Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքական՝ նույնիսկ սիրողական մակարդակի գործչի առաջին պարտականությունն է զգալ վերահաս վտանգը եւ երկիրն ու ժողովրդին ոչ թե պառակտել, այլ նախապատրաստել միասնական դիմադրության». «Ազգ»

Նոյեմբեր 14,2020 09:10

Տասաներորդ ժամի մի «փրկիչ» էլ ցցվել է մեր երկրում հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը ամենօրյա «լայվերով» փորձում է համոզել մեզ, որ իր ստորագրած անձնատվական փաստաթուղթը փրկությունը դարձավ մեր երկրի, ժողովրդի եւ «20 հազար զինվորների»: Մինչդեռ հենց այն օրերին, երբ պատրաստվում էր ստորարգել հայտարաությունը, ոչ մի «լայվով» լայեղ չարեց դիմելու իր «սիրած, պաշտած, հպա՛րտ» քաղաքացիներին, լիազորությունը ստանալ նրանց՝ նման քայլ առնելուց առաջ, բուն Արցախի կեսը թշնամուն զիջելուց եւ Հայաստանի հարավից թուրքերին սուվերեն անցուղի տալուց առաջ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նորօրյա «փրկիչ», որը ամբողջ 2,5 տարի ուներ այս դառնագույն բաժակը ժողովրդի շուրթերից հեռու պահելու, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ու նրան աջակցողների դավադիր ծրագրերը ուսումնասիրելու եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար, փոխանակ երկարուձիգ ամիսների ընթացքում իր «դեմոկրատակա՜ն սխրագործություններով» գլուխ գովելու, Սահմանադրական եւ մյուս դատարանները վարկաբեկելու, «հակակոռուպցիոն պայքարի» անվան տակ բռնոցի ու թռնոցի խաղալու, ազգի փողերով յուրայիններին իր շուրջը պահելու, հինգ անգամ ԱԱԾ պետ փոխելու, Արցախում իշխանական խաղեր տալու եւ, առնվազն, covid-19-ի դեմ թթի օղիով, պինցետներով ու դիմակներով պայքարելու:

Անշուշտ նա ճիշտ էր, երբ պնդում էր, թե իր նախորդները անհրաժեշտը չեն արել երկրի պաշտպանությունը կատարելապես ապահովելու, բանակցային գործընթացը նպաստավոր ուղիով առաջ տանելու համար: Սակայն պետական մարդու, քաղաքական՝ նույնիսկ սիրողական մակարդակի գործչի առաջին պարտականությունն է զգալ վերահաս վտանգը եւ երկիրն ու ժողովրդին ոչ թե պառակտել, այլ նախապատրաստել միասնական դիմադրության: Իսկ չհաջողելու պարագայում հրաժարական ներկայացնել ու տեղը զիջել ավելի ձեռնհաս մարդկանց, անցնցում: Այդպես են վարվում քաղաքակրթված երկրներում բարոյականությունը հարգող գործիչները: Նման պարագայում այդպես են մերժում, արդեն ժողովրդի՛ կամքով, պարտադրվող պայմանները եւ ժամանակ շահելով ազգային ուրիշ գործիչների են հանձնում նման փաստաթղթերը սրբագրելու դժվարին պարտականությունը:

Հիմա ժամանակն է, որ նա հեռանա, ինքնակամ: Մեզ՝ ցնցակաթվածի մեջ գտնվող մեր ժողովրդին պետք չեն նոր ցնցումներ: Չենք դիմանա: Մեզ պետք է, շատ շտապ, ազգային միասնականությունը, դիմադրողականությունը ամրապնդող ղեկավար նոր մարմին, որպեսզի փորձենք վերախմբագրել տալ ստորագրված- բայց դեռեւս չվավերացված ու չվավերացվելիք համաձայնագիրը, առաջքն առնել բարոյալքումի, ամբողջական հուսահատության, հայրենալքումի:

Դեռ ուշ չէ, կարող ենք ինչ-որ բան փոխել: Անձնատուր պետք չէ լինել: Համանախագահող մյուս երկրները, եւ առաջին հերթին՝ Ֆրանսիան, դեռ մեր պետքն ունեն բանակցային հարթակը վերականգնելու, իրենց խոսքն ասելու: Ռուսներն անգամ դեռ մեր պետքն են ունենալու ահաբեկչական եռյակից պաշտպանվելու: Դեռ շատ գործեր ունենք անելու: Պայքարը դեռ շարունակվելու է, «գրչով լինի թե թրով»:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30