Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2016-ի ապրիլը մեզ համար պետք է ազդակ լիներ, վերջին նախազգուշացում, որ Ղարաբաղի շուրջ 94-ից եղած գեոպոլիտիկ ստատուս-քվոն ավարտվել է. Հրանտ Տեր-Աբրահամյան

Նոյեմբեր 13,2020 14:06

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառումը

Վերջին կայազորը 2

Պարտության չափ սարսափելին այն է, որ կարող է այնպես ստացվել, որ հիմա էլ մենք ոչինչ չհասկանանք, թե ի՛նչ տեղի ունեցավ մեզ հետ: Դրա վտանգը շատ մեծ է, քանի որ որպես հասարակություն չունենք «հասկանալու» ո՛չ ինստիտուտներ, ո՛չ էլ ավանդույթներ: Իսկ պարտությունն էլ իր հերթին անջատում է մարդու բանականությունը:

Օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի հանրության գոնե մի մասն իր մեջ ուժ գտնի հասկացող դառնալու համար: Այդ միջուկը հետագայում պետք է կարողանա փրկել Հայաստանը: Այդ միջուկը պետք է լինեն մարդիկ, որոնք մինչև վերջ հավատացել են իրենց երկրին, ժողովրդին:

Հիմա փորձենք հասկանալ գոնե կարճ՝ քառամյա շղթան իրադարձությունների:

2016-ի ապրիլը մեզ համար պետք է ազդակ լիներ, վերջին նախազգուշացում, որ Ղարաբաղի շուրջ 94-ից եղած գեոպոլիտիկ ստատուս-քվոն ավարտվել է: Եվ հարցը մենակ Ադրբեջանի ռևանշի ձգտումը չէր՝ դա քիչ էր:

Այն պահից, երբ 2015-ին ռուսները մտան Սիրիա, և ձևավորվեց ռուս-թուրքական հարաբերությունների հերթական ցիկլը, Ղարաբաղի ստատուս քվոյի ժամկետն ավարտվեց:

Մենք չուզեցանք տեսնել կապը մեր ու Մերձավոր Արևելքի միջև, կարծես, մենք Նոր Զելանդիայում ենք ապրում:

Չուզեցանք նաև տեսնել, որ 90-ականների աշխարհակարգը ճգնաժամի մեջ է, որ «պատմության ավարտի» աշխարհն այլևս չկա, ու որ հետևաբար բոլոր ստատուս-քվոները փոխվում են:

2016-ի պատերազմի իմաստավորումը թաղեցինք մեզ համար սովորական ներքաղաքական «ռազբորկեքի» մեջ: Մինչդեռ ներքին քաղաքականությունն ավարտվել է Հայաստանում 2016-ի ապրիլի մեկից: Կա միայն արտաքինը, այդ թվում ներքինի տեսքով:

2018-ին ուրախացանք հեղափոխությանը: Լավ արեցինք, բայց չհասկացանք, որ դա հնարավոր եղավ միայն 2016-ի պատճառով: Որ արտաքին խոչընդոտում չեղավ միայն այն պատճառով, որ սպասում էին, որ նոր իշխանությունը պետք է համաձայնություն տա Ղարաբաղյան «կարգավորման» պլանին՝ ռուսական զորքի մուտքով Ղարաբաղ: Դե տարածքների հանձնում և այլն որպես սրա պարտադիր մաս:

Մենք չուզեցինք տեսնել, որ 2018-ի մայիսից մի բան ունեինք անելու: Կամ պատրաստվել պատերազմի, կամ պատրաստվել համաձայնագրի: Էլի մեր ուժերը վատնեցինք Աստված գիտի ինչի մասին խոսակցությունների վրա:

Պատերազմին պետք է պատրաստվեինք, ինչը միայն ռազմական պատրաստություն չի:

Երկրի ներսում հարցեր պետք է լուծվեին: Երկու տարբերակ կար:

Կամ ներքին համերաշխություն՝ նախկին ու ներկա խաղաղություն, գոնե մասնակի, որն ինձ պես մարդիկ ենթադրում էին 2018-ին, 19-ին, բայց մեղադրանքներ ստանում: Կամ եթե ոչ՝ գոնե էդ դեպքում տոտալ ճնշում ներքին ուժերի, որը նույնպես չարվեց: Երրորդ տարբերակը՝ կիսատն ամենավատն էր:

Պետք էր նաև հայ-թուրքական խնդիրների լուծման ռազմավարություն: Դա գուցե կանխեր պատերազմը, գուցե՝ ոչ: Գուցե ոչինչ էլ չստացվեր, բայց չփորձելն ամենավատ տարբերակն էր:

Պետք էր հայկական անվտանգության կառույցների ձևավորում, թեկուզ սաղմնային, ու հենց 18-ի մայիսից, բայց ոչ թե օրը մեջ ԱԱԾի պետ փոխել:

Պետք էր համաժողովրդական շարժման կառուցում՝ ամբողջ Հայաստանով մեկ հայ ժողովուրդը պետք է կազմակերպված լիներ:
Էլի շատ բան էր պետք, որի մեծ մասի մասին գոնե ակնարկվել է ժամանակին հրապարակային, և ոչ միայն:

Այսքանով հանդերձ կարող է էլի պատրաստ չլինեինք պատերազմի: Երկու տարին շատ քիչ է: Բայց ունեինք, ինչ ունեինք: Ու գոնե ավելի ուժեղ կլինեինք, և նույնիսկ, եթե հաշվարկվեր, որ հնարավոր չէ պատերազմել՝ գոնե ամեն ինչ գիտակցված կլիներ, ոչ թե մութ սենյակի մեջ մենք էլ չէինք հասկանա ինչ ենք անում:

2020-ի ապրիլից արդեն ակնհայտ ազդակներ սկսեցինք ստանալ՝ ռուսներից, Ադրբեջանից, ապա՝ Թուրքիայից: Նաև՝ երկրի ներսում իրավիճակի սրումից: Ոչ մի ազդակ համարժեք չթարգմանեցինք: Ամեն ինչի անունը դրեցինք «կոնսպիրոլոգիա»՝ լավ է էդ բառը սովորել ենք՝ հազար ամոթ ինձ, որ ժամանակին այդ բառն այդքան գովազդեցի ՀԺ-ի իմ հոդվածներում: Ինչ իմանայի հետո քաղաքական վերլուծության դեմ է ֆռռալ:

Լավ, անցանք այս բոլորը՝ ավելի մանրամասն հետո կգրվի:

Հիմա:
Չի ավարտվել այս ամենը:

Ռուս-թուրքական հարաբերությունների նոր ցիկլը ուժի մեջ է:
Մերձավորարևելյան ճգնաժամը կա ու չի վերանալու:

Կարևորը՝ աշխարհը, որում կայացել է անկախ Հայաստանն ու Ղարաբաղյան ստատուս քվոն էլ չկա: Ու ավելի ու ավելի չի լինելու:
Պատմության ավարտի լիբերալ ուտոպիան ավարտվեց:

Եվրոպական ճանապարհը փլուզվում է:

Էլ չկան էն մեծ համաշխարհային պայմանները, որում հնարավոր էր Հայաստանի համեմատաբար կայուն գոյատևումը վերջին 30 տարվա մեջ: Վերջ:

Բոլոր հին կոնցեպցիաները, գաղափարները, պատկերացումները, էլ չեն աշխատելու: Ոչ թե որովհետև Հրանտը վատն է ու չուզող, այլ որովհետև էդպես է համաշխարհային պատմությունը՝ չի հարցնում ոչ մեկսի, երբ իր հերթական ցիկլը ավարտի:

Հանգիստ կյանք չի լինելու այլևս:
Առայժմ այսքանը գոնե փորձենք հասկանալ, որքան էլ բարդ է՝ հին աշխարհը չկա, նախկինն այլևս հետ չի գալու:
Հասկանալուց հետո, պետք փորձենք գտնել մեզ նոր աշխարհում:

Հարցը, կրկնեմ՝ կլինի՞ Հայաստանը հայկական մոտակա տասնամյակներում, թե՞ ոչ: Եթե ուզում ենք լինի, պիտի պատրաստ լինենք ամենաբարդ խնդիրները ձևակերպենք: Ու դա չի լինելու սովորական՝ «տնտեսական զարգացում», «բարեփոխում», «լավ կրթություն», «վեթինգ»: Լինելու է՝ դեմոգրաֆիա, ռազմական դոքտրին, հայկական անվտանգության կառույց, և շատ այլ նման բաներ:

Բայց կրկնեմ՝ եթե չհասկանանք ինչ եղավ, չսերտենք, անգիր չանենք գոնե 2016-ից սկսած շղթան, բան չի ստացվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30