Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մեզ համար առաջնային խնդիր է, որ արցախցիներն այդ աջակցությունը ստանան Արցախում. վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Նոյեմբեր 13,2020 18:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ:

Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով, նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրավված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին:

Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերի ընթացքում որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել:

Այնուհետև անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ: Ամենշաբաթյա գրաֆիկով աշխատանքների ընթացքի մասին կզեկուցվի վարչապետին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30