«Քննադատություն եւ հարցադրումներ կան Շուշիի անկման հետ կապված: Պաշտոնապես մեր եթերով ասվեց, որ ազատագրում ենք Շուշին, ճիշտ է՝ մի օրով տվել ենք, բայց հետ ենք վերցրել, մյուս օրը հայտարարվեց, որ Շուշին ընկել է եւ մենք տալիս ենք համաձայնությունն այդ հայտարարությունը ստորագրելու: Մարդիկ ասում էին՝ եթե հետ ենք վերցրել, եթե պայքարում ենք, Շուշին անառիկ ամրոց է, ինչպե՞ս տվեցինք Շուշին»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր հետաքրքրվեց Պետրոս Ղազարյանը: Փաշինյանը նշեց. «Նախ, Շուշին, այո, ընկել է, եւ երկու անգամ ազատագրելու, հետ գրավելու փորձեր են եղել: Առաջինն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի, դիրքավորվել: Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, եւ ըստ էության, շարունակել է մնալ ընկած»:
Վարչապետը շարունակեց. «Շատ միֆեր կան նաեւ Շուշիի հետ կապված, օրինակ՝ ինձ հենց այդ օրերին լուր տվին, որ հիսուն հոգանոց խումբ կա Շուշիում, դա այն ժամանակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է: Բնականաբար, ով տվեց այդ տեղեկությունը, կոնտակտներ խնդրեցի որեւէ մեկից, ով Շուշիում է: Փոխանցեցի զինվորականներին, որովհետեւ այլ ալիքով էր եկել տեղեկությունը: Հետագա պարզաբանումների արդյունքում պարզվեց, որ այդ անձը գտնվում է իրականում Ստեփանակերտում: Նկատի ունեմ այն, որ շատ դեպքերում տարածվում էին տեղեկություններ, որոնք ճշգրտումերի ընթացքում հերքվում էին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ