ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ երեկ հնչել է նաև Գյումրիում․ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել՝ սկզբում իրենց պահանջը ներկայացնելով Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, այնուհետ երթ են արել պատգամավորների տների մոտ, եղել նաև «Ցայգ» հեռուստաընկերության դիմաց։ Նրանք պատգամավորներին հորդորել են զերծ մնալ իրենց բառերով ասած՝ «դավաճանությունից»։
Նրանց այցից հետո Ազգային Ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նախազգուշացնելով․ «Ուղղակի բախտներդ բերել է, որ տանը չեմ եղել, ոչինչ, մեր թուլությունը ուղղելու ենք։
Եթե մեկ էլ փորձեք իմ տան դիմաց երևաք, իմ ընտանիքին ինչ- որ ուլտիմատումներ ներկայացնեք, առիթից օգտվելով, որ տանը չեմ եղել, իմացեք՝ վզներդ իմ ձեռքով եմ կտրելու, այ …
Թավիշ չի՜ լինելու»։
Կարդացեք նաև
Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե միջադեպ է տեղի ունեցե՞լ, ովքե՞ր են իր խոսքերով ասած «ուլտիմատում» ներկայացնողները և ի՞նչ «ուլտիմատում» են ներկայացրել։
«Սկզբում ակցիա են արել մարզպետարանի դիմաց: Հետո եկել են մեր տան դիմաց: Հայտարարել են, որ գնում ենք պատգամավորի տան վրա։ 10 ավտոմեքենաներով շարվել են, դարբասի դուռն են փակել՝ բացականչելով տղա ջան, դուրս արի, էս տիպի արտահայտություններ հնչեցնելով: Ակցիա են արել, բայց քաշքշուկ չի եղել, հեռացել են։
Նրանք ՀՀԿ-ականներն են, ԲՀԿ-ականներն են, թափթփուկներ են, իմ բնութագրմամբ, որովհետև ցանկացած նման դեպքում, երբ տանը երկու երեխա կա, գնալ և անհանգստացնել, մանավանդ հաստատ գիտեն՝ ես տանը չեմ, չգիտեմ ինչ բառով բնութագրեմ։ Համենայնդեպս, բախտները բերել է, որ տանը չեմ եղել, վզները կպոկեի, ով ուզում էր լիներ՝ անկախ իմ կարգավիճակից»,-ասաց պատգամավորը։
Մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք նաև ցույցի կազմակերպչի՝ Կարապետ Պողոսյանի հետ, որը, սակայն, պնդում է՝ ոչ մի ավելորդություն իրենց թույլ չեն տվել, անգամ շատ հետաքրքիր զրույց-քննարկում են ունեցել պատգամավորի հորեղբոր հետ, ավելին, ըստ նրա, կան տեսանյութեր, իրենք իրադարձությունների վայրից ուղիղ եթեր են մտել։
Կարապետ Պողոսյանի պարզաբանումները՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ