«Արցախի հանրապետության նախագահի տվյալ հայտարարության հետ կապված Ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել են համապատասխան գործընթացներ: Այս պահին չեմ կարող բացահայտել, թե կոնկրետ ի՞նչ գործընթացի մասին է խոսքը»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Օրերս իր ելույթներից մեկում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԱԾ-ից Արցախ գնացած հատուկջոկատայինները հրաժարվել էին գնալ առաջնագիծ. «Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանի հանրապետությունից եկած ԱԱԾ-ի ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումների եւ նաեւ Արցախից, հրաժարվել էին գալ «Եղնիկներ»։ Աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջեւից ե՛ս եմ գնալու։ Ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են հանրապետության նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե, այսօր դրա մասին ստիպված եմ խոսում։ Հարցրեք ՀՀ-ի ԱԱԾ-ի ամենաէլիտար ստորաբաժանման անդամին՝ ինչո՞ւ է մերժել խնդրանքս, պաղատել եմ, աղաչել եմ՝ գնանք առաջնագիծ, որովհետեւ զորքի մի մեծ մասը գտնվում է ամենաառաջնագծում, իսկ թիկունքը բաց է։ Հարցրեք նրան, թե ինչ պատասխան տվեց։ Ինձ քիչ զորք միացավ, կարողացանք կատարել մեր խնդիրը ու դրա շնորհիվ «Եղնիկները» ամբողջությամբ մեր վերահսկողության տակ են։ Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել, ասել՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ մարդկային ռեսուրսներ կարիք ունենք»։
ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է ԱՀ նախագահի հայտարարությանը: Եթե այո՝ ապա ի՞նչ հետեւանք է ունեցել այդ դեպքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ