«Ատելության խոսքի կամ հայհոյանքի տարածումը հետեւանք է եւ դրսեւորումներն են այն քաղաքական միջավայրի, որը ձեւավորվել է մեզ մոտ, իսկ այդ միջավայրը ենթադրում է, որ երկու հիմնական կողմեր այս իրավիճակում փոխարեն գտնեն այս ճգնաժամից դուրս գալու ուղիներ եւ լուծեն անմիջական հարցեր, որոնք առաջնային են հասարակության համար, փոխարենը զբաղված են քաղաքական պայքարով»,-այսպիսի կարծիք այսօր հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Մեդիա կենտրոնում» ատելության եւ բռնության կոչերի տարածում թեմայով քննարկման ժամանակ պարոն Նավասարդյանն ասաց, որ եթե ընդդիմության դեպքում վերոնշված գործընթացն ինչ-որ առումով հասկանալի է, որովհետեւ վերջին շաբաթներում ընդդիմությունը լինելով քաղաքական գործոն՝ զրկված էր որեւէ հնարավորություններից՝ ազդելու իրավիճակի վրա, նույնիսկ խորհրդակցական գործընթացում մասնակցելուց․ «Եվ կարելի է ասել՝ ընտրությունն ընդդիմադիր կուսակցությունների համար բավականին բարդ էր՝ կամ ընդհանրապես բացառել մասնակցությունը քաղաքական գործընթացներում եւ երկրի կյանքում կամ գնալ այդ բողոքի ցույցներին։
Այստեղ որեւէ անբնական բան չեմ տեսնում։ Իշխանության պահվածքը, միանշանակ, անբնական է։ Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական երկրում ԱԺ-ի մեծամասնությունը որեւէ գործունեությամբ զբաղված չէ կամ այդ գործունեության մասին տեղեկացված չէ հասարակությունը։ Եվ դա արդեն անթույլատրելի է։ Եթե այսօր խորհրդարանական մեծամասնությունը չներկայացնի իր պատկերացումները, թե ինչ ելքեր ունեն այս իրավիճակից դուրս գալու եւ չներկայացնի այն գործնական քայլերը,որ պետք է արվեին օր առաջ, քանի որ ամեն րոպե մենք կորցնում ենք մեր թանկ ժամանակը, ապա նրանք դադարում են ընդհանրապես քաղաքական գործոն լինելուց»։
Ինչ վերաբերում է ատելության խոսքին, հայհոյանքին եւ սրմանը՝ հանրային տրամադրությունների եւ հանրային վարքագծի, ապա, ինչպես ասաց պարոն Նավասարդյանը, դա միայն խորանալու է։ Պարոն Նավասարդյանն ասաց, որ հիմա երկիրը կամ կանգնած է քաղաքացիական պատերազմի եզրին կամ որոշակի այլ տեսքով հակասահմանադրական զարգացումների շեմին։ Ատելության խոսքի տարածման այդ դրսեւորումները դադարեցնելու համար, ըստ Բորիս Նավասարդյանի, նախ պետք է լուծել քաղաքական խնդիրը։
Կարդացեք նաև
Որպեսզի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը, մթնոլորտը, Բորիս Նավասարդյանի կարծիքով, միակ տարբերակն է՝ հանրությանը համախմբել կարեկցանքի տրամադրությունների վրա․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր տասնյակ հազարավոր մարդիկ տագնապալի իրավիճակում ենք, որ անհրաժեշտ է իրենց օգնել եւ դրա համար մոբիլիզացնել մեր բոլոր պետական, հանրային ռեսուրսները։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունն ու առանձին վերցրած նախարարությունները պետք է գործողությունների ծրագիր ունենան՝ ինչ եւ ինչպես են անում, ինչպես են լուծում տեղահանվածների հարցը, ինչպես են տարբեր բարեգործների եւ կամավորների ուժերը մեկտեղում։ Եթե նման ծրագրեր չունեն՝ ապա պետությունն իր ռեսուրսներով պետք է միանա այն կամավորներին, որոնք իրենց միջոցներով որոշակի գործողություններ են կատարում։ Միայն այս դեպքում մենք համախմբում կունենանք, միայն այդ դեպքում մենք կունենանք համախմբում եւ կունենանք այլընտրանք քաղաքական սրման գործընթացին։ Այսօր վերադառնում են այն մարդիկ, որոնք դիրքերը պաշտպանում էին մինչեւ վերջ, այդ մարդիկ լցված են ցասումով, քանի որ չեն կարողացել իրականացնել իր պետության, ազգի պաշտպանի գործառույթը, եւ այդ մարդիկ նույնպես կարող են լինել այս իրավիճակում ապակառուցողական գործոն։ Նրանց նույնպես պետք է ներգրավել այդ կարեկցող գործողություններին եւ միայն այդ դեպքում իրենք կզգան, որ ինչ-որ ձեւ փոխհատուցվում է իրենց՝ ազգի պաշտպանների գործառույթի մինչեւ վերջ չկատարումը»։
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ պետք է այդ մարդկանց հոգեվիճակը զգալ եւ համարժեք գործողություններ իրականացնել՝ եթե չլինի կարեկցանքի շուրջ համախմբում, ապա հակառակ դեպքում քաղաքացիական անհանգստություն ու քաղաքացիական պատերազմ կլինի․ «Հանրային համախմբման հույսը միայն կարեկցանքը կարող է լինել այն մարդկանց, որոնք ամենից շատ են տուժել, մեծ զրկանքների են ենթարկվել։ Եթե քաղաքական իշխանությունը դա չի գիտակցում եւ ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ, ուրեմն պետք է գտնի նրանց, ովքեր պատրաստ են դա անել կամ ուղղակի ասել՝ մենք չենք կարող մեր առաքելությունն այսօր անել, ով կարող է՝ թող գա։ Սա է ելքն այսօրվա իրավիճակից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ