«Արցախից Հայաստան եկած մարդկանց խնդիրները շատ են՝ սկսած կեցությունից, սննդից, տաք հագուստից»,-այսօր այս մասին ասաց Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար, Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը: «Արմենպրեսի» մամուլի սրահում պարոն Վիրաբյանը ներկայացրեց՝ ինչպես է լուծվում Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության հարցը: Ըստ պարոն Վիրաբյանի, այդ հարցով զբաղվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
«Ահազանգերը տեղ ենք հասցնում, լինում է ժամանակ, որ միասնական լուծում ենք տալիս»,- ասաց Միքայել Վիրաբյանը՝ արցախցիներին հորդորելով ընդունել առաջարկները եւ պարտադիր չդարձնել հանգամանքը, որ միայն Երեւանում պետք է կացարան ունենան, իսկ այդ հնարավորությունը թողնել այն քաղաքացիներին, որոնք անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեն:
«Հյուրանոցների մասով կոմունալ վճարները պետությունը կվերցնի իր վրա, իսկ հյուրընկալված կամ հյուրընկալվող ԱՀ քաղաքացիների մասով, կարծում եմ, շուտով կլինի ՀՀ-ի որոշումը, որը կհրապարակվի եւ ազգաբնակչությունը տեղյակ կլինի՝ ոնց են իրագործում»,- ասաց պարոն Վիրաբյանը:
Նրա խոսքով, անօթեւան կամ փողոցում հայտնված քաղաքացիներ չկան, կացարանները թե՛ հյուրանոցներն են, թե՛ պետական հաստատությունները:
Կարդացեք նաև
Միքայել Վիրաբյանի խոսքով, օպերատիվ շտաբը գործում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ից: Նա նշեց, որ օպերատիվ շտաբի կազմում կա նախարար, ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ ԱՀ նախագահի երկու խորհրդական. «Օպերատիվ շտաբի հիմնական խնդիրը ՀՀ ժամանակավորապես տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է եւ ՀՀ կառույցների հետ սերտ համագործակցությամբ համապատասխան ծրագրերի մշակումն ու այդ ծրագրերի իրականացնումը»:
Նա ասաց, որ այս ընթացքում մի շարք խնդիրներ են կարգավորել՝ սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական ծառայությունների մատուցման ոլորտներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ