ՀՀԿ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին Նիկոլ Փաշինյանին «արհավիրք» որակեց: Նա հարցրեց՝ ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, նշանակում էր՝ Շուշին Ադրբեջա՞ն է: Կարող է մի օր էլ ասի՝ Երեւանը Հայաստան է եւ վերջ, ինչը կնշանակի, որ Սյունիքն է արդեն տվել. «Բանակցությունները սկսում էր զրոյական կետից, դա քո նախապատերազմական շրջանն էր: Մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու, որովհետեւ այս փաստաթղթով Նիկոլ Վովայի Փաշինյանը Նախիջեւանը ցամաքային կապով կապել է Մեղրիին: Երկու պատերազմ պարտությամբ է ավարտվել՝ կորոնավիրուսը, Արցախը եւ Փաշինյանի կողմից ստանում ենք երրորդ պատերազմը՝ Հայաստանի սահմանների շուրջ պատերազմ»:
Հովհաննիսյանն ասաց, որ Փաշինյանը բոլոր հնարավոր տարբերակներից ընտրել է ու կնքել է վատագույնը, սեղանի վրա սրանից վատ փաստաթուղթ չի եղել. «Նիկոլ Փաշինյանը լայվ էր մտել, ասում էր՝ խայտառակ փաստաթուղթ են թողել, մենք հերոսաբար պայքարում ենք: Նա գիտեր ինչ վիճակ է ռազմաճակատում: Խնդրում եմ, հետ բեր նախկինների փաստաթղթերը, էդտեղ չկար Շուշի, Հադրութ, դու հանձնել ես այդ տարածքները: Հոկտեմբերի 14-ին գիտեիր ինչ վիճակ է, ինչո՞ւ էիր խաբում»:
Արփինե Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը սրանով չի լուծել Արցախի հարցը, Հայաստանի հարց է առաջ բերել, չի փրկել զինվորների կյանքը, իր դիմաց միշտ եղել է փաստաթուղթ, որը եղել է ավելի լավը. «Կգա՞ս այստեղ, պարոն Փաշինյան, բացատրիր, ինչո՞ւ չէիր ստորագրում»:
«Կա՛մ կլինեմ հրապարակում, կա՛մ ես չեմ կարող ապրել Հայաստանում, որովհետեւ Հայաստանի դարպասները բաց են թուրքերի առջեւ»,- ելույթի վերջում հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը՝ ասելով, որ վաճառված են վանքերը, մարդկանց հույզերը, այն ամենը, ինչ մեզ կապում էր այդ հողին:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը ելույթի ընթացքում հուզվեց ու հազիվ զսպեց արցունքները՝ ասելով, որ որեւէ մեկը չի կարող իր երեխաներին այս միջավայրում կրթել, դաստիարակել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ