Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու, որ պարտվել էիր հոգեբանորեն, ինչի՞ ազգիդ դեռևս սեպտեմբերի 27-ին չխոստովանեցիր և չասացիր՝ սա մեր կռիվը չէ, որ երկու-երեք հազար մատաղ կյանք չտանեիր մսաղաց մտցնեիր». Գագիկ Գինոսյան

Նոյեմբեր 13,2020 18:20

Ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ պետք է պատասխանատվության կանչվեն այն մարդիկ, որոնք ստեղծել են այդ տեսահոլովակը, խրախուսել, հրապարակել, տեղադրել են:

Հիշեցնենք՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան տեսանյութ  ցուցադրվեց, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այն «անթույլատրելի և դատապարտելի» որակեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց՝ իրենք են տեղադրել էկրանները, այսօր էլ դրանք ապամոնտաժվելու են ու կարծիք հայտնեց՝ «պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը»։

Գագիկ Գինոսյան

Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Գինոսյանը զուգահեռներ տարավ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման հետ, որտեղ խոսում էին կամավորները. «Ես չգիտեմ՝ այդ մարդիկ իրոք միգուցե կռվի դաշտում եղել են, միգուցե և կռվի դաշտից պատմելու բան ունեին, բայց հինգ իբր կամավոր մարդիկ նստած խոսում էին այդ հանրահավաքներից, թե բա ո՞ւր էին հանրահավաքի մարդիկ, որ իրենք գային, մեզ մոտ լինեին, ավելի քիչ զոհեր կունենայինք: Եթե այդքան արդար տղա եք, խոսեք թերացումներից, բացթողումներից, պարտությունից, հաղթանակներից, զոհվողներից, ձեր ընկերներից, ձեր վիրավորված կամ կորցրած ընկերներից: Եթե ձեր մեջ ցավ կա այդքան, ձեր ցավը միայն այդ հանրահավաքի մարդի՞կ են՝ մի երկու-երեք հազար մարդ»:

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ մի սրիկայական ոհմակ էլ այնտեղ է. «Բացի արդարացի ընդվզում ունեցող, արդար ազգային բողոք պահանջ ունեցող մարդկանցից, որոնք չեն ուզում կուլ տալ այս սրիկայությունը և դեմ են նման պայմանագրի, որն արդեն ՀՀ-ին է վտանգում, և սա ուղղակի օկուպացիա է, եթե մենք արդեն Մեղրիի մասին ենք խոսում: Բացի նրանցից, որոնք արդարացի ելել, ընդվզել են և մարդկանցից, որոնք երեխաներ են կորցրել՝ եղբայրներ, իհարկե, հրապարակում կան մարդիկ, որոնք նախկին իշխանությանն են պատկանում և ուղղորդվում են ինչ-որ մարդկանց կողմից: Բայց վստահաբար միայն իրենք չեն: Վստահաբար կան սրտացավ մարդիկ, որոնք ելել են հրապարակ, քանի որ անթույլատրելի են նման պայմանները, որոնք թելադրվել են նաև Հայաստանին: Եվ անհասկանալի է, թե ոնց, որ հայտարարվում էր, որ Արցախը անկախ պետություն է, մենք Արցախի փոխարեն ստորագրել ենք ինչ-որ մի պայմանագիր: Եվ դեռ մինչև հիմա Արցախի իշխանության համաձայնությունը կամ անհամաձայնությունը չկա»:

Գագիկ Գինոսյանը հարցնում է՝ հրապարակի երկու-երեք հազար մա՞րդը պիտի փրկեր այն դեպքում, երբ արդարանում են, ասում, թե մեր դեմ Թուրքիան էր կռվում, նրա՞նք պիտի փրկեին պատերազմը. «Մի՞թե կարելի է նորից ջայլամի քաղաքականություն վարել և մեր պարտությունը բարդել ինչ-որ թեկուզ սրիկաների վրա: Բնականաբար, կան սրիկաներ, որոնք ազգային դժբախտության վրա ձեռքեր են տաքացնում և իրենց շահերն են էլի փնտրում կամ նորից իշխանության գալու միջոց են փնտրում: Բայց կես բառ ձեր բացթողումներից, եթե անգամ չեք ընդունում, որ դուք սխալ եք եղել: Բացթողումներ, սխալներ եղե՞լ են, թե՞ ոչ, էս պատերազմը կանխել հնարավո՞ր էր, թե՝ ոչ, ու այսպիսի հազար մի բան»:

Գագիկ Գինոսյանին ամենաշատը զայրացնում է այն, որ մեղքը բարդում են ազգի վրա, կոչում դասալիք: Այս առիթով նա ասաց. «Դուք՝ պարոնայք իշխանավորներ, ձեր մեղքը թաքցնելու, ձեր պարտությունը կոծկելու համար պատրաստ եք կամավորագրված մի ամբողջ ազգի, որ մեկը ցանց էր կարում, մյուսը սնունդ հավաքում, մյուսը շոր կարում, գուլպա գործում, երրորդը դեղորայք էր ուղարկում, ու հազարավոր մարդիկ, որոնք կամավորագրվել են, դուք կոչո՞ւմ եք դասալիք ու ասում, այ, որ դուք էլ գայիք, այսպես չէր լինի: Ձեզ չի հաջողվելու: Մի քանի սրիկաների մասին չեմ խոսում, որոնք թաքնված և հիմա էլ ինչ-որ իրենց շահերին նպաստող գործունեությամբ են զբաղված: Երբ կամավորագրվել էր ամբողջ ազգը, և հազարավոր մարդիկ կռվի դաշտում էին, և դուք գիտակցում էիք, որ դա կամավորի կռիվ չէ և մեր դեմ ոչ թե Ադրբեջանն է, այլ թուրքական պետությունը, ՆԱՏՕ-ն է, դուք դա գիտեք ու կամավորներին տանում էիք ուղղակի մսաղացի մեջ մտցնեք, նորից կամավորության կոչ էիք անում, ու նորից ամբողջ ազգը գալիս էր ու գնում էր զոհվելու հանուն ազգի, հանուն հայրենիքի: Եվ հիմա դուք այդ նույն ազգին կոչում եք դասալիք: Դուք նստած ասում եք, որ դուք դասալքեցիք, դրա համար էլ մենք պարտվեցինք, երբ ավելի քան գիտակցում էինք, որ կամավորը, որը չէր տիրապետում մեծ զենքի և գիտեիք,որ մեր դեմ հզոր հրետանի է կռվում, մեր դեմ անօդաչու թռչող սարքեր են կռվում, հզոր օդուժ:

Դեռևս հինգ տարի առաջ՝ նույնիսկ ապրիլյանից առաջ, լուսահոգի Կարեն Վարդանյանն ասում էր՝ անօդաչու թռչող սարքերի առանձին զորք է պետք ստեղծել, ո՞ւր էիք դուք էդ ժամանակ, ինչի՞ եք հիմա դուք մեզ դասալիք դարձնում, ինչո՞ւ եք ազգին թերարժեքության բարդույթի մեջ գցում: Դասալիքը դուք եք, որ փախաք և չխոստովանեցիք դեռևս սեպտեմբերի 27-ին, որ այս պատերազմը հաղթել հնարավոր չէ, քանի որ մեր դեմ այսպիսի ուժեր են: Դուք պարտված եք, դուք, եթե գիտակցել եք, բայց ազգը պարտված չէ: Եվ դուք ելնում եք, մեծամտաբար ասում, որ ես գիտեի՝ այս պատերազմը այսպես է լինելու, որ պարտվելու ենք: Դու, որ պարտվել էիր հոգեբանորեն, ինչի՞ ազգիդ չխոստովանեցիր և չասեցիր՝ սա մեր կռիվը չէ, որ երկու-երեք հազար մատաղ կյանք չտանեիր մսաղաց մտցնեիր: Ո՞վ է պատասխան տալու այդ զոհվածների ընտանիքներին, որոնք անգամ թուրքի երեսը չտեսած զոհվել են: Եվ հիմա թշնամա՞նք եք հրահրում»:

Գագիկ Գինոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վտանգներ ունի այդ թշնամանքը, կարո՞ղ է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, նա արձագանքեց. «Երևի ինչ-որ մարդիկ կան, որ իշխանությունը պահելու համար պատրաստ են նույնիսկ քաղաքացիական պատերազմի տանել հասարակությանը, բայց իրենք լավ չգիտեն հայ ժողովրդին, քանի որ իրենք տեսակով հայ չեն ու չգիտեն, որ դա անհնար է. հայը չի ելնելու քաղաքացիական պատերազմի, և ինչքան թշնամանք հրահրեն, այնքան լավ իրենց գլուխն են ջարդելու, և այդ թշնամանքն իրենց գլխի վրա է: Եթե իրենց գլուխը քոր է գալիս, թող թշնամանք շարունակեն սերմանել, քանի որ մեր ազգին հնարավոր չէ քաղաքացիական պատերազմի տանել: Այդ հրապարակում ինչքան մարդ է հավաքված, երկու կողմից էլ այդքան մարդ կա: Այսինքն՝ նախկին և ներկա իշխանությունների ուժերը իրար դեմ պիտի կրակեն, կամ իրար խփեն ու ծեծեն, ջարդեն, բայց դա ազգը չէ: Ազգը շատ ավելի խորը և շատ ավելի հոգևոր, ոգեղեն ու ավելի գաղափարական երևույթ է: Իրենք ազգ չեն ղեկավարել, իրենք իրենց ֆեյքերին են ղեկավարել և հիմա էլ այդ ֆեյքերով միֆ են ստեղծում, որ կարող են թշնամանք հրահրել և թշնամանք են հրահրում իրենք իրենց նկատմամբ. նրանք նախկիններին, նախկինները՝ սրանց, բայց ազգը մեկ է, և այդ ազգի մեջ եղած կորստի ցավը, որ կա և ամոթը Արցախ կորցնելու և օկուպացված լինելու ամոթը լավագույն դեպքում կարող է իրենց գլուխը ջարդել, բայց ոչ ելնել ինքն իրեն սպանելու և ազգասպան քաղաքացիական պատերազմի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30