Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներս անվերջ հարցեր են տալիս, մա′մ, ի վերջո մենք հաղթե՞լ ենք, թե պարտվել». ծնողներն այս օրերին չգիտեն՝ ինչպես վարվել

Նոյեմբեր 13,2020 22:20

«Չգիտեմ՝ երեխայիս հետ ինչ խոսեմ, ինչպես ներկայացնեմ իրականությունը», «Երեխաներս անվերջ հարցեր են տալիս, մա′մ, ի վերջո մենք հաղթե՞լ ենք, թե պարտվել»: Ծնողներից շատերն այսպիսի անելանելի իրավիճակում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսեն իրենց երեխաների հետ:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում հոգեբան Աննա Բադալյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ խորհուրդ կտա ծնողներին. երեխաներին իրականությո՞ւնը ներկայացնեն, թե շարունակեն նրանց տարբեր ձևերով շեղել իրավիճակից, ներկայացնել, թե ամեն ինչ լավ է:

Աննա Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց՝ առաջին հերթին երեխաներին չպետք է կոտրել, բայց նաև չպետք է կտրել իրականությունից: Մյուս կողմից էլ նկատեց. «Ժամանակի ոգևորվածությունը, այդ ապրումները հայրենիքի համար, զինվորի հետ, զինվորի համար ամեն ինչ անելը նախ իրենց կրթեց՝ որպես քաղաքացի,  որպես հայ, որպես մարդ, իր մեջ ձևավորեց ամուր կամք, նեցուկ լինել, սիրել հայրենիքը: Դա հայրենասիրական շատ կարևոր պահ էր: Այնպես որ, երեխայի մեջ դրանով մենք շատ դրական որակներ դրեցինք»:

Հոգեբանը փաստեց՝ ստացվել է այնպես, ինչ մեզ համար, իհարկե, անընդունելի է, բայց նրանց հետ այդ մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև նրա տարիքը. «Եթե 11-ից փոքր է տարիքը, ապա  իրեն ուղղակի պիտի ասել, որ հիմա ուղղակի զինադադար է, էլի որոշ բաներ, հետո ընթացքում կշարունակվի և այլն: Բայց արդեն ծնողի երևակայության սահմաններում, քանի որ յուրաքանչյուրն իր երեխային յուրովի գիտի»:

Խոսելով 11-15 տարիքային խմբի մասին՝ Աննա Բադալյանն ասաց. «Այս դեպքում ուղղակի պիտի երեխայի ասել, որ սա ժամանակավոր դադար է, այդ դադարի ընթացքում մենք պետք է կարողանանք լինել խելացի, ուրիշ տեսակի ուժ, ինտելեկտուալ ուժ, որպեսզի հաջորդ փուլում մենք մեր հաղթանակները շարունակենք: Այստեղ խնդիրը ոչ թե երեխային խաբելն է, այլ նրա կամքը չկոտրելն է»:

Նկատեցինք՝ այն հարցն է նաև բարձրացվում, որ ժամանակի ընթացքում մեր կրթական համակարգը սերունդներ է կրթել շատ հարցերում ոչ իրատեսական հողի վրա, ուստի պետք է վերանայել շատ հարցեր դաստիրակության հետ կապված, այս առիթով հոգեբանն ասաց. «Մենք փոքր ազգ ենք, և  շատ կարևոր է հայրենասիրությունը, գիրը, գրականությունը պահել, պահպանելը, ներքին հոգեբանական ամուր, կուռ կառուցվածքը: Իզուր չէ, որ մեզ մոտ ավելի շատ տարածված է երեխայի անհատական դաստիարակությունը»:

Աննա Բադալյանը փաստեց՝ շատ էր խոսվում սերնդի մասին, բայց պատերազմն էլ ցույց տվեց նոր սերնդի ուժը, կամքը, ոգևորությունն ու խիզախությունը, և դա վկայեց այն մասին, որ ամենակարևորը հոգեբանական ամուր, կայուն վիճակի պահպանումն է:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին այս օրերին չծանրաբեռնել մանրամասներով՝ հողեր, խաղաղապահներ և այլն, քանի որ միևնույն է երեխայի գիտակցությանը դա հասանելի չէ, բայց երեխայի հետ խոսելը, նրա հետ հարցեր քննարկելը կարևոր է. «Շատերը նույնիսկ խուսափում են խոսելուց, քանի որ հուզականությունն այնքան բարձր է, որ կարող են ոչ հարիր բաներ ասել, ուր մնաց երեխաների հետ զրույցներում: Բայց պետք է սթափ լինել և խոսել երեխայի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30