Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ վարչապետի, ՌԴ -ի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ համաձայնագրի մասին, ըստ որի՝ Արցախից 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք է անցնում Ադրբեջանին, ասաց, որ այն իր համար ավելի շատ ընտանեկան ողբերգություն է։
«Ես երկրորդ անգամ իմ հորն եմ կորցրել, տարիների ընթացքում իմ մեջ կառուցված մատուռն եմ կորցրել, ես ինձ եմ կորցրել․ այստեղ արդեն մանդատ դնելը կամ խմբակցությունից դուրս գալը ճղճիմ հարց է, ինձ համար դա այլևս էական չէ։ Այսօր շատ ավելի կարևոր անելիքներ ունենք բոլորս, ու հիմա ես դրա մասին եմ մտածում»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Մեխակ Մեխակյանը իրականացրել էր Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունը, ազատագրել Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ու նահատակվել էր 1994 թվականի մայիսի 1-ին՝ 33 տարեկան հասակում։ Նա չորս երեխաների հայր էր․ ի պատիվ հերոսի՝ Ջաբրայիլն անվանակոչվել է Մեխակավան։
Պատգամավորն ասաց, որ եռակողմ համաձայնագրի մասին լսելուց հետո իր գործընկերոջ՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկով մեկնել է Արցախ՝ տեղում իրենց հետաքրքրող հարցերը պարզելու։
Կարդացեք նաև
«Երբ այդ գիշեր իմացա լուրը, անակնկալի եկա, ինձ թվաց՝ ինձ հետ վատ կատակ են անում, որ վատ երազում եմ։ Հոգեվիճակս անբացատրելի էր։ Հաջորդ օրը իմ գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ որոշում կայացրեցի գնալ Արցախ՝ գոնե տեղում մեր համար հարցեր պարզելու։ Ես հանդիպումներ եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, զինվորների, Արթուր Աղաբեկյանի հետ, քննարկել ենք ստեղծված իրավիճակը։
Այն, ինչ Արայիկ Հարությունյանն ասել է պաշտոնական հայտարարությամբ, նույնն ասվել է մեզ՝ փակ շրջանակում։ Իհարկե, ծայրահեղ վատ վիճակ է մեզ համար՝ հասկանալու ինչ է կատարվել և ամենակարևորը՝ ինչ է լինելու։ Ի զարմանս ինձ, արցախցիները, գոնե պաշտոնյաները ծայրահեղ լավատես են․ եթե մեզանից շատերը կոտրվել են ու անտանելի վիճակում են զգում, իրենք արդեն մտածում են՝ ինչ պետք է անեն, ինչպես պետք է անեն, ոնց պետք է զարգացնեն այս պահին ունեցած մեր տարածքները, վիճակը ի շահ մեզ ոնց շտկեն։
Ես էլ իմ կոչն եմ ուզում անել․ բոլոր այն ընտանիքները, որոնք կորցրել են իրենց զավակներին, ամուսիններին, հայրերին, որի միջով անցել է նաև իմ ողջ մանկությունն ու պատանեկությունը, ես նույնը վերապրում եմ հիմա՝ երկրորդ անգամ ու ավելի քան հասկանում եմ իրենց հոգեվիճակը, բայց ես հաստատակամ եմ ու չեմ կոտրվելու։ Ինձ համար ամենահեշտ քայլը կլիներ՝ մանդատը դնել, գնալ և իմ ցավով տառապել, բայց չեմ կոտրվելու, մինչև վերջ պայքարելու եմ հնարավորության սահմաններում ու ինձանից կախված ամեն բան անելու եմ։ Ուզում եմ իմ քայլով մեր այս ընտանիքներին ինչ-որ չափով հոգեպնդել, հուսահատությունն ավելի վատ վիճակի է տանելու», -ասում է պատգամավորը։
Մենք Արգիշտի Մեխակյանից նաև կարծիք հարցրեցինք ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելու մասին։
«Ստեղծված իրավիճակում երկրի ներսում չի կարող երկրորդ ճակատ բացվել, դա անթույլատրելի երևույթ է, բոլորը պիտի գիտակցեն այս մասին, որովհետև այնտեղ կանգնած մարդը աղ է լցնում առանց այն էլ այսպիսի ծանր վիճակում հայտնված ընտանիքի վերքի վրա, ով որ ծանր կորուստից ուշքի չի եկել։ Այն բոլոր մարդկանց, մեր զինված ուժերի մոտ, որոնք ճակատում պայքարել են մինչև վերջ, ցասում է սկսվել այս պահին փողոցում կատարվող իրադարձությունների պատճառով։ Չպիտի թույլ տանք լարվածություն մեր երկրի ներսում, պիտի հասկանանք, որ դա լավ բանի չի հանգեցնի»։
Պատգամավորին հարցրեցինք՝ տեսնո՞ւմ է որևէ ելք ստեղծված իրավիճակից դուրս գալու։
«Ճիշտն ասած, ես այս հարցին միայն որպես պատգամավոր չեմ նայում․ սա ինձ ու իմ ընտանիքի համար անձնական ողբերգություն է, որի միջով տարիներ անց նորից ստիպված ենք անցել, հոգեվիճակս հիմա անբացատրելի է, բայց պարտավոր եմ ամուր լինել ու չկոտրվել։
Կարծում եմ հիմա հրատապ քննարկումներ պետք է լինեն, բոլոր մակարդակներում ելքերի հնարավոր տարբերակները պետք է քննարկվեն ու պետք է անցնել հստակ գործնական քայլերի։ Այն, ինչ եղավ, մեր պատկերացրած ամենավատ սցենարից բազմապատիկ անգամ վատն էր»,- ասում է Արգիշտի Մեխակյանը։
Պատգամավորը այցելել է Դադիվանք, Քարվաճառ, եղել է նաև Ստեփանակերտում, հանդիպում ունեցել զինվորների հետ։ Ի դեպ, նա մեզ տեսանյութեր ու լուսանկարներ է տրամադրել, որոնք և հրապարակում ենք։
«Զինվորներն իրենց հրամանատարների, զինակից ընկերների կորստից էին կոտրված, բայց և հաստատակամ էին։ Այս պահին ցանկացած ներքաղաքական վատ գործընթաց անմիջապես հարված է հենց մեր զինվորներին, առաջին հերթին նրանց անվտանգությունից ելնելով՝ հատկապես հիմա պետք է մեր քայլերը տասնյակ անգամ ավելի կշռադատված անենք»,- ասում է պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բայց մանդատդ ձիգ֊ձիգ պահի….Նամուս որ ունենաս այդ խմբակցությոընից դուրս կգաս։