Շատ մտահոգիչ է, որ ատելության խոսքը, թշնամանքը, հայհոյանքը հեռարձակվել է երկրի գլխավոր հրապարակում, եւ ցավոք, այն մասամբ տեղ է գտել նաեւ Հանրային հեռուստաընկերությունում։ Այսօր «Մեդիա կենտրոնում» «ատելության եւ բռնության կոչերի տարածում. ինչպե՞ս կանխել» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով․«Սա շատ մտահոգիչ է, որովհետեւ ստացվում է, որ ոչ թե ընդդիմադիր ուժերն են, որ խտրականություն չեն դնում իրենց քաղաքական պայքարում, այլ նաեւ իշխանությունն է կարծես թե բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդները կիրառում։ Սա հղի է ծանր հետեւանքով, որը կարող է լինել քաղաքացիական պատերազմը։ Իշխանությունն է՛լ ավելի պետք է ջանքեր գործադրի, եթե չի ուզում, որ առհասարակ պետությունն անդունդը գնա, քայլեր ձեռնարկի թշնամանքն ու ատելությունը ներքաղաքական կյանքում եւ հասարակության մեջ նվազեցնելու եւ զրոյին հասցնելու համար»։
Պարոն Մելիքյանի դիտարկմամբ՝ որեւէ ուժ չի ուզում զիջել եւ ողջամտություն չի դրսեւորում իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Ըստ Աշոտ Մելիքյանի, պետք է գնալ կառուցողական հուն՝ հետպատերազմյան այս իրավիճակից՝ տնտեսական, սոցիալական, մարդասիրական ճգնաժամի խնդիրները լուծելու համար:
«Ցավալի է, որ Հանրային հեռուստաընկերությունը նույնիսկ հեղափոխությունից հետո իր էությունը չփոխեց եւ մնաց զուտ իշխանության տրիբունա։ Սա ավելի մեծ պատասխանատվություն է դնում իշխանության վրա՝ չօգտագործելու այդ հզոր միջոցը՝ ներքաղաքական կամ հասարակական լարվածությունը մեղմելու համար»,-ասաց պարոն Մելիքյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ