Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր բանակ ստեղծելու ճանապարհին

Նոյեմբեր 14,2020 12:00

Մի քանի տնտեսական քայլեր, որոնք բանալին են ազգային իղձերի իրականացման

Արցախյան գոյամարտը պատերազմ է նաեւ տնտեսական դաշտում: Եթե չքննարկենք պատերազմում թույլ տրված ռազմավարական, եւ հատկապես դիվանագիտական սխալները, ապա պետք է արձանագրենք ոչ պակաս կարեւորվող տնտեսական քաղաքականության բացթողումները, որոնք էական դերակատարում ունեցան պատերազմի ելքի վրա: Անկախացումից ի վեր, վերջին երեսուն տարիներին չկարողացանք ուղղել արտաքին պարտքի տակ կքած հայրենի տնտեսության ողնաշարը, անհեռատես տնտեսական քաղաքականությամբ նպաստեցինք երկրից կապիտալի փախուստին, փոխարենը չկարողանալով ապահովել օտարերկրյա ներդրումային գրավիչ դաշտ:

Հետպատերազմական շրջանում մեր հայրենիքը կանգնեց տնտեսական նոր մարտահրավերների առջեւ: Պատերազմական ավերածությունների վերականգնում Արցախում, հայկական բանակի զինանոցի համալրում եւ արդիականացում, զոհված եւ հաշմանդամ դարձած մեր տղաների ընտանիքների արժանապատիվ սոցիալական պայմանների ապահովում, ահա առնվազն այն պարտադիր պայմանները, որ մեզ պարտավորեցնում է պատերազմի ավարտը: Սակայն, առաջիկա տարիներին դրան զուգահեռ կարեւորվում է նաեւ երկրի տնտեսության արագընթաց հզորացումը, որն առաջին հերթին հասցեագրվելու է արդիական եւ մարտունակ բանակի ստեղծմանը: Քանի դեռ մենք ունենք թուրքալեզու հարեւաններ, ապա պետք է ունենանք նաեւ ցանկացած պահին նոր պատերազմ սկսելու սպասումներ: Իսկ այդ պատերազմում անպայման կհաղթենք, եթե կատարենք հետեւյալ տնտեսական քայլերը:

Առաջին, համախմբել երկրի եւ սփյուռքի տնտեսական ռեսուրսները ի նպաստ ռազմարդյունաբերության զարգացման, արտադրելով ժամանակակից զինատեսակներ, որոնք նաեւ կարտահանվեն եւ կվաճառվեն միջազգային շուկաներում: Չեմ կարծում, որ Իսրայելը մեր նկատմամբ այդ առումով ունի առանձնահատուկ առավելություններ:

Երկրորդ, ազատագրվել սփյուռքից, միջազգային դոնորներից փող խնդրելու սկզբունքից: Աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունները հրավառության պես մի բան են, որ մեկ ակնթարթ երեւում են ֆինանսների երկնակամարում եւ հաջորդ ակնթարթում մարում ու հանգչում: Հիմա եկել է այն ժամանակը, որ առավելապես անհրաժեշտ են ոչ թե նվիրատվություններ` այլ ներդրումները հայրենիքում, դրանով իսկ կուտակելով ու բազմապատկելով ազգային տնտեսության զարգացման պաշարները:

Երրորդ, չպետք է տուրք տալ հուսախաբությանը եւ անտեսել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը: Ամեն ինչ արվելու է, որ Արցախը հայաթափ չլինի, առաջարկելով այնտեղ գործարարություն վարելու համար գրավիչ պայմաններ: Շատ կարեւոր է նաեւ, որ յուրաքանչյուր հայ գործարար իր ձեռներեցության ինչ-որ հատված, լինի այն մեծ կամ թեկուզ շատ փոքր, փոխկապակցի Արցախի տնտեսության հետ:

Ի վերջո, պետք է քաջ գիտակցենք, որ գոտիներս ձգելով, կազմակերպելով հայրենանվեր տնտեսվարում, ունենալով հզոր տնտեսական համակարգ, կունենանք նաեւ հզոր բանակ, որն անպայման իր գործը կանի տեսանելի ապագայում: Ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ թվարկածս քայլերը սոսկ զգացմունքային ձեւակերպումներ չեն եւ իրատեսական են, որոնց իրագործումը մեզ համար կլինի հասանելի, եթե ամեն օր մեր գործն սկսենք ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ – ՀԶՈՐ ԲԱՆԱԿ տրամաբանությամբ:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
13.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30