Այս հոդվածում խոսք կգնա ՀՀ-ն փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանի խորհրդական՝ Բագրատ Բադալյանի մասին, որը հսկայական ներգործություն ունի ճանապարհաշինության բնագավառում, որն իր գործունեությամբ վնաս է հասցրել այս բնագավառի գոյությանը:
Այդ գործունեությունը կատարվել է երկար տարիների ընթացքում, սիստեմատիկաբար, մտածված, քողարկված, այնպես, որ վնասարարությունը չնկատվի միանգամից:
Հյուսիս-Հարավ ճանապարհի մեծ մասը նախագծվել է «Ճաննախագիծ» ինստիտուտի կողմից, որի երկարամյա տնօրենը հանդիսանում էր Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը, իսկ նա կատարում էր տեղակալի կամ գլխավոր ինժեների պարտականությունները, եւ փաստացի կազմակերպում ու վերահսկում էր նախագծային աշխատանքների ողջ ընթացքը:
Ինչպես հայտնի է, ճանապարհի կապիտալ շինարարության դեպքում, փոխվում եւ վերակառուցվում են բոլոր հին կոմունիկացիաները, խողովակները, կամուրջները, ուղեանցերը եւ այլն, հատկապես, եթե նրանք կառուցվել են շատ վաղուց եւ չեն համապատասխանում այժմյան նորմատիվներին:
Կարդացեք նաև
Արտաշատից մինչեւ Աշտարակ հատվածում գոյություն ունեն բազմաթիվ խողովակներ ու կամուրջներ, որոնք կառուցվել են մոտ 30 տարի առաջ, որոնք ունեն բազմաթիվ թերություններ, վնասվածքներ եւ քայքայվածություն:
Նախագծով ոչ մի բան չի նախատեսվել, նրանք մնացել են նույն վիճակով արդեն իսկ կառուցված նոր բետոնային ճանապարհի տակ: Իմ բազմաթիվ ահազանգերը այդ առումով մնացել են անպատասխան, թերեւս նորից նախագծվեցին եւ վերակառուցվեցին մի քանի ուղեանցեր, որոնք բաց էին թողնված հիմնական նախագծի մեջ: Եվ դա չդիտարկվեց որպես նախագծման թերություն եւ կատարվեցին լրացուցիչ վարձատրություն:
Աշտարակից Մարալիկ հատվածում ճանապարհը նախագծվել է առանց հաշվի առնելու նրա ձմեռային պայմաններում շահագործումը, կան այնպիսի տեղեր, որ ձմռան տեղումների եւ հատկապես քամիների ժամանակ նրանք կդառնան անանցանելի, կգոյանան բազմակիլոմետրոնոց խցանումներ: Փոխանակ ճանապարհը նախագծվեր լիցքերով եւ հողային պաստառի բացված շեպերով, հատկապես քամու ներգործության ակտիվ հատվածներում, այն նախագծվել է խորը հանույթներով, եւ արդեն իսկ շատ հատվածներում կառուցումը ընթացքի մեջ է:
Հայտնի է, որ նախագծային աշխատանքների արժեքը գոյանում է օբյեկտի նախահաշվային գնից, որոշակի տոկոսադրույքով, հետեւաբար, ինչքան մեծ է օբյեկտի նախահաշվային գինը, այնքան շատ է վճարվում նախագծողին: Այդ առումով կիրառվել են բազմապիսի հնարքներ, որպիսի տվյալ դեպքում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի գինը թանկ լինի: Այդպես, օրինակ նախատեսվել են բազմապիսի չարդարացված հանույթներ, որպես կանոն հանույթների գրունտերի կատեգորիան բարձրացվել է, նախատեսվել է մշակել պայթեցման եղանակով, այնինչ կարելի է համոզվել, որ պայթեցման աշխատանքներ փաստացի կատարվել է անհամեմատ քիչ ծավալով, օգտագործվել են հիդրոմուրճեր եւ հզոր էքսկավատորներ: Հանույթներ են նախագծվել նաեւ այն հատվածներում, եւ արդեն իսկ իրագործվում են, որտեղ ձմռանը անհնար է լինելու կազմակերպել ձյունամաքրման աշխատանքները:
Ավելի աղաղակող լուծումներ տրվել են նաեւ Արտաշատից Քաջարան հատվածում, թերեւս, այդ հատվածի աշխատանքները դեռ չեն սկսվել եւ կարելի է վերափոխել նախագիծը, համապատասխան կամք եւ գիտելիքներ ունենալու դեպքում:
Անթիվ անհամար թերություններ են արձանագրված նաեւ վարկային կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի եւ Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի վերակառուցման նախագծերում, թերեւս այդ մասին կխոսեմ մյուս հոդվածներում:
Հարց է առաջանում, թե ինչպիսի մեծ ազդեցություն են ունեցել երկար տարիներ հայր ու որդի Բադալյանները ճանապարհաշինության բնագավառում, որ նրանց հաջողվել է բաց թողնել բազմաթիվ եւ բազմապիսի թերություններով նախագծեր, դրանք անցել են պետական էքսպերտիզա, հաստատվել են պատվիրատուի կողմից եւ մտցվել են շրջանառության մեջ, եւ ոչ մի տույժ ու տուգանք չի կիրառվել նրանց նկատմամբ: Չե որ այլ պայմաններում նման գործելակերպի համար կարելի է զրկվել լիցենզիայից եւ սնանկանալ:
Միգուցե այստեղ է պետք գտնել Բագրատ Բադալյանի ահռելի հարստության բանալին՝ անցյալ տարի տարածքային նախարարի տեղակալը հայտարարագրել էր 86 մլն. ՀՀ դրամ եւ 200 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, չհաշված ավելի մեծ արժողությամբ հնաոճ ավտոմեքենաների շարասյունը եւ անշարժ գույքը:
Պատահական չէ, որ անցյալ տարի հոկտեմբերի 16-ին եւ 24-ին «Առավոտ»-ում, «Հրապարակ» օրաթերթերում լույս տեսած հոդվածներից հետո, Բագրատ Բադալյանին ազատեցին աշխատանքից, բայց Տիգրան Ավինյանը նետեց իր փրկօղակը, տեղավորելով որպես խորհրդական, թողնելով «միակ մասնագետի» ազդեցությունը ճանապարհային բնագավառի վրա: Զարմանալի չէ, որ այդ հոդվածների նյութերի վրա պատշաճ ուշադրություն չդարձրեցին իրավապահ մարմինները: Բայց մինչեւ ե՞րբ:
Հիմա չեմ հարցնում թե ինչ արժանիքների համար նրան նշանակեցին նախարարի տեղակալ, որ չուներ արտադրական ճանապարհաշինարարական ձեռնարկության եւ կառավարման հարուստ փորձ, եւ թե ինչ ակնկալիքներ ունեին նրանից, թերությունների եւ բազմապիսի խախտումների, կոռուպցիոն գործարքների բացահայտման գործում:
Ի վերջո, ժամանակին ժամացույցի պես աշխատող Ճանապարհների շինարարության եւ շահագործման նախարարությունը, տարբեր մանիպուլիացիաներից հետո, նրա ակտիվ ջանքերով եւ մասնակցությամբ, այսօրվա դրությամբ դարձրեցին Ճանապարհային դեպարտամենտ, որը ենթարկվում է ոչ մասնագետ նախարարի տեղակալին (Քրիստինե Ղալեչյան), ղեկավարվում է ոչ մասնագետ Դեպարտամենտի տնօրենով (Ստեփան Մաչյան), եւ ոչ մասնագետ երկու տեղակալներով (Խորեն Գրիգորյան եւ Նարեկ Զուլալյան): Բացի այդ կենսական նշանակության ճանապարհների բարելավման վարկային ծրագրի ղեկավարը, եւս մասնագետ չէ (Լյուդմիլա Աղաբեկյան):
Պատկերացնում եք, թե ինչ՞ վիճակում են նրանք հայտնվում շինհրապարակներում, բազմաթիվ տեխնիկական հարցերի քննարկումների անհրաժեշտության դեպքերում:
Ինչ՞ կարող են նրանք անել ստեղծված իրավիճակը շտկելու համար՝ իհարկե ոչինչ:
Արդյոք սա կոռուպցիոն դրսեւորումների արդյունք չէ: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել:
Սա նոնսենս է՝ որ հանրապետության համար կարեւորագույն ճանապարհային բնագավառի ամբողջ ղեկավար կազմը լինի ոչ մասնագետ: Սա անհարգանք է թե՛ ճանապարհաշինարար-ինժեներ մասնագիտության նկատմամբ, եւ թե՛ միտումնավոր, պլանավորված վնասարարություն է:
Սա չի արդյոք բնագավառի կազմաքանդելու ամենաքողարկված ձեւը: Լավ այս մարդիկ առյուծի սիրտ ունեն, որ ստանձնել են ահռելի պատասխանատվություն եւ գործ ունեն հսկայական ֆինանսական հոսքերի կառավարման հետ, թե նրանց թվում է, որ տարատեսակ թերությունների եւ չարաշահումների համար պատասխան են տալու միայն ստորադասները, իսկ նրանք միայն կոմպյուտերով աշխատելու եւ հերթապահ խոսքերի ու ճառերի համար են:
Գտնելու ենք ամեն մեկին վերաբերվող եւ ամեն մեկի պատասխանատվության ներքո կատարվող չարաշահումները, կամ պաշտոնի ոչ պատշաճ կատարումը եւ ներկայացնելու ենք հանրությանը եւ իրավապահ մարմիններին:
2019 թ-ի նոյեմբերի 12-ին մամուլում հրապարակվեց նաեւ ճանապարհաշինության ծրագրերում կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմների մասին հոդվածը:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. առաջին 9 ամիսներին ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ. Ընդհանուր առմամբ 2018 եւ 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23 մլրդ 671 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին 18 մլն ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ 2018 եւ 2019 թթ. հարուցված 18 գործերից 9-ը հարուցվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում, եւ այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր եւ այլ աշխատակիցներ: Մնացած ծրագրերը հերթի մեջ են:
Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերին վերաբերող կոռուպցիոն չարաշահումների դեպքերով բոլոր գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ ի հայտ են բերվել առավել տարածված եւ սխեմատիկ բնույթ կրող մեխանիզմները:
Արձանագրվել են դեպքեր, երբ ճանապարհաշինական գործող նորմերին ակնհայտորեն հակասող ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքների նախագիծը երաշխավորվել է որպես ՀՀ օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանող եւ դրանց հիման վրա կատարվել են պետական գնումներ, կնքվել պայմանագրեր, կատարվել ասֆալտապատման, բետոնապատման՝ սահմանված նորմերին չհամապատասխանող աշխատանքներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում չարաշահումների ժամանակին չբացահայտման հիմնական պատճառն այն է, որ այդ գործընթացի նկատմամբ հսկողական կամ վերահսկողական լիազորություններ ունեցող պետական համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձինք չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները:
Վահան ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2020