Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Բանակցային գործընթացում կան շատ անորոշություններ, ինչպես եւ մեր ստորագրած հայտարարությունում»

Նոյեմբեր 14,2020 00:11

«Ընդդիմությունն ասում էր, որ այս 40 օրերի ընթացքում իրենք իշխանությանն անընդհատ ասել են՝ եթե չեք կարողանում, եթե չի ստացվում, ապա իշխանությունը հանձնեք մեր ստեղծած կոմիտեին եւ մեր ներուժը ներդնելով՝ կփորձենք բեկում մտցնել…ինչո՞ւ չկայացավ նման խոսակցություն»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում այսօր Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Նա պատասխանեց. «Կներեք, բայց հարց է ծագում՝ ո՞վ պետք է որոշեր, թե ինչ կազմ ունի այդ կոմիտեում, ովքեր են ընդգրկվում, ինչ լիազորություններ ունի այն: Ո՞վ է որոշելու, որ այդ կոմիտեն ՀՀ-ում իշխանություն ունի: Դա նշանակում է պետական ինստիտուտների վերացում: Իսկ երբ իմանանք, թե այդ կոմիտեն ինչ լիազորություններ ունի, ո՞ր օրենքը պետք է բացենք, սահմանադրության ո՞ր հոդվածը նայենք, որպեսզի հասկանանք, թե դա ինչ մարմին է եւ ինչի համար է գործում»:

Պետրոս Ղազարյանը նաեւ հետաքրքրվեց՝ «քաղաքական ուժերն ասում են, որ մի քանի անգամ հանդիպել եք իրենց հետ եւ ներկայացրել իրավիճակը, որ վիճակը ծանր է: Ինչո՞ւ այդ ժամանակ չդիմեցիք հանրությանը: Դուք սիրում եք խոսել մարդկանց հետ: Այդ ժամանակ դիմեիք եւ ասեիք, որ եթե վաղը կշարունակենք, կլինեն ավելի շատ զոհեր եւ տարածքներ…քաղաքական ուժերն ասում են՝ ձայն չհանեցինք, որ չխանգարենք վարչապետին: Ստացվում է, որ բոլորը լռել են՝ իմանալով, թե ինչ է կատարվում»: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ երկու հանգամանք պետք է դիտարկել՝ իրավիճակը փոխելու  հեռանկար կա՞ եւ ո՞րն է պատերազմը կանգնեցնելու գինը. «Հիմա որքան ցավոտ է ընդունվում երեք տարածք վերադարձնելը: Իսկ որքան ցավոտ կլիներ, ընդ որում այն իրավիճակում, երբ ԳՇ-ի եւ Արցախի ղեկավարության գնահատմամբ՝ այդ տարածքները պահել այլեւս հնարավոր չէ, կամ եթե Քարվաճառի մի հատվածը հնարավոր է պահել, Արցախի ողջ տարածքը կորսվելու է…միանշանակ կորսվելու է: Այսինքն, այդ որոշումը կայացվել է այն պահին, որ ակնհայտ է եղել՝ պայքարն այլեւս իմաստ չունի: Դրանից առաջ չի եղել իրավիճակ, որ պայքարն իմաստ չունենա: Մեր բանակը, ԳՇ-ն, ՊԲ-ն, կռվել են մինչեւ վերջ, մինչեւ վերջին րոպեն»:

Պետրոս Ղազարյանը հարցրեց՝ «այսինքն, ձեզ զինվորականներն ա՞յդ օրն են ասել, որ այլեւս իմաստ չունի»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել: Իհարկե, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, բայց մատակարարումների եւ հակաօդային պաշտպանության խնդիրները փորձել ենք ճիշտ ձեւով լուծել: Երբ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրները, որոնք մենք ձեւակերպել ենք, բեկում մտցնել տրամաբանության մեջ, եւ սրա համար արել ենք հնարավորը: Ո՞րն է այն կետը, որում մենք դա արձանագրել ենք: Դա Շուշիի անկումն է: Ուզում եմ նաեւ ասել, հանրությունը պետք է իմանա, որ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Բանակցային գործընթացում կան շատ անորոշություններ, ինչպես եւ մեր ստորագրած հայտարարությունում: Բանակցային բովանդակության 70-80 տոկոսն անորոշ է եւ մեկնաբանությունների տեղիք կա, բայց բանակցային գործընթացի պատմության մեջ մի բան կա, որը որոշակի է՝ ԼՂ հարցի կարգավորման նպատակը. առաջին. Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30