Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատս վայր չեմ դնի, կկիսեմ պատասխանատվությունը, չկիսողներին էլ դասալիք կհամարեմ»․ Կարեն Սարուխանյան

Նոյեմբեր 13,2020 19:00

Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրեց՝ նախապես տեղյակ եղե՞լ է, որ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև  եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու, որով Արցախի զգալի հատվածն անցնելու է թշնամուն, պատրա՞ստ է  արդյոք կիսել պատասխանատվությունն այս ամենի, թե՞ գերադասում է մանդատը վայր դնել։

«Ես լիարժեք կիսում եմ վարչապետի ու մեր քաղաքական թիմի հետ պատասխանատվությունը։ Նախապես տեղյակ լինելու մասին էլ ասեմ, որ 88 պատգամավորներին, մանավանդ այդպիսի արագ զարգացող իրադարձությունների ժամանակ, չեմ կարծում, որ հնարավորություն է եղել բոլորին իրազեկել, նրանց հետ քննարկել։ Իրադարձությունները բավական արագ են զարգացել և ամեն  րոպե, ամեն վայրկյան ինչ-որ բան է փոխվել այդ ընթացքում, իսկ պատասխանատվության մասով, նորից եմ ասում, իմ քաղաքական թիմի հետ լիարժեք կիսում եմ, և ցանկացած մեկը, ով քաղաքական թիմից չի կիսի, ես դասալքություն եմ  համարում»,-ասաց պատգամավորը։

Մենք նաև կարծիք հարցրեցինք վարչապետի հրաժարականի պահանջի մասին՝ հետաքրքրվելով՝ չարժի՞ որ կառավարության պարտված ղեկավարը հենց այս պահին հեռանա։

«Չարժի տալ հրաժարական, նախ պիտի հասկանանք՝ ովքեր են հրաժարական պահանջողները․ համաձայնագրի ստորագրումից րոպեներ անց մարդիկ պատրաստված կառավարության շենքում էին, հետո Ազգային Ժողովի․․․ Ազգային Ժողովի նախագահի հետ կատարվածից տեղյակ եք, այսինքն՝ իմ մտածելով, պլանավորված ծրագիր ունեին․ «Նիվաներ»-ով, կամավորներով ներկայանում էին, թե հավաքագրում ենք անում, հավաքագրման նպատակը հենց դա էր․․․ Վարչապետը պարբերաբար հանդիպումներ էր ունեցել տարբեր՝ և՛ խորհրդարանական ընդդիմության, և՛ արտախորհրդարանական ընդդիմության հետ և ներկայացրել է ընթացիկ իրավիճակը, իմ պատկերացմամբ՝ նրանք պատրաստվել էին այդ օրվան, որպեսզի հեղաշրջման փորձեր կատարեն։

Ես՝ որպես իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ, ցանկացած գնով թույլ չեմ տալու նախկինների վերադարձը, թալանչիների նպատակը հենց դա է։ Երբ որ երկրում կայուն իրավիճակ կլինի, այդ ժամանակ շատ հարցերի պատասխաններ կտրվեն։ Եվ հետո  հրաժարական պահանջողները թող ներկայացնեն այն ճանապարհային քարտեզը, թե տվյալ դեպքում իրենք ինչպես կանեին կամ հետայսու ինչ կանեն, որքան ես տեսնում եմ, իրենք էլ չգիտեն, թե ստեղծված իրավիճակում ինչ անեն։ Հիմա իրենք ոչ թե իրավիճակի շտկման տարբերակներ են առաջարկում, այլ իշխանության կռիվ են տալիս, նրանց նպատակն իշխանության գալն է և այս երկիրը թալանի վերածելն է, բայց, նորից եմ ասում, մենք թույլ չենք տալու։

Ցանկացած պարագայում որպես քաղաքական իշխող ուժի անդամ՝ ես անելու եմ ամեն ինչ, որ նախկինները չվերադառնան իշխանության, թալանը չշարունակվի, նաև մեր այսօրվա կրած պարտությունը և համաձայնագրի ստորագրումը նախկինների ու նախկինների հետևորդների, նրանց դրածոների կատարած թալանի արդյունքն է։ Ժամանակի ընթացքում շատ բաների մասն կխոսենք, ժողովուրդը իրազեկված կլինի»։

Մեր հարցին՝ որպես հայ քաղաքացի ի՞նչ զգացողություն ունեցաք՝ ընթերցելով ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելին հանձնում ենք Ադրբեջանին, Հայաստանի վարչական տարածքով էլ երկու թշնամական պետությունների միջև ճանապարհ ենք բացում, պատգամավորն ասաց․

«Բնականաբար շատ վատ զգացողություն եմ ունեցել, և ցանկացած հայ չի կարող լավ վերաբերվել դրան, բայց մանրամասներն արդեն իմանալով․ եղել եմ մեր դիրքերում, և՛ Արցախում եմ եղել, և՛ Սյունիքում, բոլոր հենակետերում, ընդհանուր պատկերացում կազմել եմ։ Իհարկե, անակնկալի եկել եմ այս համաձայնագրից, հայ մարդը չէր կարող դա ընդունել, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով, որ Հայաստանը  փաստացի կռվում էր մի քանի երկրների բանակի ու վարձկանների հետ՝  ասեմ՝ այս պահին հասկանում եմ այդ համաձայնագրի ստորագրման հանգամանքը, բացի դրանից վարչապետը շեշտեց, որ դրանով փրկվել է մեր 20 հազար 18-20 տարեկան երեխաների կյանք»։

Պատգամավորին հարցրեցինք՝ նման համաձայնագրի ընդունումից  հետո հնարավոր կլինի՞ նայել որդեկորույս ծնողների աչքերին։

«Այո, ասեմ՝ իմ խիղճը հանգիստ է, ես ամեն ինչ արել եմ հնարավորության սահմաններում, որպեսզի կարողանանք հաղթանակ տանել, մենք հերոս եղբայրներ ունենք, նրանք պայքարել են, շատերը զոհվել են հանուն մեր երկրի ժողովրդի ապրելու իրավունքի»,-ասաց Կարեն Սարուխանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Սարուխանյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30