Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը». «Փաստ»

Նոյեմբեր 14,2020 10:58

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության շուրջ առկա մի շարք հարցերի: Մինչև փաստաթուղթն իրավական հարթության մեջ դիտարկելը, Գ. Մելոյանը ստորագրվածը ազգադավ փաստաթուղթ որակեց: «Իմ գնահատմամբ, սա երբևիցե բանակցային սեղանին եղած ամենաանբարենպաստ փաստաթղթերից է: Հայկական կողմը հրաժարվել է ստորագրել սրանից մի քանի անգամ լավ պայմաններով փաստաթղթերը:

Հանրության շրջանում այնպիսի կարծիքներ են փորձում շրջանառել, թե իբրև այս փաստաթղթով խաղաղություն է հաստատվելու, և այն կարող է արցախյան հարցի լուծման հիմք հանդիսանալ: Դրանք բոլորը սին հույսեր են, որովհետև սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը, որին ավելի ուշ կանդրադառնամ: Ընդհանուր առմամբ, որպես պաշտոնական փաստաթուղթ, մեզ ընդամենը հայտարարություն է հրամցվել: Հայտարարությունը, որպես այդպիսին, իրավական կատեգորիա չէ, իրավական փաստաթղթի տեսակ չէ:

Բացի այդ, դեռ ոչ ոք չի մանրամասնել՝ որևէ իրավական այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, որի հիման վրա էլ հրամցվել է այս հայտարարությունը, թե՞ հենց հայտարարությունն է հանդիսանում հիմնական փաստաթուղթը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ խոսքը հենց այս հայտարարության մասին է, որի կետերը հետագայում պետք է կյանքի կոչեն ու արդեն այդ կետերի հիման վրա առանձին ու յուրաքանչյուր պետության շրջանակներում ներպետական ակտեր ընդունվեն: «Հնարավոր է նաև այլ լրացուցիչ, միջազգային պայմանագրերի տեսակ ունեցող փաստաթղթեր ընդունվեն: Բայց անգամ այդ պարագայում է խնդրահարույց. անկախ նրանից, որ այս փաստաթուղթը միջազգային փաստաթղթի տեսակ չէ, մենք դրան բովանդակային պետք է անդրադառնանք: Սա ավելի շատ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթուղթ է: Բայց այն կոնկրետ պետությունների համար պարտավորություններ է նախատեսում»,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալ բովանդակային անդրադարձը՝ նա մատնանշեց հայտարարության 9-րդ կետը:

«Ըստ այդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Այսինքն, ՀՀ տարածքի շրջանակներում կոնկրետ պարտավորվածություններ են նախատեսվում, որի առումով ՀՀ անկախության հռչակագրի և գործող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, որով կարգավորում են տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների հարցերը, հստակ ընթացակարգեր են սահմանված: Այդ ընթացակարգերի համաձայն՝ պետք է հանրաքվե իրականացվեր: Եվ եթե անգամ դիտարկում ենք, որ սա տարածքային ամբողջականությանն առնչվող փաստաթուղթ չէ, այլ զուտ միջազգային բնույթի փաստաթուղթ է, միջիրավական ակտ, ապա այդ դեպքում էլ առնվազն պետք է ընթացակարգ անցներ, ստանար ՍԴ դրական եզրակացությունն առ այն, որ այն չի հակասում Սահմանադրության կարգավորումներին, այնուհետև ընդունվեր ու վավերացվեր ԱԺ-ի կողմից:

Խոսելով, իր բնորոշմամբ, զուտ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթղթի ձևաչափի մասին՝ նա հավելեց. «Իմ գնահատմամբ՝ նպատակը հենց ներպետական մեխանիզմներից խուսափելն է եղել, ինչպես նաև հանրությանն ու այլ մարմիններին դրա քննարկմանը մասնակից չդարձնելը: Այն իր տեսակով առոչինչ փաստաթուղթ է, և մենք պարտավոր էլ չենք կյանքի կոչել այդ կետերը, սակայն այս դեպքում միայն մեր ներպետական խնդիրը չէ. մեր երկրի գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել երկու այլ պետությունների հետ: Այստեղ ավելի շատ դիվանագիտական հարթություն պետք է տեղափոխվենք՝ ինչպես կարող ենք հնարավորինս խուսանավել այդ կետերից: Միակ լուծումը Փաշինյանի հրաժարականն է, որը կարող է բեկում լինել:

Ըստ իս, բոլոր քաղաքական ուժերի կարող մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ է կոմիտե ձևավորել և փորձել կողմերին պարտադրել կրկին վերադառնալ բանակցային սեղանին՝ քննարկելու, գոնե ինչոր կերպ վերանայելու և հնարավորության դեպքում փոքր-ինչ հայամետ դարձնելու այդ անընդունելի կետերը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրվում ու ներկայացվում է, թե այս փաստաթղթով ձերբազատվեցին պատերազմական իրավիճակից և հետագա վտանգներից: Բնավ այդպես չէ, սա նոր վերջի սկիզբն է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30