Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն քայլականների՝ մենք դռների մոտ դագաղ դնողներից չենք»․ ակցիայի կազմակերպիչը՝ Կարեն Սարուխանյանի տան վրա գնալու մասին

Նոյեմբեր 13,2020 23:47

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրում ևս հնչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Ակցիայի մասնակիցները նախ ելույթ են ունեցել Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, այնուհետ այցելել  իշխանական պատգամավորների տների մոտ՝ նրանց հորդորելու չմասնակցել «հայրենիքի դավաճանությանը»։

Նրանց այցից հետո Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նախազգուշացնելով․ «Ուղղակի բախտներդ բերել է, որ տանը չեմ եղել, ոչինչ, մեր թուլությունը ուղղելու ենք։

Եթե մեկ էլ փորձեք իմ տան դիմաց երևաք, իմ ընտանիքին ինչ- որ ուլտիմատումներ ներկայացնեք, առիթից օգտվելով, որ տանը չեմ եղել, իմացեք՝ վզներդ իմ ձեռքով եմ կտրելու, այ …

Թավիշ չի՜ լինելու»։

Պատգամավորն Aravot.am-ին պարզաբանել էր, որ ակցիայի մասնակիցները՝ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական «թափթփուկներ» 10 ավտոմեքենաներով շարվել են իրենց դռան առջև՝ իրեն դուրս կանչել, իսկ տանը եղել են միայն կինն ու երեխաները։ Ըստ պատգամավորի, «տան վրա հասնելն անընդունելի է»։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց նաև ակցիայի կազմակերպչի՝ Կարապետ Պողոսյանի հետ, որը, սակայն, պնդեց ոչ մի ավելորդություն իրենց թույլ չեն տվել․  կան տեսանյութեր տեղադրված իր ՖԲ էջում․ իրենք իրադարձությունների վայրից ուղիղ եթեր են մտել։

«Մեր երեկվա ակցիան եղել է խաղաղ, քանի որ Հայաստանի Հանրապետության գիտակցող հանրությունը շատ լավ հասկանում է, իր համար պարզ է, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ուղղակի դավաճանական ակտով հանձնեց մեր տարածքները։ Ես ինքս էլ այդ օրերին որպես  Արցախում եղած մարդ, իմ  բոլոր ընկերների, նաև ռազմական գործիչների հետ զրուցելուց հասկացել եմ, որ և՛ մոբիլիզացիան է շատ վատ կազմակերպված եղել, և՛ տեղում են շատ խնդիրներ եղել, ուզել են կռվել, բայց անկանոն նահանջներ են եղել։ Այսինքն՝ կա մի ընդհանուր պատկեր, որը հստակ ցույց է տալիս՝ Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքը հանձնել է։

Գիտեք, երկու օր առաջ ստեղծվեց Հայաստանի փրկության կոմիտե, որն Ազգային ժողովի դիմաց դիմեց բոլոր պատգամավորներին, խնդրեց մասնակիցը չդառնալ այս դավաճանական ակտին, քանի որ դեռևս հնարավորություն ունենք իրավիճակը շտկել։  Մենք՝ գյումրեցիներով որոշեցինք շրջել մեր քաղաքում, գնալ քայլական ու առհասարակ բոլոր պատգամավորների կեցավայրերը, հանգիստ, խաղաղ իրենց դիմել, հորդորել, որպեսզի իրենք կանգ առնեն, հասկանան՝ ինչ է կատարվում և համապատասխան գործողություններով թույլ չտան դավաճանական ակտը գործի։

Գնացել ենք Սարուխանյան Կարենենց տան մոտ, բնականաբար մեքենայից իջնելուց, ուղիղ եթերում էլ է դա շատ լավ երևում, մասնակիցներին կոչ եմ արել, որ ոչ մի ավելորդություն թույլ չտան, ուղղակի անցկացնենք մեր խաղաղ ակցիան, քանի որ ի տարբերություն քայլականների՝ մենք ունենք դաստիարակություն, շատ լավ հասկանում ենք, գնահատում ենք՝ ինչ բան է ընտանիքը, ինչ բան է տունը, ինչ բան է օջախը և, բնականաբար, որևէ ավելորդություն չէինք կարող թույլ տալ։

Մենք ընդամենը պետք է հորդորեինք, ավելին  ասեմ ՝ եթե Սարուխանյան Կարենն առհասարակ մարդ լիներ, գուցե և ես իրեն զանգահարեի և առանձին խոսեի, բայց հաշվի առնելով իր  բնավորությունը՝ ես խուսափեցի զանգել, որովհետև կարող է գնար ոստիկանություն, հայտարարություն տար, թե օրինակ՝ ես իրեն ահաբեկել եմ կամ գուցե կաշառելու փորձ եմ արել», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Ըստ նրա, այդ պատճառով էլ որոշել են հրապարակային, ուղիղ եթերով դիմել նաև Կարեն Սարուխանյանին։

«Ուղիղ եթերով շատ հստակ երևում է, երբ որ հասել ենք իրենց դուռ, պատահական նկատեցինք, որ իր կինն ու երեխան եկան, հենց այդ ժամանակ հորդորել եմ, ասել եմ՝ որևէ մեկդ հանկարծ որևէ ավելորդություն, հայհոյանք թույլ չտաք։ Ես հարգում եմ ընտանիքը, ինձ համար ցանկացած ընտանիք սրբություն է, ես ստացել եմ այդ դաստիարակությունը։ Եթե հիշում եք, 2018 թվականին իրենք մարդկանց դռների մոտ սև ժապավեններ էին կախում, դագաղներ էին դնում, մենք մեզ երբեք թույլ չենք տա, նորից եմ կրկնում, մեզ համար կան սրբություններ։

Մենք իրականացրել ենք շատ խաղաղ ակցիա, այդ ակցիայի արդյունքում որևէ մեկը չի տուժել, նույն Սարուխանյան Կարենի հորեղբայրն այդ պահին եղել է դրսում, կադրերում երևում է, որ այդ մարդու հետ մենք շատ հանգիստ, հարգալից զրուցում էինք, նույնիսկ իրեն հետաքրքիր էր, թե այս դավաճանի հրաժարականից հետո մենք ո՞նց ենք փրկելու իրավիճակը։ Ես փորձել եմ այդ մարդուն նաև հնարավորինս ներկայացնել մեր տեսակետը, թե մենք ինչ կունենանք Փաշինյանի հրաժարականից հետո։ Հետո կադրերում երևում է, որ իր հետ առանձին զրուցելով շատ նորմալ, շատ հանգիստ, գուցե և որոշակի ջերմությամբ  ուղեկցել եմ իրենց տան մոտ։ Հասկանալի է, այդ պահին գուցե մեկը սադրանք աներ, և ես չէի ուզենա, որ արդյունքում և՛ մեր ակցիան տապալվեր, և՛ տհաճ իրավիճակներ ստեղծվեին։

Ընդամենն այդքան է եղել, իսկ ինչ վերաբերում է վիզ կտրելուն, Սարուխանյան Կարենն ի վիճակի չէ որևէ մեկին նույնիսկ երկար նայի, եթե այդ մարդն առավել ևս մտահոգված է այս ազգի դարդ ու ցավով։ Ինքը պատահաբար է ԱԺ-ում հայտնել և եթե կամազուրկ չլիներ, չէր հայտնվի, Փաշինյանը թույլերին ու կամազուրկներին է տարել Ազգային Ժողով, հակառակ դեպքում իրենց մեջ կլինեին մարդիկ, ովքեր այս պահին դուրս կգային ու  կմտնեին պայքարի, թույլ չէին տա այսպիսի հայրենադավություն»։

Կարապետ Պողոսյանը նաև ասաց, որ Կարեն Սարուխանյանը զանգահարել է իրեն, փորձել է սպառնալ։

«Այդ ժամանակ ես ավելի կոպիտ խոսեցի, նաև ուղիղ եթերում եմ հայտարարել այն, ինչ մտածում եմ իր մասին»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Վերջինս նաև  ասաց, որ իրենք եղել են նաև «Ցայգ» հեռուստաընկերության մոտ, քանի որ հստակ չգիտեին ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ընտանիքը Գյումրիում տուն ունի, թե ոչ, դրա համար էլ  կոչով գնացել, դիմել են պատգամավոր մորը՝ Մարգարիտա Մինասյանին։

«Կոչով անձամբ դիմել եմ Նազելիի մորը՝ իմ վաղեմի ընկերոջը՝ տիկին Մարգարիտա Մինասյանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հրաշալի մարդ է, հին ընկեր է, նաև «Հանրապետական» կուսակցության անդամ է, ով վերջին երկու տարվա ընթացքում խնդրել է, որ իրեն հանկարծ չհեռացնեն կուսակցության շարքերից։ Ես իմ հին  ընկերոջն են դիմել, խնդրել, որպեսզի  հորդորի իր դաստիարակած աղջկան հետ կանգնել ազգային դավաճանությունից։

Դրանից հետո փորձել ենք ճանապարհը շարունակել մյուս պատգամավորների մոտ գնալու համար, սակայն ոստիկանությանը համապատասխան ցուցում է տրված եղել, որ մեզ ձերբակալեն, մեր մեքենաներն առգրավեն։ Մեզանից ութ հոգու բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» և  «Մուշ» բաժիններ, մեքենաներից հինգը գտնվում է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման վայրում, հրաժարվում են մեքենաները տալ, որպեսզի կարողանային մեզ զրկել  այսօր Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին մասնակցելուց»։

Կարապետ Պողոսյանը նաև ասաց, որ ոստիկանությունը որևէ ավելորդություն, օրենքի խախտում թույլ չի տվել, բացառությամբ ՃՈ կողմից իրենց մեքենաներն ապօրինի պահելուց։

«Ակցիային մասնակցում էին բոլոր նրանք, ում համար այս երկիրը թանկ է, ովքեր դեմ են երկրի ժողովրդին ստորացնելուն։ Վտանգավոր մի կետ կա սրա մեջ ․70 տարի մենք մեզ համարում էինք ցեղասպանության ենթարկված, ինքնապաշտպանությունից զուրկ ժողովուրդ, համենայնդեպս մեզ այդպես էին դաստիարակել։

Երեսուն տարի կարողացանք ինքներս մեզ հաղթող ժողովուրդ համարել ու հիմա մեզ նորից փորձում են ստորացնել, սա հետագա սերունդների դաստիարկության համար շատ վտանգավոր է, չասեմ, որ մեր հողերն ենք կորցրել, մեր տունն ենք կորցրել, մարդիկ իրենց տներն այրում են, որպեսզի չթողնեն թուրքին, հոր գերեզմանն է քանդում, որպեսզի իր հետ բերի Հայաստան։ Շատ սարսափելի բաներ են տեղի ունենում, ցանկացած մեկը, ով մի փոքր ի վիճակի է տրամաբանելու, մտորումներ ունենալու, հասկանում է՝ ինչ է տեղի ունենում»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30