Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեղարկելու ձեւ չեմ լսել». Փաշինյանը՝ ընդդիմության հավաքների եւ այն մասին, թե ինչու տեղյակ չի պահել ստորագրվելիք հայտարարության մասին

Նոյեմբեր 13,2020 22:40

«Պետք է հաշվի առնել հանգամանքները, որոնցում կայացվել է այդ որոշումը: Այն կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում: Անկյունաքարային նշանակության գործոնը, որը բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, փաստի արձանագրումն է, որ Ստեփանակերտը մնացել էր անպաշտպան Շուշիի անկումից հետո, եւ եթե ժամերի ընթացքում չկանգնեցնեինք պատերազմը, Ստեփանակերտը կընկներ, հետո՝ Ասկերանը, Մարտակերտը: Կախված սցենարից՝ 20-30 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ: Կարեւոր է, որ նրանք չէին կարող ազդել իրավիճակի վրա, որովհետեւ կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը լինելու էր թիկունքից»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ քաղաքական դաշտի, այդ թվում՝ ընդդիմության հետ չի քննարկվել Ադրբեջանի նախագահի եւ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրած հայտարարությունը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տեղի է ունեցել մարտական գործողությունների օպերատիվության տրամաբանության մեջ: Դա նույնն էր, թե ասեինք՝ մեր ստորաբաժանումն ինչ-որ տարածքից հետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել ԱԺ-ում եւ ընդդիմության հետ…Շատ կրիտիկական ռազմական գործողություններ էին: Հիմա առաջին պլան է մղվել հարցը, թե ինչ հանձնվեց այս ստորագրությամբ, բայց իրականությունն այն է, որ այս փաստաթուղթն առնվազն ոչ միայն հանձնելու, այլ պահպանելու մասին էր: Այն ստեղծվել էր մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները, որոնք ռազմական գնահատականով անխուսափելի էին, արձանագրվել են, որպեսզի խնայվի մեր մոտ 30 հազար զինվորի կյանք: Երբ ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է, եւ քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է: Հիմա դա բոլորն են քննարկում: Քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե ինչ է առաջարկվում՝ հետ պտտել, վերսկսել ռազմական գործողությունները, թե ինչ սցենարով…»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց.

-Ինչպե՞ս ազդել գործընթացի վրա, եթե ընդդիմությանն ասում են, որ հավաքներն արգելված են ու բերման են ենթարկում: Այդ դեպքում նրանք ինչպե՞ս արտահայտվեն, գործընթացը որտե՞ղ է ընթանում, ընդդիմությունը կտրված է գործընթացից եւ քաղաքական ազդեցության հնարավորություն չունի:

Նիկոլ Փաշինյան-«Խոսքը կրկին ռազմական գործողությունների համատեքստի մասին է: Սա մոտավորապես նույնն է, որ ռազմական գործողությունների որեւէ գրոհ կամ նահանջ, հաջողություն ի վերջո ասվի՝ ինչի՞ նախապես չի քննարկվել ընդդիմության հետ: Հիմա քննարկումը նոր պետք է սկսվի: Դա դիվանագիտական բնույթի է, որը, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար: Սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է:

-Բայց դրանում ժամկետներ կան:

-Դա ռազմական եւ զինվորական բնույթի խնդիրներ եւ առաջադրանքներ են: Նկատի ունեմ՝ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Կան տերմիններ եւ նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն եւ ստանան քաղաքական բովանդակություն: Այդ փուլում, քննարկումներն, իհարկե, հնարավոր կլինեն: Այդ դեպքում քննարկման հիմնական ձեւաչափը լինելու է կառավարության ներսում, որովհետեւ դիվանագիտական կորպուսն ԱԳՆ-ն է:

-Ընդդիմությունն ասում է՝ հնարավոր է այն չեղարկել կամ փոխել, ինչո՞ւ չեք լսում նրանց, գուցե փոխելու ձեւե՞ր գիտեն:

-Քանի որ հրապարակային է այդ ամենը տեղի ունենում, ես չեղարկելու ձեւ չեմ լսել: Ավելին՝ կարող ենք այդ թուղթն ուղղակի պատռել եւ գցել: Բայց պետք է նաեւ դրա հետեւանքների…

-Այսինքն, ինչպե՞ս չեղարկել

-Դրա հետեւանքների որոշակի պատկերացումը պետք է ունենալ: Դա նշանակում է՝ վերադառնում ենք այն վիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ ասում ենք՝ թող մեր երեսուն հազար զինվորները շրջափակման մեջ լինեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30