Aravot.am-ը քիչ առաջ զրուցեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ: Խնդրեցինք տեղեկություններ ներկայացնել այս գիշեր՝ «Իմ քայլ»-ից դուրս գալու հայտարարությունից ժամեր հետո, իր՝ Պտղնիում գտնվող առանձնատան վրա հարձակման մասին մամուլում տարածված լուրերի վերաբերյալ:
-Պարո′ն Աթաբեկյան, կմանրամասնեք՝ ի՞նչ հարձակում է տեղի ունեցել, ովքե՞ր են եղել:
-Հարձակում տեղի չի ունեցել: Մեքենաներով մոտեցել են իմ տանը, ազդանշանը միացել է: Տեսախցիկներով նայել ենք, տեսել մեքենաներ: Մի տասը հոգի երիտասարդներ, դարպասի դիմաց հավաքված, ուզեցել են նայել ներս՝ 5-10 րոպե: Ոստիկանություն եմ կանչել: Ներսում մարդ է եղել, ես տանը չեմ եղել, ասել եմ՝ դուրս չգաք: Ոստիկանությունը եկել է, ներսից դուրս են եկել, պարզվել է, որ Հակոբ Սիմիդյանն ու Սարգսյան Հայկն են նաև եղել մեջները: Տուն են ուզել գնալ, իմ եղբայրը նրանց ճանաչում է, ասել է՝ Վարդանը չէ, ասել են՝օքեյ: Եղբայրս ասել է, եթե պետք է զանգեք, իրեն տեսեք, հիմա ինքը տանը չէ:
-Ի՞նչ վիճաբանության մասին է խոսքը. այդպիսի տեղեկություններ տարածվեցին:
Կարդացեք նաև
-Ռազբորկա չի եղել: Միջադեպ տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել այն, որ գիշերը ժամը 01:00-ին հինգ մեքենայով մոտեցել են: Առաջին հայացքից կասկածելի են թվացել, հետո չեմ իմանում՝ ինչի են մոտեցել: Իսկ մինչև հիմա դեռ պարզ չէ, թե ինչու են ուզել ինձ տեսնել, հույս ունեմ կպարզվի օրվա մեջ:
-Գուցե Ձեր հայտարարությո՞ւնն է պատճառը, գուցե իրենց մոտ ինչ-ինչ հարցե՞ր են առաջացրել:
-Գուցե, բայց իմ համարը գիտեն, երևի կզանգահարեն, կասեն՝ ինչու են այդ ժամին այդքան մեքենայով մոտեցել իմ տան մոտ: Դժվար չէր ինձ զանգահարել, պայմանավորվել՝ հատկապես, որ Սիմիդյանը շատ լավ գիտի՝ ես որտեղ եմ լինում, ինչ եմ անում: Եթե այդպիսի տարօրինակ այց են արել, երևի կբացատրեն՝ ինչի համար էին եկել:
-Մինչև այս՝ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են եղել Հակոբ Սիմիդյանի և Հայկ Սարգսյանի հետ, անհամաձայնություններ ունեցե՞լ եք:
-Մոտավորապես մի քանի ամիս է՝ ես իրենց հետ գրեթե կապ չունեմ: Մտերիմ շփում չունենք, այդքան բան կարող եմ ասել:
-Հիմա պատրա՞ստ եք իրենց հետ խոսել:
-Այո, ո՞նց պատրաստ չեմ: Ինձ հետաքրքիր է՝ իրենք ինչու են եկել, ի՞նչ էին ուզում այդ ժամին այդքան մեքենայով:
-Դիմե՞լ եք իրավապահ մարմիններին:
-Երեկ ոստիկանություն եմ զանգել՝ չիմանալով ովքեր են մոտեցել, որովհետև տեսախցիկները լավ ցույց չեն տալիս: Ինձ համար տարօրինակ է եղել այդ ժամին այդքան մեքենա, մարդ իմ դարպասների դիմաց: Հետո, որ եղբայրս բացել՝ ճանաչել է, երևի որ տանը չեմ եղել, իրենք չեն պարզաբանել, թե ինչի համար են եկել: Ասել են՝ օքեյ, գնացել են: Մինչև հիմա չեն զանգել:
-Դուք Ձեր այն մոտեցումները, որոնց համար այդ հայտարարությունն արեցիք շարունակո՞ւմ եք պնդել: Ձեր կարծիքը նո՞ւյնն է մնում Արցախի հարցով որոշման հետ կապված:
-Արցախի հարցով իմ պահով պետք է նրբանկատ մոտենանք, քանի որ նախ ինձ համար անհասկանալի է՝ ինչու ես մինչև դա տեղյակ չեմ եղել: Հետո ինչքան էլ բացատրելի փաստարկներ բերվեն, որ ստեղծված իրավիճակում սա էր լուծումը՝ Արցախի հողի հանդեպ իմ զգացողությունը մի քիչ ուրիշ է: Ես այնտեղից եմ, իմ հայրը զոհվել է Արցախում, ինձ համար մի քիչ դժվար է դա ընդունելը: Այնպես որ՝ ես չեմ կարող այդ պատասխանատվությունը կիսել: Ինձ թվում է՝ ցանկացած մարդ, որը դա իմանա, կհասկանա, որ այս մարդուն ինչքան էլ բացատրեք, իր համար դժվար է դա ընդունելը: Դա քաղաքական որևէ բան չի էլի, ինչքան էլ դու դա ընկալես, ընդունելն է դժվար քեզ համար: Զուտ բարոյական մասով չես կարողանում ընդունել, դրա համար լավ կլինի, որ այս խնդիրը թե քաղաքական թիմն ըմբռնումով մոտենա ու, ինձ թվում է` ցանկացած իմացող մարդ ըմբռնումով կմոտենա:
-Ճի՞շտ պահանջ եք համարում այս օրերին իշխող թիմի՝ իր ղեկավարի հետ միասին հեռացումը:
-Եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ եմ համարում, բայց այս պահին դեռ լիարժեք ժողովրդի պահանջ ես չեմ տեսնում:
-Հազարավոր մարդիկ, որ հանրահավաք են գնում, ժողովո՞ւրդ չեն:
-Այդ հարցն այնպիսի հարց է, որ ինձ թվում է մի քիչ ժողովուրդը շոկի մեջ է՝ գնալով պատկերը փոփոխվում է, հակասական կարծիքներ կան: Պրոցեսը կզարգանա: Կարևորն այնպես չարվի, որ ներքաղաքական բախումներ լինեն ժողովրդի մեջ: Կարծիքները տարբեր են: Ինձ թվում է՝ գնալով այս ջուրը կզուլալվի, ավելի հստակ կարծիքներ կհնչեն, տեսանելի կլինի: Ես մի բանում վստահ եմ, որ եթե վարչապետը վստահ լինի, որ դա ժողովրդի իրական կարծիքն է, ինքն այդ կարծիքին ընդառաջ կգնա: Այդ մի բանում վստահ եմ՝ անկախ իմ անհամաձայնությանը քաղաքական թիմի հետ:
-Այս օրերին փորձե՞լ եք Ձեր նախկին քաղաքական թիմի անդամների հետ խոսել, քննարկել Արցախի հարցով որոշումը, Ձեր՝ խմբակցությունից դուրս գալու որոշման մասին նրանց տեղեկացրե՞լ եք:
-Չէ, այդ հարցը նուրբ հարց է: Եթե մի բան եղել, պրծել է, դրա համար ես իմ տեքստում գրել եմ, որ անկախ ամեն ինչից, որ չեմ համաձայնում դրա հետ, դա հետևանքներ ունի՝ արցախահայության խնդիրն է իրենց տեղավորմամբ: Գոնե հետևանքներին պարտավոր ես պատասխանատվություն ստանձնել, հետևանքը փորձել քո մասում լուծումներ գտնել: Հողերը կորցրել ենք, մարդիկ տարհանվել են, այդ մասով ես ինքս ինձ վրա պատասխանատվություն եմ ստանձնել անկախ ամեն ինչից՝ դա ինչից է առաջացել:
-Մտահոգություն ունե՞ք այս պահին Ձեր անվտանգության հետ կապված:
-Կարծում եմ չէ, եթե լինի, դժվար չէ ոստիկանություն զանգելը, քանի որ երեկ արագ արձագանքել են: Հույս ունեմ՝ հասկանալ ինչո՞ւ էին եկել, միգուցե այդ ժամանակ ավելի պարզ կլինի, բայց չեմ կարծում եմ այդպես անմիտ չեն գտնվի, որ անվտանգության խնդիրներ առաջանան, քանի որ իմ հնչեցրած տեսակետը որևէ հարված քաղաքական թիմի, կարծում եմ, չի հասցնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ