Երեկ բերման էր ենթարկվել ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն, դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալությունը եւ Էդուարդ Շարմազանովն ազատ էր արձակվել:
Aravot.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը պատմեց, որ բերման ենթարկելուց հետո իրեն 3 ժամ պահել են ոստիկանությունում, ապա վարչական ակտ է կազմվել, որը մեր զրուցակցի փաստաբանը կբողոքարկի: «Հետո 20.15 ԱԱԾ-ի աշխատակիցները մոտեցան և հրավիրեցին ԱԱԾ, մենք էլ ներկայացանք: Կատարեցին ինչ-որ գործողություններ, գիշերը մնացինք մեկուսարանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իր նկատմամբ դատարանը կիրառել է խափանման միջոց՝ ստորագրություն հանրապետությունից չհեռանալու մասին:
Մինչ այսօրվա հանրահավաքը սկսվելը, Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է ՀՔԾ:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնության մասին, ինչը հանգեցրեց հանրային եւ քաղաքական ընդվզումների, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մեր պայքարն իշխանության համար չէ. թող սսկվեն նրանք, ովքեր կարծում են, որ հիմա մարդիկ դուրս են եկել ու պայքարում են իշխանության համար: Իշխանության և աթոռի համար մի հոգի է պայքարում և կառչում, դա Նիկոլն է: Մենք ապացուցել ենք, որ մենք մեր աթոռներից կառչած չենք, քանզի, երբ ժողովուրդն ուզել է, մենք հրաժարական ենք տվել: Այսօր իշխանության կռիվ տալիս է միայն հայրենիքն այս օրին հասցրած Նիկոլ Փաշինյանը: Իրեն ասել եմ՝ թեկուզ հազարներով ձերբակալի, նա պիտի հեռանա, և պիտի ինքնակամ հեռանա»: Սադրիչ գործողություններ իրականացնողներին եւ վենդետա անողներին էլ զգուշացնում է՝ «ձեզ սուտի հերոսի տեղ մի դրեք ու մարդկանց մի ահաբեկեք»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը համոզված է. «Հայաստանին պետք է այս մարդու ինքնակամ, անցնցում հեռացումը, որովհետև պարտված վարչապետը չի կարող ղեկավարել հայ ազգը: Միակ պատասխանատուն և մեղավոր ինքն է, իր հիմար քայլերի արդյունքում սանձազերծվել է պատերազմ, ինքը հնարավորություն ունեցել է այս պատերազմից դուրս գալ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով, բայց իր ապաշնորհության, դիլետանտիզմի, մեծամտության ու ապիկարության արդյունքում հասել է սրան: Երբեք, ոչ մի փաստաթղթով Հադրութն ու Շուշին չեն եղել թուրքի ձեռքում: Պատերազմից առաջ Ալիևն ու էրդողանը կերազեին նման արդյունք ունենալ: Համ էսքան զոհեր ենք տվել, համ էլ տարածք: Սա մեր վերջին 100 տարիների պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ ակտն է, որը կայացվեց Նիկոլի ձեռքով: 40 օր շարունակ մարդկանց խաբեց, թե՝ հաղթելու ենք, բերեց խայտառակ պարտության: Եթե մարդն ունի մի փոքր բարոյականություն, պետք է օր առաջ հրաժարական տա: Իմքայլականները սանձարձակների նման խոսում են ու ասում՝ իսկ եթե դուք գաք, ի՞նչ եք անելու: Բայց ինչի՞ եք երկիրը էս օրին հասցրել, որ մենք էլ մտածենք՝ ի՞նչ ենք անելու: Մեր ժամանակ պատերազմ եղել է ու չորս օրում կանգնել է»:
Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ փակ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև ինչքան երկարի, այնքան ավելի վատ պայմաններ են լինելու մեզ համար. «Նրան ինչ ասել եմ՝ ձայն բարբարո անապատի է եղել»:
Ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ընդդիմադիր գործիչը հիշեցնում է, որ խոստացել էր՝ առանց ժողովրդի հետ քննարկելու ոչինչ չի անի. «Բա կարելի է՞ էս կարգի թքել ժողովրդի ու հայրենիքի վրա: Թաքուն գնաց ստորագրեց: Պարզ է չէ՞, որ օրեր շարունակ դա գրվել է, վեց-յոթ օր կորած էր, ոչ լայվ էր մտնում, ոչ ծպտուն էր հանում: Ու՞մ է ասել, ո՞ւմ հետ է քննարկել: Առաջարկել ենք օպերատիվ շտաբ՝ արհամարհել է, առաջարկել ենք կոնկրետ քայլեր՝ արհամարհել է: Ինքը վարչապետ լինելու բարոյական իրավունք չունի»:
ԱԺ նախկին փոխխոսնակը դիմում է նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներին. «Սուտի «սոռոսական» քաղաքագետներ, մտավորականներ, սուտի գործիչներ ու հասարակության ակտիվ անդամներ կան, որ 2016 թվականից հետո իրենց պատռում էին ու ասում՝ 400 հեկտար տվեցիք, պետք է հետ նվաճել: Բա սա հայրենիքը տվել է, 950.000 հեկտար տվել է, բա ու՞ր եք, ինչի՞ ծպտուն չեք հանում: Կրկնում եմ, սա արվել է Նիկոլի ապիկար ու դավադիր քայլերի արդյունքում: 2,5 ասել եմ, ես իրեն փակ հանդիպումների ժամանակ էլ եմ ասել: Բոլոր իշխանություններն էլ վատ պայմաններում են եղել, բայց էդ ո՞ր փաստաթղթի համաձայն է Շուշին, Հադրութը անցել թուրքին, ո՞ր փաստաթղթի համաձայն է թուրքին Նախիջևանով ճանապարհ տրվել»:
Էդուարդ Շարմազանովի համար հասկանալի է նաև որոշ ազատամարտիկների կեցվածքը, որոնք իրենց «սուտի հայրենասերների» տեղ են դրել, 2016 թվականի հաղթանակը պարտություն սարքեցին. «Հիմա 950.000 կորսվել է, ձայն չեն հանում: Ես իշխանությունից կուշտ եմ, որևէ մեկը չասի, որ ես իշխանության կռիվ եմ տալիս: Ես 2.5 տարի ասել եմ, որ այս սուտի թավշյա հեղափոխությունը վտանգում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքն ապաշնորհ ղեկավար է և ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Նիկոլ, մնում ես վարչապետ, որ ի՞նչ անես, էլի՞ բան ունեք հանձնելու: Ձերբակալություններով խնդիր չի լուծելու: Նիկոլ, դու պատմության մեջ մնալու ես, որպես երկրորդ Հովհաննես Սմբատ, ով Անիի Բագրատունյաց թագավորությունը կտակեց Բյուզանդիային: Նիկոլն էլ իր ապաշնորհ քայլերով մեզնից գողացավ մեր 30 տարվա երազանքը, մեր պետության սիմվոլը՝ Շուշին: 2021 թվականի մայիսի 9-ին, Նիկոլն ի՞նչ է տոնելու, որտե՞ղ է տոնելու, որտե՞ղ է քոչարի պարելու, որտե՞ղ է Արցախի հաջորդ նախագահի ինագուրացիան լինելու, որտե՞ղ է խմելու Շուշիի կենացը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ