Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան․ «Քաղաքական խոսակցության դադարեցումը, լռությունը, հետաձգումը հանգեցնում է ատելության մթնոլորտի թեժացմանն ու բռնության վտանգի»

Նոյեմբեր 13,2020 22:50

«Այսօր պետական, քաղաքական ինստիտուտները գոյություն չունեն, չի  աշխատում կառավարությունը։ Մենք չենք տեսնում արտահերթ նիստ, երբ երկրում արտակարգ իրավիճակ է եւ զուտ կառավարության հաշվետվողականության տեսանկյունից կառավարությունը պետք է աշխատեր։ Մենք չենք տեսնում ԱԺ-ի գործողությունը, եւ այնպես, ինչպես մեկ մարդու տեսքով «Իմ քայլը» մտավ ԱԺ, այդպես էլ շարունակում է որեւէ նախաձեռնողականություն չցուցաբերել»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ատելության խոսքի տարածման եւ ճգնաժամային իրավիճակի մասին քննարկմանն ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Նա նկատեց՝ իշխող ուժերը որեւէ աշխատանք չի տանում  հանրությանը բացատրելու՝ որն է այս ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագիրը․ Փոխարենը մենք տեսնում ենք այդ ինստիտուտներից կցկտուր աղաղակներ, անկանոն շարժումներ, վարչապետն է անհայտ տեղից տեսաուղերձով խոսում, տեսնում ենք ԱԺ-ից անհասկանալի հայտարարություն, որում հարցադրումներ են, եւ ոչ թե պատասխաններ։ Սրանից  կարելի է  եզրակացնել,  որ  նրանք շփոթել են, որ իրենք են այս պահին կառավարման ղեկին, եւ պատասխան պետք է տան»։

Այս ամենի հետեւանքով, ինչպես տիկին Հովհաննիսյանը նշեց, մենք տեսնում ենք մեդիատիրույթներ, որտեղ ատելությունը թեժանում է․«Այստեղ կարեւոր հրահրիչները կառավարման ուժն է։ Տոտալ անգործության պարագայում ներքաղաքական հրահրումներն ամենաձեռնտու տարբերակն է՝ քողարկելու իրենց  անգործությունը, ծուլությունը, եւ մյուս կողմից նաեւ գործոն չլինելը, որովհետեւ մեկ մարդ է որոշում կայացնում եւ դա վարչապետն է»։  Հովհաննիսյանը նշեց՝ այս պահին վարչապետը չի էլ ցանկանում կառավարության, կուսակցական  նիստ հրավիրել, ԱԺ նիստ հրավիրել․այն դեպքում, երբ այդ ինստիտուտները միմյանց փոխվերահսկող պետք է լինեն։

Ըստ Հովհաննիսյանի, «Իմ քայլն» այն քաղաքական ուժն է, որն  ատելության խոսքի, բռնության բացառման մասին էր անընդհատ խոսում, քրեականացրեց հոդվածը․ «Ու այժմ ինքն ամբողջությամբ լծվել է  ատելության մթնոլորտը հրահրելու եւ անգամ նախաձեռնողականության ուղղությամբ։  Այս պահին քաղաքական  խոսակցության դադարեցումը, լռությունը, հետաձգումը  հանգեցնում է ատելության  մթնոլորտի թեժացմանը եւ բռնության վտանգի»։

Հովհաննիսյանի կարծիքով՝  իշխող ուժը  պատասխանատվություն պետք է զգա եւ  ցանկացած բռնության ակտ չի կարող գցել այլ ուժի վրա պատասխանատվության վրա։

Ինչ վերաբերում է այս օրերին մեդիադաշտի աշխատանքին, ապա Հովհաննիսյանն ասաց․«Մենք երկար  տարիներ, սկսած՝ հանրայինից մինչեւ տարբեր մասնավոր մեդիահարթակներ, ունեցել եւ ստեղծել ենք ոչ թե լրատվամիջոց, այլ քարոզչամիջոց եւ այդ մեքենաներն այսօր զբաղված են քաղաքական տարբեր դավերով եւ տարբեր խմբերին ծառայելով,  դա բերելու է բավականին ծանր հետեւանքների»։ Մինչդեռ մեդիան, ինչպես ասաց իրավապաշտպանը, պետք է օբյեկտիվ պատկեր ցույց տա այսօրվա իրավիճակի մասին, Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կյանքի մասին․ «Այսօր մեդիան պետք է գնա դեպի հասարակություն եւ թողնի շահերը։  Այսօր միայն ատելություն է  աճում, բռնության սպառնալիքներն են ավելանում, սա իշխանության պատասխանատվության տակ է։  Հայաստանը կանգնել է  նոյեմբերի 10-ի իրավիճակով անջրպետին եւ չի շարժվում առաջ։ Մինչդեռ  մենք պետք է գնանք ընդառաջ արցախցիների խնդիրներին, լսենք նրանց, օգնենք նրանց։ Շատերը խորը սթրեսային վիճակում են, հոգեկան առողջության խնդիրներ ունեն, մեր զոհվածների մարմիններն ենք փոխանակելու, գերիներին են վերադարձնելու, որոնք իրենց պատմություններն են պատմելու եւ  ցնցելու են հասարակությանը։ Պետք է պատրաստվենք, դիմադրողականություն պետք է ունենան։ Չպետք է քայքայել հասարակությունը եւ չթողնել ապրելու համար հույսի շողը կորի»։

Քննարկմանը ներկա Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ մեդիայի մասին ասաց՝բոլորը շատ լավ հասկանում են՝  ում ձեռքում են հիմնական լրատվամիջոցները․ «Ցավոք, ինչպես չի կայացել խորհրդարանական ինքնուրույն  իշխանություն, այնպես էլ չի ձեւավորվում, պայմանական ասած, չորրորդ իշխանությունը որպես ինքնուրույն կառույց։ Եթե մենք ակնկալում ենք, որ լրատվամիջոցներն իրենց տեղեկատվական հնարավորություններով լծվեն արցախցիներին օգնելու  գործին, ապա պիտի դա առաջնահերթություն դառնա նախ իրենց տերերի համար»։

Ըստ պարոն Նավասարդյանի, իշխանությունը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի, որպեսզի քաղաքական վերնախավին ներառի կառուցողական  գործության մեջ․ «Դա միակ  փրկությունն է իշխանության համար, եթե ուզում  է փրկվել ընդհանրապես»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30