Ռուսական «Վզգլյադ» թերթը ծավալուն հոդված է հրապարակել՝ բացահայտելով, թե որ թուրք գեներալներն են մասնակցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:
Մի քանի օր առաջ Ղարաբաղում հարձակողական գործողության ամենաթեժ օրերին միանգամից մի քանի ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նաջմեդդին Սադիգովի հեռացման, իսկ հետո նաև ձերբակալության մասին: Չնայած Ադրբեջանը պաշտոնապես դա հերքեց, բայց դրանից հետո Սադիգովը չի երևացել, իսկ նրա էջն անհետացել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքից, գրում է թերթը:
Գեներալ Սադիգովի տակ աթոռը վաղուց էր ճոճվում: Դեռ ամռան կեսերին Հարավային Կովկասի երկրների մեդիա տարածությունում տարածվեց մեղադրանքների մի ամբողջ փաթեթ: Սադիգովին մեղադրում էին Դաղստանում ծնված լինելու և լեզգիական ծագում ունենալու, ադրբեջաներեն լեզուն չունենալու, Ռուսաստանում բարեկամներ ունենալու մեջ: Իսկ գլխավորը՝ նրանում, որ նրա եղբորորդին իբր ծառայել է ռուսական բանակում Հայաստանի տարածքում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում:
Այս ամենն ավելորդ անգամ հիշեցնում է, որ ադրբեջանական բանակում լիարժեք պառակտում է: Այն երևում էր վաղուց, իսկ ակտիվ ռազմական գործողությունները միայն դա խորացրին և սրեցին: Թուրք խորհրդականները նախկինում էլ ադրբեջանական բանակում զգալի ազդեցություն ունեին, պատասխանատու էին ուսուցման և վերազինման համար, սակայն Ղարաբաղում գործողությունների սկսվելուց հետո ավելի գերիշխող դիրք գրավեցին, գրում է թերթը: Դա բոլորին չէ, որ դուր եկավ: Նույն գեներալ Սադիգովին էին վերագրում մի արտահայտություն, որը նա ասել էր խորհրդակցություններից մեկի ժամանակ. «Եթե մենք թուրքերին հանձնենք բանակը, գուցե մեր կանա՞նց էլ հանձնենք»:
Կարդացեք նաև
Ըստ թերթի աղբյուրների՝ Ադրբեջանում բանակը մաքրում են այն սպաներից ու գեներալներից, որոնք իրենց ծառայությունը սկսել էին Խորհրդային Միությունում, սովորել խորհրդային ռազմական ուսումնարաններում և հետևաբար կարող են ունենալ բանակային ընկերներ հետխորհրդային այլ պետություններում, այդ թվում Ռուսաստանում և Հայաստանում: Առանցքային պաշտոններում նշանակում են նրանց, որոնք փորձաշրջան և ուսուցում են անցել Թուրքիայում: Նրանց էլ կցում են թուրք խորհրդականներ:
«Թուրքիայի ցամաքային ուժերի օպերատիվ կառավարման ղեկավար գեներալ Մայոր Բախթիյար Էրսայի կողմից գլխավորվող խումբը ուղղակիորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը,- «Վզգլյադ»-ին պատմել է Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած պաշտոնյան, որի անունը թերթը չի հրապարակում:- Էրսայը գտնվում է Բաքվում է: Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Նաջմեդդին Սադիգովի հեռացումից հետո նա անձամբ է ղեկավարում գլխավոր շտաբը Ղարաբաղի դեմ գործողությունների հարցերով: Գործողությունների ընթացքի վերաբերյալ նա զեկուցում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը»:
Բացի այդ, Ղարաբաղի գործողության պլանավորմանն ու իրագործմանը մասնակցել է գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը՝ Թուրքիայի ցամաքային ուժերի երրորդ դաշտային բանակի հրամանատարը: «Նա Ադրբեջան էր եկել սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ դրանից առաջ՝ ամռանը: Օգնայը ու ևս մի քանի թուրք գեներալներ իրականացնում են թուրք-ադրբեջանական համատեղ հարձակողական գործողությունների պլանավորումը»,- ասել է թերթի զրուցակիցը:
Գեներալներ Էրսայի և Օնգայի՝ հակամարտությանը մասնակցելու մասին տեղեկատվությունը գաղտնի մնալու պայմանով «Վզգլյադ»-ին հաստատել է Բաքվի ևս մեկ աղբյուր՝ նախկին բարձրաստիճան դիվանագետ: «Ըստ իմ տվյալների՝ Էրսայը Ղարաբաղում ամբողջ օպերացիայի ռազմական ղեկավարն է եղել»,- ասել է նա:
Գեներալ Էրսայը փակ և ոչ հանրային կերպար է, գրում է թերթը: Մինչ այժմ նա չի հիշատակվել ո՛չ ռուսական, ո՛չ անգլիալեզու մամուլում: Անգամ թուրքական մամուլում Էրսայի անունը շատ քիչ է հանդիպում:
Գեներալի առավել լիարժեք պատմություն 2016թ. օգոստոսին ներկայացրել է Hürriyet թերթը: 2003թ. հետախուզության սպա Էրսայը մասնակցել է այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ ռազմական դավադրության փորձի:
Հեղաշրջման մասին տեղեկատվությունը բացահայտվել էր միայն 2010թ.: Էրսայը ձերբակալվել էր և դատապարտվել 16 տարվա ազատազրկման, բայց հենց դատավճռից հետո ներման էր արժանացել: Թուրքական իշխանությունների նման մեղմ վերաբերմունքի պատճառը պարզ չէ: Ըստ որոշ տվյալների՝ Էրսայը գործարքի է գնացել և վկայություն տվել դավադրության այլ մասնակիցների դեմ:
Դրանից հետո նա ստացել է բրիգադի գեներալի կոչում և ուղարկվել «քրդական ճակատ»՝ գլխավորելով Commando 2-րդ բրիգադը, որն ակտիվ մասնակցություն էր ունենում Թուրքիայի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության զինված խմբավորումների դեմ ռազմական գործողություններին: Նա ոչնչացրել է մի քանի հարյուր քրդերի, համարվել է «հակապարտիզանական պատերազմի» լավագույն մասնագետներից մեկը:
«Նրանց մասին միայն գիտեմ այն, որ նրանք պատժիչներ են: Նրանք գործել են շատ դաժան, այդ թվում խաղաղ բնակիչների հանդեպ, որոնք համակրում էին PKK-ին: Գերիներ չեն վերցրել, բայց թուրք զինվորականներին դա բնորոշ է: Զինվորների մեջ եղել են բազմաթիվ կամավորներ, եղել են նաև «Գորշ գայլեր»: Այդ բրիգադը վատ հեղինակություն ունի»,- թերթին պատմել է հոլանդական «Սոցիալիստական այլընտրանքային քաղաքականություն» ծայրահեղ ձախ կուսակցության ակտիվիստ Ալբերտ Բարին, որը 2010-ականների կեսերին մի քանի եվրոպացիների հետ միացել էր PKK-ին:
Բացի այդ, ըստ Hürriyet-ի տվյալների՝ Էրսայը մասնակցել է նաև Լիբիայի գործողություններին: Մասնավորապես, Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո նա պատասխանատու է եղել այդ երկրից Թուրքիայի քաղաքացիների տարհանման համար: Մասնակցել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի Միացյալ ռազմական կենտրոնի կազմակերպած սեմինարներին: 2019թ. օգոստոսին Haber մեդիահոլդինգը հայտնել էր, որ Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհուրդը Էրսային շնորհել է գեներալ-մայորի կոչում:
Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայի մասին բաց տվյալները նույնպես շատ չեն: 1982թ. նա ավարտել է Անկարայի ռազմական ակադեմիան, ծառայել ցամաքային զորքերում: 2014թ. նշանակվել է 9-րդ բանակային կորպուսի հրամանատար:
Ըստ «Վզգլյադ»-ի զրուցակցի՝ Ադրբեջանում թուրք գեներալների աշխատանքը ապահովում է մոտ 200 ռազմական խորհրդական: Նրանք գտնվում են ոչ թե առաջնագծում, այլ զբաղվում են կազմակերպչական և շտաբային աշխատանքներով: Թուրք մասնագետների կարիքների համար ստեղծվել են հատուկ արբանյակային կապի կայաններ Բաքվում և Գաբալայում՝ ռազմական օդանավակայանի տարածքում: Ադրբեջանցի զինվորականներին արգելված է օգտվել այդ կայաններից: Ադրբեջանցի զինվորականներին հրահանգվել է կատարել խորհրդականների բոլոր հրահանգները և ցանկությունները, չվիճել և չհակառակվել: Դա հաճախ դժգոհություն է առաջ բերում:
«Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Գրեք սա և, անպայման, հրապարակեք: Ես ուզում եմ, որ դուք ինձ ճիշտ հասկանաք,- թերթի հետ զրույցում ասել է ադրբեջանական բանակի՝ թոշակի անցած փոխգնդապետ Օլեգ Գուլիևը, որն այժմ ապրում է Մոսկվայում:- Ադրբեջանը պետք է լիարժեք վերադարձնի Ղարաբաղը, դա ճիշտ է և արդարացի: Բայց Ղարաբաղը պետք է մենք վերադարձնենք: Եթե մենք այն վերադարձնենք Թուրքիայի սանձով, ապա կվերադարձնենք միայն Ղարաբաղը, բայց կկորցնենք մնացած ամբողջ երկիրը»:
Եվս մեկ թուրք հրամանատար, որը մասնակցել է ԼՂ գործողությանը, գեներալ մայոր Հեքսել Կահիան է: Անցյալ կիրակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպեց Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներ Հուլուսի Աքարի և Մևլութ Չավուշօղլուի հետ: Մանրամասները չէին հաղորդվում: Բայց բանակցություններին մասնակցում էր նաև Հեքսել Կահիան: Պաշտոնապես այդ մասին չի խոսվել, բայց հանդիպման լուսանկարներում գեներալ-մայորին նույնականացրել է Razm.info-ն:
Ուշագրավ է, որ սա Կահիայի արդեն երկրորդ հանդիպումն է Ալիևի հետ: Առաջինը տեղի էր ունեցել օգոստոսին: Այդ ժամանակ ևս հանդիպման մասնակիցների թվում Կահիայի անունը չէր բարձրաձայնվում: Ըստ «Վզգլյադ»-ի Կահիան Ադրբեջանի տարածքում է գտնվում առնվազն հուլիս ամսից:
Մինչ Ադրբեջան գալը Հեքսել Կահիան անցյալ տարվա գարնանը և ամռանը Լիբիայում ղեկավարում էր Անվտանգության և գործողությունների համաշխարհային կենտրոնի աշխատանքները, որի խնդիրն էր կառավարել թուրքական Bayraktar TB2-ները՝ Ազգային համաձայնության կառավարության զորքերի աջակցության համար, որոնք դիմակայում էին Խալիֆ Հաֆթարին:
Կահիայի ներկայությունն Ադրբեջանում, որտեղ նույնպես, ինչպես Լիբիայում, լայնորեն օգտագործվում էին անօդաչուներ, ևս մեկ համընկում է, որը հազիվ թե պատահական լինի: «Անկասկած, Հեքսել Կահիան իրականացնում է բոլոր Bayraktar TB2-ների թռիչքների ղեկավարումը Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում: Bayraktar TB2-ների օգնությամբ ստացվող ամբողջ օպերատիվ հետախուզական տվյալները զեկուցվել է հենց նրան, իսկ նա, իր հերթին, այդ տեղեկությունը զեկուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին»,- թերթին ասել է Քաղաքական վերլուծությունների և կանխատեսումների միջազգային կենտրոնի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների գծով մասնագետ Դենիս Կորկոդինովը:
Bayraktar TB2 անօդաչուները ղարաբաղյան պատերազմում եղել են Ադրբեջանի հիմնական խաղաթուղթը: Այնուամենայնիվ, որևէ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, որ Ադրբեջանը Bayraktar TB2 է գնել: Առաջին անգամ Անկարայից Bayraktar TB2 գնելու մտադրության մասին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում այս տարվա հունիսին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այնուամենայնիվ, որևէ տեղեկություն չի հրապարակվել այն մասին, որ գործարքը կայացել է:
«Սա շատ հետաքրքիր հարց է: Այստեղ երկու գրեթե հավասարազոր տարբերակ կա: Կամ այդ գործարքն իրականացվել է միանգամայն գաղտնի՝ ուշադրություն չգրավելու համար, այդպիսի փորձ գոյություն ունի: Կամ դրանք թուրքական բանակի անօդաչուներն են: Ընդ որում, պետք է հիշել, որ անօդաչուների օպերատորների պատրաստման համար առնվազն մի քանի ամիս է պահանջվում: Իմ ենթադրությունն այն է, որ այդ տարբերակներից յուրաքանչյուրի պարագայում էլ անօդաչուների օպերատորները պետք է որ թուրք մասնագետներ լինեն»,- թերթին ասել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության տնօրեն Ռուսլան Պուխովը:
Այսպիսով, Բաքուն կարող է տոնել հաղթանակը: Բայց զորքերի կառավարման տեսանյունից հաղթանակ կարող են տոնել թուրք գեներալները, իր հոդվածը եզրափակում է «Վզգլյադը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ