«Լուսավոր Հայաստանը» պատրաստել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարող ենք երկիրը հանել այս իրավիճակից: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«44 օր հայ ազգը, բոլոր քաղաքական ուժերը, մեդիան, սփյուռքը համախմբված վարել ենք պատերազմ: Պատերազմը եղել է սարսափելի, ահավոր: Մասնագետներն ասում են, որ վերջին շրջանում այդ ծավալի պատերազմ իրաքյանն է եղել՝ տասնյակ տարիներ առաջ: Այդ ընթացքում եղել ենք համախմբված: Ստորագրվել է փաստաթուղթ, որը վարչապետը մի քանի հանդիպումների ժամանակ ասում էր՝ կապիտուլյացիա չի լինելու, կապիտուլյացիա չենք ստորագրելու, որն, ըստ էության, կապիտուլյացիա էր»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, բացի պատերազմի առիթը, բացի փախստականները, բացի հազարավոր զոհերն ու վիրավորները, երկրում նաեւ իրավիճակը լարվում է, որովհետեւ քաղաքական գործընթացներ չկան. «Փորձել ենք ԱԺ-ում նիստ գումարել, մեզ չի հաջողվել, հետեւաբար քաղաքական մարմինը՝ խորհրդարանը, չաշխատեց: Որից հետո տարբեր կոնսուլտացիաներ եղան քաղաքական ուժերի շրջանակում, բայց ոչ մի ուժ չի ներկայացրել՝ Փաշինյանը պետք է հեռանա, բա հետո ի՞նչ պետք է լինի: Եվ սկսել է մի մեծ քարոզչություն, որ, եթե Փաշինյանը հեռանա, կլինի մի մեծ քաոս: Ես ուզում եմ տեղեկացնել, որ հիմա քաոս է մեր երկրում, քաոս արդեն մենք ունենք»:
Մարուքյանը մատնացույց արեց խրոհրդարանում ու կառավարությունում գույքի ջարդուփշուրը, խորհրդարան մուտք գործած քաղաքացիներից մեկի ինքնասպան լինելու դեպքը եւ այլն:
Կարդացեք նաև
«Այո, շատ վատ բան է եղել, այս փաստաթուղթը շատ վատ փաստաթուղթ է, ինչո՞ւ է շատ վատը՝ չեմ ուզում դրա մասին խոսել, բոլորը գիտեն: Կարո՞ղ էր լինել ավելի վատ, կարող էր, կարո՞ղ էր լինել շատ ավելի վատ, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ կարող է լինել շատ ավելի վատ: Ո՞վ պետք է հանգուցալուծի այս խնդիրը, միայն իշխանությունը»,-ասաց նա:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ խնդրի լուծումն այն է, որ պետք է պարտության սիմվոլը հեռանա. «Անհնար է, երկու կողմերի միջեւ ատելությունն անհնար է որեւէ ձեւով կառավարել, լինելու են բախումներ եւ անդառնալի հետեւանքներ: Հիշեք 2018 թվականը, ամենուրեք ցույցեր էին, պետական հիմնարկները չէին աշխատում, բայց պետությունն ամուր էր: Այսօր, եթե նման ցնցումներ ունենանք երկրում, մենք Հայաստանը կկորցնենք»:
Ասաց, որ Գլխավոր շտաբի պետն իրեն խնդրել է, որ գոնե 7 օր ժամանակ տան, որ կարողանա բանակն իր խնդիրները լուծել, որից հետո ներքաղաքական գործընթացները կարող էին ընթանալ. «Սակայն 7 օրը չստացվեց, դրա արդյունքում արդեն ունենք ցույցեր, զինված մարդիկ Հանրապետության հրապարակի էկրաններով խոսում են, ասում են՝ գալու ենք ոչնչացնենք: Այդ լուծումը պետք է լինի լայն կոնսենսուսով»:
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրավիճակից դուրս՝ «Լուսավոր Հայաստանի» կազմած գործողությունների ծրագիրը.
1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։ Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։
Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:
2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում
3. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։
4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում
5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։
6. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։
7. Զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։
8. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։
9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։
10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ եւ այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:
11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:
12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:
13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ