Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացում Ֆրանսիան անհասկանալի չեզոքություն պահեց. ֆրանսահայ լրագրող. «Հետք»

Նոյեմբեր 13,2020 17:33

«Հետքի» հարցերին պատասխանում է ֆրանսաբնակ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանը

Երկու օր առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները, եւ որ պետք է որոշվի Ղարաբաղի հետագա կարգավիճակը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է ստիպել Բաքվին վերադառնալ բանակցային սեղանին։

-Ֆրանսիայի ճնշման միջոցները շատ սահմանափակ են, չնայած ռազմատնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ բավական սերտ են։ Ֆրանսիան որեւէ միջոց չունի Բաքու-Երեւան բանակցային սեղանին վերադառնալու պարտադրանքի համար։

Այս ողջ պատերազմի ընթացում Ֆրանսիան անհասկանալի չեզոքություն պահեց։ Որպես Հայաստանի բարեկամ՝ չուզեց մատնանշել Ադրբեջանի եւ Թուրքիայի դերակատարումը, բայց քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դուրս մղվեցին այս համաձայնագրից, որոշեցին նորից կեցվածքը պահել։ Երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թուրքիային անվանեց ագրեսոր։ Սա աննախադեպ բան էր, որովհետեւ առաջին անգամ էր, որ Ֆրանսիան մատնանշում է Թուրքիայի դերակատարումն այս պատերազմում։

Ֆրանսիան սկսեց հասկանալ, որ Մինսկի խումբը մահացավ, բայց քանի որ քաղաքական կամք չունի, պիտի ձեւացնի, թե դեռ Մինսկի խմբի նման մի նախաձեռնություն կա։ Սա փոքր-ինչ ռոմանտիկ բան է։ Ֆրանսիան պնդում է, որ Հայաստանի բարեկամն եւ պետք է հաշվի առնի Հայաստանին։ Միեւնույն ժամանակ գիտակից է, որ այդ բարեկամությունը գործիք չի կարող լինել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Հետեւաբար, Ֆրանսիայի դերակատարումը սահմանափակվելու է մարդասիրական ասպարեզով, եւ այլ սպասելիքներ չկան Ֆրանսիայից, բայցեւայնպես, դեռ չվավերացված ծրագրեր կան։ Խոսում են, որ Էմանուել Մակրոնը մտադրություն ունի ժամանել Երեւան՝ նեցուկ կանգնելու Նիկոլ Փաշինյանին։ Նաեւ պետք է անդրադառնալ, որ ֆրանսիական մտավորականությունը եւ քաղաքացիական համայնքը քիչ թե շատ նեցուկ են կանգնում հայերին։ Եվ սա իր որոշակի կարեւորությունն ունի։ Կարծում եմ, որ Ֆրանսիան միջոց եւ հնարավորություն չունի ստիպելու Բաքվին վերադառնալ բանակցային սեղանին, որովհետեւ Ֆրանսիան կորցրեց իր քարտերն այս շրջանում եւ այս խաղի մեջ։

Մեկ այլ հարցի կուզեի անդրադառնալ, թե ինչ դասեր կարող ենք քաղել ֆրանսահայ համայնքի ջանքերից։ Այս 43 օրերին ականատես եղանք տեսանելի զարթոնքի՝ ինքնության զարթոնքի։ Բազմաթիվ մարդիկ՝ ծագումով հայեր, իրենց արմատներից կտրված լինելով, վերագտան աշխուժություն, հպարտություն եւ հավաքական ջանք՝ ի նպաստ Արցախի պաշտպանության։ Նոր սերունդը նոր ավյուն է բերել։ Եվ այս իմաստով բոլորն աշխատեցին մի ուղղությամբ։ Նույնիսկ մարդիկ, ովքեր հայերեն չգիտեն եւ հեռու են Հայաստանից, մեծ ներդրում ունեցան։ Մի օրինակ նշեմ․ լուսահոգի նախկին նախարար եւ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի թոռը՝ Գաբրիելը, որ քաղաքագիտության ուսանող է, համալսարանում (նշանավոր քաղաքագիտական համալսարան է) իր ընկերների հետ հիմնեց հայկական միություն եւ սկսել է ակտիվորեն աշխատել մեր պայքարում։ Իսկապես, հուզված եմ այս իմաստով։ Նա, կարծես, իր մեծ հոր հետքերով է գնում։ Այստեղ կան նաեւ այլ հուսադրող օրինակներ, մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում Հայկական հարցով եւ Արցախով, սկսեցին արթնանալ։ Հիմա մեզ մնում է այս ամբողջ ջանքերը, այս պայքարը, այս սքանչելի շարժումը, որին ականատես եղանք սոցիալական ցանցերում, լրատվական, իրավական, ռազմական եւ այլ դաշտերում, պարապ չլինի։

Սփյուռքը պետք է վերանայի իր կապը Հայաստանի հետ, եւ սփյուռքահայ տաղանդները պետք է տեղ գտնեն Հայաստանում, որպեսզի հզորանա հայրենիքը։ Մենք կարիք ունենք հասուն մտքերի, նոր մոտեցումների, քանի որ այստեղ նոր իրականություն է, որ բոլորովին դեռ չենք ըմբռնում։ Դրա համար ավելի քան երբեք Հայաստանը կարիք ունի հավաքելու այդ սփյուռքահայ տաղանդը՝ գոյատեւելու եւ զարգանալու 21-րդ դարում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30