Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի սահմանին կտեղակայի 5 լրացուցիչ սահմանային անցակետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Բորտնիկովը հայտնել է, որ անցակետերից երկուսը կտեղակայվեն Հայաստանի և Նախիջևանի սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին՝ Մեղրիում և Սղերթում, իսկ 5-րդը՝ Տեղ բնակավայրում:
Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվել են Հայաստանի սահմանային ծառայությունների հետ համաձայնեցված: «Մենք կապի մեջ ենք նաև ադրբեջանցի սահմանապահների հետ, հաստատել ենք անհրաժեշտ կապերը, փոխանակվում ենք տեղեկատվությամբ: Սահմանապահները ծառայություն են իրականացնում պետական սահմանի պահպանության ռեժիմով»,- ասել է Բորտնիկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ