Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բնակչության էթնիկ զտման բացառումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Trouw» օրաթերթի անդրադարձը

Նոյեմբեր 13,2020 17:46

Նիդերլանդական հեղինակավոր «Trouw» օրաթերթում Խրոնինգենի համալսարանի սահմանդրական իրավունքի պրոֆեսոր Խերարդ Հոխերսը հոդված է հրապարակել, որտեղ հիմնավորել է Նիդերլանդների կողմից Արցախի ինքնորոշման ճանաչման անհրաժեշտությունը։
Նիդերլանդների կառավարությունը պետք է կարողանա ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

«Նիդերլանդները պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ ճանաչելով նրանց ինքնորոշումը: Կան Կոսովոյի նման նախադեպեր»-, գրել է Գրոնինգենի համալսարանի պրոֆեսոր Խերարդ Հոխերսը:

Եվրոպայի ծայրամասում կրկին բռնկվել է հին հակամարտությունը. Հարավային Կովկասում Ադրբեջանը, Թուրքիայի ռազմական և նյութատեխնիկական աջակցությամբ, փորձում է վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա: Այլ երկրների հետախուզական ծառայություններն ու կառավարությունները հաստատում են, որ Սիրիայից ժամանած նախկին ջիհադիստները նույնպես կռվում են:

Երկու կողմից էլ սպանվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, ժամանակ առ ժամանակ ռմբակոծվել են հին վանքեր և տաճարներ, ինչպես նաև կա ադրբեջանցիների կողմից արգելված կասետային և ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հավաստի տեղեկատվություն:

Հայերն ու թուրքերի հետ սերտ հարաբերություններ ունեցող ադրբեջանցիները հարևաններ են, սակայն տարանջատված են պատմական, լեզվական, կրոնական և մշակութային խորը ճեղքերով: Նրանց հարաբերությունները Առաջին hամաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության ստվերի ներքո են: Ցեղասպանությունն առ այսօր հերքվում է թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի կողմից:

Այս ամենը չխանգարեց Ստալինին 1923 թ.-ին ավանդական հայկական Լեռնային Ղարաբաղը ներառել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմում: 1980-ականների վերջին՝ երբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտարարեց՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը միանալու ցանկության մասին, կազմակերպվեցին հայ ազգաբնակչության զանգվածային ջարդեր՝ ինչպես մայրաքաղաք Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում: Պատերազմը կասեցվեց 1994թ-ին կնքված զինադադարով:

Առ այսօր միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս: Պետությունների տարածքային ամբողջականության միջազգային իրավունքի սկզբունքը Բաքվի կառավարության հիմնական արդարացումն է տարածքի դեմ իր ռազմական գործողությունների համար:

Այնուամենայնիվ, կարելի է պնդել, որ իր անկախությունից ի վեր Ադրբեջանը բառացիորեն ոչ մի օր արդյունավետ վերահսկողություն չի ունեցել այս տարածքի վրա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղն ինքնավար միավոր էր Խորհրդային Միությունում: Սակայն, սառը պատերազմի ավարտից հետո եղել են կարևոր նախադեպեր, որոնք հիմնավորում են, որ կան հանգամանքներ, ըստ որոնց պետության տարածքային անձեռնմխելիության սկզբունքը պետք է զիջի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հատկապես, երբ այդ պետությունն իր գործողություններով փաստացի ապացուցեց, որ հայ ազգաբնակչությանը չի համարում լիարժեք քաղաքացիներ, այլ ընդհակառակը՝ որպես թշնամիներ: Որպես միջազգայնորեն ընդունված օրինակ՝ ունենք Էրիթրեայի անջատումը Եթովպիայից և Կոսովոյի առանձնացումը Սերբիայից: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական օբյեկտների վրա, ոչնչացնում է մշակութային ժառանգությունը և էկոլոգիական վնասներ պատճառում: Կարող ենք զուգահեռներ տանել վերոնշյալ օրինակների հետ:

Ադրբեջանի նախագահ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համեմատել է շների հետ, որոնց պետք է որսալ և սպանել: 2005 թ.-ին Բաքվի քաղաքապետ Աբութալիբովը, Բավարիայի քաղաքային պատվիրակության հետ զրույցի ընթացքում, պաշտպանում էր ամբողջ հայության լիակատար ոչնչացման գաղափարը՝ համեմատելով Հոլոքոստի հետ: Նման հայտարարությունները հստակեցնում են, թե ինչ է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճման պարագայում:

Հետևաբար, տեղի հայ բնակչության էթնիկ զտման բացառումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա կառուցել իր ապագան լիակատար ազատության մեջ՝ միջազգային հովանու ներքո:

Բացի այդ, հրադադարի մասին ստորագրված հայտարարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ընդամենը մեկ միջանցքի առկայություն, ինչն ավելի է բարդացնում ԼՂՀ-ն պաշտպանելու հնարավորությունը: Դա մտահոգիչ է Նիդերլանդների համար և մեր կառավարությունը պետք է միջազգային և ԵՄ հարթակներում ջանքեր գործադրի՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար, ինչպես ժամանակին արվեց Կոսովոյի ալբանացի բնակչության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30