե անգամ մեկ կողմի պարագայում սահմանված է վավերացման պարտադիր ընթացակարգ, ապա այն բոլոր կողմերի համար ուժի մեջ կմտնի միայն այդ պետության Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո։ Այդ պետությունների պարագայում վավերացումը պարտադիր չէ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պարտավորությունների անհամեմատ նեղ շրջանակը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30