Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ խոսնակ. «ԼՂ խաղաղապահներ ուղարկելը, մեծ հաշվով, աննախադեպ որոշում էր»

Նոյեմբեր 13,2020 15:35

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցների հետ հեռավար ճեպազրույցի ժամանակ խոսեց եկող շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրատապ միջազգային օրակարգի մասին: Նա նշեց, որ պլանավորված է հանդիպում Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության նախագահի հետ, որի ընթացքում կողմերը նախատեսում են գնահատել իրավիճակը մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Հարցուպատասխանի ժամանակ Կիպրոսի պետական հեռուստառադիո ընկերության ներկայացուցիչը հարցրեց. «Ձեր համար, հավանաբար, գաղտնիք չէ, որ Ռուսաստանին ուղղված քննադատությունն ավելանում է այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում: Հունաստանում եւ այլ երկրներում բազմաթիվ հոդվածներում կարդում ենք, այնպիսի հետեւություններ, թե Ռուսաստանը քցեց հայերին եւ Հայաստանին: Հավանական է՝ պլանը Փաշինյանին պատժելն էր: Իսկ տուժեց հայ ժողովուրդը: Ցանկալի է լսել ձեր մեկնաբանությունը: Եվ մի լրացուցիչ հարց եւս Մերձավոր Արեւելքից զինյալների մասին: Մենք այդ հարցը քննարկել ենք մի քանի անգամ: Ռուսաստանը բազմաթիվ ներկայացուցիչներով հաստատել է, որ դա փաստ է, որ նրանք եղել են, բերվել են տարածաշրջան: Սակայն ոչ մի անգամ Ռուսաստանի ոչ մի ներկայացուցիչ մեզ չի ասել, թե ովքեր են նրանց բերել Ղարաբաղի տարածք եւ երբ: Քանի որ Ռուսաստանն արդեն իր խաղաղապահներով պետք է ներկայություն ունենա տարածաշրջանում, ինչպիսի՞ն է իրադրությունը, ո՞ւր են այդ զինյալները, ջիհադականները, ո՞ւր են դրանք անհետացել: Ռուսաստանն ի՞նչ է պլանավորում անել դրանց հետ: Որեւէ մեկը դրանց կպատժի՞, կպատժի՞ նրանց, ովքեր դրանց բերել են տարածաշրջան, Ռուսաստանի բանակը նրանց դեմ կպատերազմի՞, թե ոչ»:

Մարիա Զախարովան պատասխանեց. «Եկեք սկսենք երկրորդ հարցից: Զինյալները, որ բերվել էին, չեն անհետացել, չեն գոլորշիացել: Դա կոնկրետ ինֆորմացիա էր՝ հիմնված եղած փաստերի վրա: Դրանք հաստատվել են ոչ միայն Ռուսաստանի կողմից: Մենք ելնում ենք նրանից, որ այդ հարցը կլուծվի եւ դրա լուծման համար պետք է ջանքեր գործադրեն այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելով շահագրգռված բոլոր կողմերը: Մեր կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետները:

Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, թե Հունաստանի եւ այլ երկրների զանգվածային լրատվամիջոցներում ասում են, իբրեւ Ռուսաստանը քցել է Հայաստանին եւ հայ ժողովրդին, կարող եմ ասել հետեւյալը: Այս ընթացքում ես ոչ միայն արտասահմանի, այլ մեր լրատվամիջոցներում կարդացել եմ այնպիսի քանակությամբ տարբերակներ թե ով է հաղթել, ով է այս իրավիճակը հրահրել, ով է պարտվել, ով է տուժող կողմը: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հրատարակության տարբերակ սկզբունքորեն հակասում է նախորդի տարբերակին: Սա խոսում է, չգիտեմ, փորձագիտական գնահատականի թուլության մասին: Վստահ չեմ, պատրաստ չեմ դրա մասին խոսել: Հնարավոր է՝ ես իմ մեջ եմ այսպես պատասխանում, չեն հասկանում տեղի ունեցող գործընթացների ամբողջ խորությունը, որ ընթացել են այնտեղ առաջ, այն իրավիճակը, որ ստեղծվել է հիմա եւ այն երկարաժամկետ հեռանկարներն ու նպատակները, որոնք նշվել են երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունում:

Իսկ հիմա ուզում եմ հստակ պատասխանել այն արտահայտությանը, թե Ռուսաստանը իբրեւ քցել է Հայաստանին եւ հայերին: Ռուսաստանը ոչ թե քցել է Հայաստանին եւ հայերին: Ռուսաստանը գցել է բոլոր ուժերը՝ այդ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Սկզբում՝ քաղաքական՝ դրա համար օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը: Իսկ հետո՝ այնտեղ ուղարկելով իր խաղաղապահներին: Եվ նրանք, ովքեր հոդվածներ, նյութեր են գրում, ելույթ են ունենում հեռուստահաղորդումներում, պետք է հիշեն, որ այսօրվա դրությամբ այդ տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղությունը եւ ապագան, առաջնային է: Այստեղ խոսքը վերաբերվում է բոլորին՝ փախստականներին, տարածքում գտնվողներին, ներսում տեղափոխվածներին: Այսօր նրանց կյանքը, ապագան, բարգավաճումը, կայունությունը երաշխավորվում, ապահովվում է մեր՝ Ռուսաստանի, խաղաղապահներով: Սա ասում է, թե Ռուսաստանի ղեկավարությունը որքան անկեղծորեն է շահագրգռված այդ տարածաշրջանի իրական կայունությամբ: Դրանք ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, որոնք անշուշտ կարեւոր են եւ մենք շատ էինք տեսնում ու լսում, այլեւ այնտեղ խաղաղապահներ ուղարկելու որոշում էր: Սա մեծ հաշվով աննախադեպ որոշում էր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30