Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանը նշել է՝ 2021 թ. նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ

Նոյեմբեր 13,2020 17:12

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ նոյեմբերի 13-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմական գործողություններով 2021 թվականին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ: Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: Նախարարի հավաստմամբ` 2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ: Ըստ նախարարի՝ ծախսերի հնարավոր ավելացման հետեւանքով պակասուրդը կկազմի շուրջ 342մլրդ դրամ:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, կարեւորելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունումը, գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել: Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը, որով առաջարկվում է մասնահանումների վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պայմանով, որ ՀՀ-ն կրելու է այդ երկարաձգման հետեւանքով ՎՎԲ-ի կրած վերաֆինանսավորման ծախսերը: Վճարի մի մասի մարման պարտականությունը կրելու է փոխառուն: Այդ մասը կազմում է 740,000.00 (յոթ հարյուր քառասուն հազար) եվրո, եթե փոխառուի եւ ՎՎԲ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել համաձայնագրին:

Հիմնական զեկուցողների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է օրակարգային երկու հարցի քննարկումն ու քվեարկությունը:

Արկադի Խաչատրյանը տեղեկացրել է, որ լրամշակման նպատակով շրջանառությունից հանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագիծը:

Պատգամավորները նաեւ կողմ են քվեարկել Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի եւ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանի ու ԱԺ աշխատակազմի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերը հինգ տարի ժամկետով երկարաձգելու եւ դրա մասին Ազգային ժողովի նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ հարցին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30